Ուղիղ եթեր
Միտք Ներքին 2 տարի առաջ - 09:00 30-01-2024

Արտաքին հետախուզության ծառայությունը սիմուլյակր է

ՔՊ-ական իշխանությունը շարունակում է վարել ռուսամետ կուրս, ինչպես խոստացել էին հեղափոխականները 2018-ին, բայց ձևացնում է, թե դաշնակից է փնտրում։ Եթե ՀՀ-ն ունենար արտաքին քաղաքական հայեցակարգ կամ տեսլական, քաղաքական կոնկրետ ուղեգիծ, ազգային իդեալ, հավակնություններ, ապա Արտաքին հետախուզության ծառայությունը կարող էր հասկանալ իր անելիքների մոտավոր շրջանակը։ Բայց քանի որ դրանք չկան, անելիքը պիտի հորինվի։ Հունվարի 29-ին Նիկոլ Փաշինյանը հանդիպել է Արտաքին հետախուզության ծառայության ղեկավարության և ծառայողների հետ։ Վարչապետը ծառայությանն առաջադրել է կոնկրետ խնդիրներ ու տվել հանձնարարականներ։ Սա ամենևին էլ ծիծաղելի չէ։

Հակառակը՝ ուրախալի է, որ ՀՀ-ն նույնպես ունի արտաքին հետախուզության ծառայություն։ Բայց ո՞րն է նրա առաքելությունը, արդյո՞ք ռեալ անելիք ունի։

Արտաքին հետախուզության ծառայության մասին օրենքում նշվում է, որ նրա գործունեությունն ուղղված է արտաքին սպառնալիքներից անձի, հասարակության և պետության պաշտպանությանը, ՀՀ կենսական շահերին առնչվող տեղեկատվություն ստանալուն և մշակելուն, ՀՀ արտաքին քաղաքականության, ռազմաքաղաքական, տնտեսական, գիտատեխնիկական, շրջակա միջավայրի պահպանության և կենսական այլ ոլորտներում պետական քաղաքականության իրականացմանն աջակցելուն։

Արտաքին սպառնալիքների առաջին տողում ՌԴ հակահայ իշխանությունն է, որի գործուն միջնորդությամբ չբարեկամները զավթել են Արցախն ու ՀՀ որոշ տարածքներ, ցինիկաբար մերժում են Արցախում կատարված էթնիկ զտումների փաստը, նվիրված պաշտպանում Ադրբեջանի բռնազավթումները, չեն ճանաչում ՀՀ ինքնիշխան իրավունքները։ Ռուսներն իրենց հակահայ նկրտումները չեն թաքցնում։ Այս առումով՝ արտաքին հետախուզության ծառայությունը, կարծես՝ անելիք չունի, քանի որ ամեն ինչ պարզ է։

Հաջորդ արտաքին սպառնալիքը Ադրբեջանի հակահայ իշխանությունն է, որը նույնպես աներկբա ներկայացնում է իր հավակնությունները, ագրեսիվ մտադրությունները։ Թուրքիայի ղեկավարները ևս անթաքույց խոսում են իրենց նկրտումների մասին, մասնավորապես՝ այսպես կոչված՝ «Զանգեզուրի միջանցքի»։ Այս առումով՝ ռուս-թուրք-ադրբեջանական եղբայրության կողմից նոր ագրեսիայի վտանգ կա Սյունիքի ուղղությամբ։ Վերլուծաբանները կանխատեսում են, որ այն կարող է տեղի ունենալ ապրիլ-մայիս ամիսներին։ Այս հավանական ագրեսիայի սպառնալիքի մասին հրապարակավ ահազանգել են նաև ԵՄ և ԱՄՆ բարձրաստիճան պաշտոնյաները։ Հետևաբար՝ այստեղ ևս գաղտնի տվյալներ ձեռք բերելու խնդիր չկա։

Նախկինում արտաքին հետախուզությունն իրականացնում էր ԱԱԾ-ն, հիմնական խնդիրն արտաքին շուկաների վերաբերյալ տվյալների հավաքագրումն ու մշակումն էր։ ԵԱՏՄ մտնելուց հետո թեման փակվեց, ծառայությունն այդ ուղղությամբ ոչինչ չէր անում։ Դրանից զատ՝ ԱԱԾ-ի արտաքին հետախուզությունն իներցիայով ռուսական պատվերներ էր կատարում, ԱԱԾ աշխատակիցները վերապատրաստվում էին ՌԴ-ում, ԿԳԲ-ի դպրոցում, իսկ թոշակի անցնելուց առաջ ՌԴ քաղաքացիություն ընդունում ու ռուբլով թոշակ ստանում մատուցած ծառայությունների դիմաց։ Հիմա ռուսների շահերը բացահայտ պաշտպանելը ռիսկային է, քանի որ ՀՀ-ն կընկնի պատժամիջոցների տակ։ Այսպիսով՝ եթե ՀՀ-ն քաղաքական կուրս չի փոխել, նոր հավակնություններ չունի, և նորաստեղծ ծառայությունը նույնպես ոչինչ չի անելու, ապա ո՞րն էր հետախուզության ծառայությունն ԱԱԾ-ից առանձնացնելու իմաստը։

Ենթադրելի է, որ Արտաքին հետախուզության ծառայություն չկա, առավել ևս՝ նրան տրված հանձնարարականներ։ Այն սիմուլյակր է։ Իբր՝ հեղափոխություն ենք անում, ԱԱԾ-ն մանր-մանր կազմաքանդում ենք։ Ասում են նաև, թե այս տարի ԱԱԾ-ից ևս մեկ ստորաբաժանում կանջատեն ու կհայտարարեն նոր ծառայության մասին։ Այդպես ամեն մանր կտորի համար Արևմուտքից ու Եվրոպայից քաղաքական ու ֆինանսական աջակցություն կստանան։ Այսպես ևս մի քանի տարի կձգեն ԱԱԾ-ն իրապես ազգային դարձնելու գործը, որը կարելի էր անել մի քանի ամսում։

Թաթուլ Մկրտչյան

Ամենից շատ դիտված

09:04 Թարմ տվյալներ` ապօրինի ծագման գույքերից. այստեղ ոչ միլիարդներ կան, ոչ էլ անգամ միլիոններ
21:35 Բիլ Գեյթսը նախազգուշացրել է ԱԲ-ի 3 գլխավոր սպառնալիքների մասին
13:03 Ռոբերտ Քոչարյանը, Գագիկ Ծառուկյանն ու Սերժ Սարգսյանն ամսի 1-ին պետք է հեռախոսը բացեն ու տեսնեն՝ թոշակը նստե՞լ է, թե՞ չէ
23:02 Մի օր անգիտակից վիճակում կմտնեն, իրենց տներում խուզարկություն կիրականացնեն․ Գեղամ Մանուկյան
20:30 Եվրոպան այլ ակնկալիքներ ունի. ԹՐԻՓՓ-ը կարող է լղոզվել ՏՐԱՍԵԿԱ-ի մեջ
22:08 Ղազախական խոշոր նավթավերամշակման գործարանները հրաժարվում են բենզին մատակարարել Ռուսաստան
10:07 Կյանքից հեռացել է ՀՀ ժողովրդական արտիստ Հրաչյա Գասպարյանը
20:19 Նեթանյահուն հայտարարել է Արևմտյան ափին 100 բնակավայրի և 160 ֆերմայի ստեղծման մասին
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
20:12 Հայոց եկեղեցու բարենորոգությունը չի կարող կատարվել արտաքին ճնշումներով. հայտարարություն