Ներքին 2 տարի առաջ - 09:35 18-01-2024

Հայ Առաքելական եկեղեցին նշում է Ս. Անտոն, Տրիփոն, Պարսամ և Ոնոփրիոս ճգնավորների հիշատակության օրը

Քրիստոնեության տարածումից որոշ ժամանակ անց սկսվել է ճգնավորական շարժումը: Ճգնավորներն այն մարդիկ էին, որոնք ամբողջապես նվիրվում էին Աստծուն, հեռանում անմարդաբնակ վայրեր և աղոթքներով ու ծոմապահությամբ, Աստծո շնորհով հաղթահարում մարդկային թուլությունները, հասնում հոգևոր կատարելության: Տարիներ հետո ճգնավորները նաև հրաշագործությամբ և աղոթքներով բժշկելու շնորհ էին ստանում:

Ս. Անտոն Ճգնավորը կամ Ս. Անտոն Անապատականը ճգնավորության և վանական կյանքի հայրն ու հիմնադիրն է: Երանելի այրը ծնվել է Եգիպտոսի Կոմա գյուղում 251 թվականին, ազնվական ծնողների ընտանիքում: Ծնողների մահից հետո Անտոնը ժառանգում է նրանց հարստությունը: Սակայն մի օր եկեղեցում լսում է ավետարանական այն պատգամը, որտեղ Հիսուս ասում է. «Եթե կամենում ես կատարյալ լինել, գնա վաճառիր քո ունեցվածքը ու տուր աղքատներին, և երկնքում գանձեր կունենաս»: (Մատթ. 19:21):

Առաջնորդվելով այս պատվիրանով, Ս. Անտոնը վաճառում է իր ողջ ունեցվածքը և ապրում աղոթքի, պահեցողության ու բարեգործության ոգով: Որոշ ժամանակ անց, նա հեռանում է իր հայրենի գյուղից և բնակություն հաստատում մոտակա քարայրում, որտեղ, ըստ վարքագիրների՝ հոգևոր պատերազմներ է մղում վայրի գազանների կերպարանքով իրեն մշտապես հայտնվող դևերի հետ: Համբերությամբ դիմակայելով բոլոր փորձություններին` սուրբը հեռանում է անմարդաբնակ մի անապատ և 20 տարի շարունակ ապրում մենության մեջ:

Լսելով նրա սրբակեցության մասին, շատերը թողնում են իրենց տներն ու հեռանում անապատ ճգնելու: Անսալով իր հոգևոր եղբայրների թախանձանքներին` սուրբը ելնում է իր ճգնարանից ու հավաքվածներին բացատրում վանական կանոնները, որոնք և հետագայում դառնում են վանական կյանքի ուղեցույց: Սուրբն իր մահկանացուն է կնքում 105 տարեկանում` արժանանալով երկնային անթառամ պսակին, իր աներեր հավատով ու հոգևոր մեծ զորությամբ դառնալով օրինակ բոլոր ժամանակների քրիստոնյաների համար:

Ճգնավորներ են եղել նաև Դեկոս կայսեր օրոք Նիկիա քաղաքում նահատակված Ս. Տրիփոնը, 5-րդ դարի կեսերին Սիրիայի անապատներում բնակվող Ս. Պարսամ ճգնավորը և եգիպտացի ճգնավոր Ս. Ոնոփրիոսը (4-րդ դար): Վերջինս որոշ ժամանակ վանքում մնալուց հետո հեռացել է անապատ, որտեղ ապրել է 60 տարի` առանց որևէ մեկին հանդիպելու: Ս. Ոնոփրիոսն այլ ճգնավորների պես աղոթքի ուժով բուժել է շատերին և փրկել տառապանքներից: Այդ պատճառով էլ հատկապես այս սրբին են աղոթքով դիմում երեխաներին բժշկելու և ծանր ծննդաբերության ժամանակ:

Հայ Առաքելական եկեղեցին առանձնահատուկ կարևորում է ճգնավորներներին և ունի նրանց հիշատակին նվիրված տոներ:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան