Ներքին 2 տարի առաջ - 18:41 08-02-2024

Սմբատյանների տոհմի ներկայացուցիչը Պատմության թանգարանին նվիրեց իրենց տոհմական սուրը

Բագրատունիների արքայատոհմից սերող՝ Սմբատյանների տոհմի ներկայացուցիչ Մհեր-Դավիթ Սմբատյանը Հայաստանի պատմության թանգարանին նվիրեց իրենց տոհմական սուրը, որը ստացել է իր պապիկից՝ գեղանկարիչ Կարեն Սմբատյանից:

«Արմենպրես»-ի հաղորդմամբ՝ այն թանգարանին փոխանցվեց «Ինքնության մասունքներ կորուսյալ Գարդմանից, Շիրվանից և Նախիջևանից» խորագրով ցուցադրության փակման շրջանակում:

Ցուցադրությունում տեղ է գտել նաև Նախիջևանի Նորս գյուղի Սմբատյանների տոհմածառը, որի շնորհիվ էլ տոհմի ներկայացուցիչ Մհեր-Դավիթ Սմբատյանը կապ է հաստատել Պատմության թանգարանի հետ՝ նվիրաբերելով իրենց տոհմական սուրը:

«Այս տոհմածառը փաստում է այն մասին, որ մենք՝ Սմբատյաններս սերում ենք Բագրատունիների տոհմից: Իսկ մեր տոհմական սուրը պատկանել է հոգևորական Տեր-Ղևոնդին, ով գաղթի ժամանակ գավազանի մեջ պահելով սուրը, Նախիջևանից գաղթել է Նոր Նախիջևան: Թանգարանին նվիրաբերված սրի վրա նշված է մեր տոհմի ծագման սկիզբը՝ 1926 թվականը, Բագրատունիներից հետո»,- ասաց Սմբատյանը:

Նա շատ կարևորեց նման միջոցառումների անհրաժեշտությունը, քանի որ սա հնարավորություն է տալիս հիշելու հայ ժողովրդի կորսված տարածքները, պահպանելու այնտեղից մնացած մշակութային ժառանգությունը և այն փոխանցելու սերունդներին:
Շնորհավորելով բոլորին կարևոր ցուցադրության կայացման առթիվ՝ «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչ Միքայել Միքայելյանը ընդգծեց՝ ցուցահանդեսը Հայաստանի պատմության թանգարանի հետ առաջին միջոցառումն էր, որը կլինի շարունակական:

«Ցանկանում եմ նշել, որ մեզ համար կարևոր է ոչ միայն պայքարել Գարդմանի, Շիրվանի և Նախիջևանի բռնի տեղահանված մեր հայության իրավունքների համար, այլ նաև կարևոր է, որ մեր հայրենակիցները, հասարակությունը և միջազգային հանրությունը ծանոթանան, իմանան մեր մասին և, վստահ եմ, որ սա մեր առաջին, բայց ոչ վերջին միջոցառումն է, որ մենք համատեղ կիրականացնենք»,- ասաց «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության ներկայացուցիչը:

Ցուցադրության փակման արարողությանը Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը նշեց, որ շարունակելու են «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցել և ներկայացնել այն հարուստ մշակութային ժառանգությունը և հետքերը, որոնք պահպանվում են ինչպես Պատմության թանգարանում, այնպես էլ գործընկեր տարբեր ինստիտուտներում:

Ցուցադրությունը կազմակերպվել է «Գարդման-Շիրվան-Նախիջևան» համահայկական միության հետ համագործակցությամբ։

Ցուցադրությունում ներկայացված են Գարդմանի, Շիրվանի, Նախիջևանի հայկական մշակութային ժառանգությունը փաստող պատմական քարտեզներ, միջնադարյան կոթողներ, գորգեր, զարդեր, լուսանկարներ և մի շարք այլ արժեքավոր նմուշներ։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը