Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 10:00 28-12-2023

Երբ Հակարիի կամրջին էինք մոտենում, ասացի` որ էստեղից անցանք, մեզ էլ մեռնել չկա․ բռնի տեղահանված

«Կյանքիս ամենածանր, ամենաերջանիկ ու տխուր օրերն եմ տեսել Արցախում։ Առաջին պատերազմի ժամանակ շատ փոքր եմ եղել, պապիկս ու հորեղբայրներս առաջին պատերազմի ժամանակ են զոհվել։ Արցախն ապրում էր, ես չեմ վարանի և կասեմ,այո նույնիսկ բլոկադայի օրերին էր Արցախը ապրում», - Oragir.News-ի հետ զրույցում պատմում է Մարտունու շրջանի Թաղավարդ գյուղից բռնի տեղահանված Անժելա Ավանեսյանը։

Արցախյան 44-օրյա պատերազմից հետո գյուղի կեսն անցել է թշնամու վերահսկողության տակ, Անժելան ասում է`ադրբեջանցիները անընդհատ կրակում էին, մուղամ էին միացնում, կրակում էին դաշտում աշխատող գյուղացիների վրա։

Արցախցի 32-ամյա Անժելայենց տունն էլ 44-օրյայի ժամանակ անցավ թշնամու վերահսկողության տակ, գյուղից վերջինն են դուրս եկել։

«Ովքեր տուն էին կորցրել պիտի Կարմիր Շուկայում տուն կառուցեին, սպասում էինք։ Սկզբում մեր վերահսկողության տակ մնացած Թաղավարդում էինք մնում, հետո Ստեփանակերտուն տուն վարձեցինք, ճամպրուկային տրամադրությամբ ապրում էինք, որ հեսա մեզ տուն կտան կգնանք։Ով կմտածեր, որ մի օր մեզ մեր երկրից կվռնդեն։Այո, մեզ մեր երկրից վռնդեցին, մեզ ժամանակ տվեցին հավաքվել և դուրս գալ, կամ մնալ ու ինտեգրվել, որը մեռնելու հավասար մի բան է։ Սեպտեմբերի 19-ին դպրոցում էի, կրակոցների ձայն լսեցինք, մտածեցինք ռուսները վարժանքներ են անում։Հետո սաստկացավ կրակոցները, անդադար կրակում էին...երեխաներիս վերցրի ու ամենակարճ ճանապարհով տուն գնացինք։ Ռմբակոծության ձայները պարզ լսվում էին, բալիկներիս պինդ գրկեցի, ինձ թվում էր, որ մեզ վրա են կրակում։ Երեխաները վախենում էին, գոռում...մի սարսափ ֆիլմ։Սկսեցին պանիկա գցելը, որ շուտ փախեք, թուրքերը տներ են մտել, մարդկանց խոշտանգում են։ Աննկարագրելի են զգացողություննեըս, պատմում եմ ու նորից վերապրում այդ դժոխքը։ Ստեփանակերտի դպրոցի նկուղում էինք...մարդիկ գոռում էին, շտապում, կապ չկար, կանայք իրենց ամուսիններին էին փնտրում մի մասը ողջերի մեջ, իսկ մյուսներն էլ զոհերի։Մեկ օր հետո կռիվը կանգնեց, պաշտոնական ոչ մի տեղեկություն, բայց ժողովրդի մեջ սկսեց տարածվել խոսակցություն, որ կռիվը կանգնել է պայմանով, որ ՊԲ զորքը զենքերը պիտի շպրտի և հանձնվի։Ամուսինս շրջափակման մեջ է եղել, ռուսների օգնությամբ դուրս են եկել շրջափակումից։Սեպտեմբերի 22-ին պոստերից եկավ, ես իրեն էդպես ջախջախված չէի տեսել։ Մինչև հիմա ջղաձգվում է, որ պատերազմի մասին հարցեր եմ տալիս։Ինը ամիս սոված պահելուց հետո հարձակվեցին Արցախի վրա, նենգորեն տիրացան Արցախին։Ես չգիտեմ երևի գժվել եմ, բայց սա վերջը չէ...գուցե Նիկոլ Փաշինյանի և Արայիկ Հարությունյանի նմանների համար Արցախի հարցը փակված է, բայց ոչ արցախցիների համար»,-շարունակում է արցախցի կինը։

Անժելա Ավանեսյանը պատմության ուսուցչուհի է, ասում է` Հայաստանում դեռևս չի կարողանում աշխատանք գտնել, բայց հույսը չի կորցնում։ Ասում է` երբ Հակարիի կամրջին էինք մոտենում, ասացի` որ էստեղից անցանք, մեզ էլ մեռնել չկա։

Սեպտեմբերի 28-ին են հասել Հայաստան դժվար ու փորձություններով լի ճանապարհով։ Հիմա ընտանիքի համար կարեւորը աշխատանք գտնելն է։Ամուսինը թեև զինվորական է, բայց որոշել է էլ չի հագնելու զինվորականի համազգեստը, որովհետև ամեն ինչ արժեզրկվել է։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ