Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 29-02-2024

Ներքին Հանդում ռուսների գտնվելու հիմք չկա, նրանց դուրս հրավիրելու կամք չկա 

Նիկոլ Փաշինյանի խոսքը ՀՀ-ում ռուս զինվորների ներկայության վերաբերյալ այնքան անորոշ ու խճճված է ձևակերպվում, որ կասկած է առաջանում, թե նա կաշկանդված է, չի կարողանում ռուսների մասին ճշմարտությունն ասել կամ ռուսական ծպտյալ գործակալ է և խուսափում է ռուսական շահերին հակասող բան ասել։ Մասնավորապես՝ փետրվարի 28-ին ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Աննա Մկրտչյանի հարցին, թե ի՞նչ մանդատով են օժտված Ներքին Հանդում կանգնած ռուս սահմանապահները և միջպետական ի՞նչ պայմանագրով են կարգավորվում նրանց գործառույթները, Նիկոլ Փաշինյանը միանգամից չպատասխանեց։ Հարցը մի քանի անգամ կրկնելուց հետո Փաշինյանն ասաց, որ Ներքին Հանդում ռուս սահմանապահների ներկայության մանդատ և պայմանագիր գոյություն չունեն։ Այսինքն՝ նրանց ներկայությունն ապօրինի է, որն ինքնին ոտնձգություն է ժողովրդի ազատության և արժանապատվության նկատմամբ։

Ադրբեջանի զորքերն անցյալ տարիներին զավթել են ՀՀ ինքնիշխան տարածքի մի շարք հատվածներ։ Ադրբեջանական զինվորների ներկայության մանդատ ու պայմանագիր գոյություն չունեն։ Նրանք ունեն մեկ կարգավիճակ՝ զավթիչներ։ Նրանց ներկայությունը ապօրինի է։ ՀՀ իշխանությունը պահանջում է, որ ադրբեջանական զորքերը դուրս բերվեն ՀՀ ինքնիշխան տարաքից։ Ասում են, թե կա պայմանավորվածություն, որ ՀՀ տարածքում ապօրինի կանգնած ադրբեջանական զինվորները մնալու են մինչև հայ-ադրբեջանական սահմանազատման գործընթացի ավարտը, որը կարող է տևել տարիներ։ Ռուս զինվորների դուրս հրավիրման ժամկետի մասին խոսակցություն չկա։ Բարձրաստիճան պաշտոնյաները տրտնջում են ռուս զինվորների ոչ բարեկամական, ոչ դաշնակցային, գրեթե՝ թշնամական քայլերից։ Բայց տնտունջը քաղաքական կամք ու որոշում չի դառնում, մնում անպատասխանատու կարծիքի մակարդակի։ Միթե՞ պարզ չի, որ Ներքին Հանդում ռուսների ապօրինի ներկայությունն ու ինքնագլուխ գործողությունները վիրավորական են ժողովրդի և պետության համար։ Հետևաբար՝ այս իրավիճակը պետք է կարգավորվի։

Կարգավորման տեսական երկու տարբերակ կա, որոնք պայմանականորեն անվանենք կապիտուլյացիոն և անկախական։ Կապիտուլյացիոն տարբերակով ստորագրվում է կապիտուլյացիոն պայմանագիր, ժողովրդի լեզվով ասած՝ ղազագիր, որով սահմանվում են Սյունիքում, Գեղարքունիքում և այլ մարզերում տեղակայված ռուս և ադրբեջանցի զինվորների գործառույթները, իրավունքներն ու պարտականությունները և ներկայության ժամկետը։ Այսպիսով՝ ՀՀ իշխանությունը կարող է օրինականացնել ռուս և ադրբեջանցի զինծառայողների իրավունքները ՀՀ-ում։ Հաշվի առնելով տարածաշրջանի նկատմամբ աշխարհաքաղաքական մեծ հետաքրքրությունը նման կապիտուլյացիոն կարգավորումը բացառվում է։

Անկախական տարբերակի դեպքում ՀՀ իշխանությունը կարող է դուրս հրավիրել ՀՀ տարածքում առանց օրինական հիմքի գտնվող և կասկածելի գործառույթներ իրականացնող ռուսական զորքերը։ Եթե Կրեմլը փորձի ապօրինաբար մնալ, ապա հարցը կարելի է դարձնել միջազգային կառույցներում քննարկման առարկա, ձեռք բերել բարձր մակարդակի պայմանավորվածություն միջազգային միջնորդների երաշխավորությամբ։ Այսպես են դուրս բերվել ռուսական զորքերը երբեմնի բախտակից բազմաթիվ երկրներից։ Այս տարբերակը կյանքի կոչելու համար անհրաժեշտ է քաղաքական կամք, որը ՔՊ-ական իշխանությունը չունի։ Կարգավորման անկախական տարբերակը չի իրականանա նաև այն պատճառով, որ Նիկոլ Փաշինյանը 2018-ին ռուս միջնորդներին, այդ թվում՝ այսօր վախճանված Նիկոլայ Ռիժկովին, խոստացել է, որ ռուսական շահերի դեմ չի գործելու։ Նույնը կրկնել է նաև հանրահավաքներում, հարցազրույցներում և այլուր։ Այնպես որ՝ Փաշինյանից անկախական տարբերակով կարգավորում չի սպասվում։

Միով բանիվ՝ ռուս զինվորները շարունակելու են ինքնագլուխ մնալ Ներքին Հանդում և սահմանի մյուս հատվածներում, հաշվետվություն չտալ ՀՀ իշխանությանը, ստեղծել անվտանգային ռիսկեր։ Իսկ ՔՊ-ական իշխանությունը տեսանելի ապագայում դժվար թե՝ հասկանա, որ քաղաքացիներին սիրելու մասին տեղի-անտեղի խոսելը պետության և քաղաքականության հետ կապ չունի։ Անհրաժեշտ է սկզբունքորեն պաշտպանել ժողովրդի ազատությունը և հայրենիքից դուրս հրավիրել ապօրինի գտնվող օտար զորքերը, որպեսզի աշխարհում ոչ ոք չկասկածի, որ ՀՀ իշխանությունը անկախությունը պաշտպանելու կամք ու գիտակցություն ունի և չի սպասարկում օտար-ռուսական շահեր։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur