Ներքին 2 տարի առաջ - 19:50 21-12-2023

Գնահատման և թեստավորման կենտրոնն ամփոփել է 2023-ի գործունեությունը


ՀՀ ԿԳՄՍ նախարարի տեղակալ Արաքսիա Սվաջյանը մասնակցել է «Հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, ընդունելության քննությունների և ուսուցիչների կամավոր ատեստավորման հիմնահարցերը և զարգացման ուղիները» թեմայով ամենամյա խորհրդաժողովին, որն անցկացրել է Գնահատման և թեստավորման կենտրոնը:

Խորհրդաժողովին մասնակցել են հանրակրթական դպրոցների տնօրեններ, ոլորտի ներկայացուցիչներ:

Մինչ խորհրդաժողովի մեկնարկը, Գնահատման և թեստավորման կենտրոնի փոխտնօրեն Կարո Նասիբյանը հակիրճ ներկայացրել է ԳԹԿ գործունեությունը սկսած օգոստոս ամսից՝ թվային տվյալներով: Ըստ այդմ՝ սեպտեմբեր-հոկտեմբերին անցկացվել է ուսուցչի կամավոր ատեստավորումը, որին առաջին անգամ մասնակցել են հանրակրթական դպրոցի 1-12-րդ դասարանների բոլոր առարկաների ուսուցիչները: Հայտագրվել են 6321 ուսուցիչ, ատեստավորմանը մասնակցել է 4326-ը, այսինքն՝ հայտագրված ուսուցիչների 68,4 %-ը: Հոկտեմբեր-նոյեմբեր ամիսներին իրականացվել են ՀՀ բուհերի հեռակա ուսուցման ընդունելության քննությունների նախապատրաստական աշխատանքները:

Արաքսիա Սվաջյանը ողջունել է ներկաներին և նշել, որ ԳԹԿ-ն որոշիչ դեր ունի մի շարք գործընթացներում, և եթե նախկինում վերջինիս գործունեությունը առնչվում էր միայն սովորողների գիտելիքների ստուգմանը, ապա այժմ ներառում է նաև մանկավարժների մասնագիտական կարողությունների ստուգման գործընթացը:

ԿԳՄՍ նախարարի տեղակալը հակիրճ անդրադարձել է այն ուղղություններին, որոնց համակարգումը տրված է Գնահատման և թեստավորման կենտրոնին:

Փոխնախարարը կարևորել է 12-րդ դասարանցիներին 2 անգամ ավարտական քննություն տալու հնարավորությունը և հույս հայտնել, որ առաջիկա տարիներին ավելի մեծ թվով սովորողներ կմասնակցեն առաջին քննությանը՝ ապահովելով համաչափ բաշխումը: «Ընդունելության հեռակա քննությունների կազմակերպումը ևս ԳԹԿ-ի տիրույթում է, ինչը մեկ քայլ առաջ է նաև օբյեկտիվության և անաչառության տեսանկյունից»,- ասել է Ա. Սվաջյանը:

Փոխնախարարն անդրադարձել է Տավուշում հանրակրթության նոր չափորոշչի ներդրմամբ դասարաններին, որտեղ արդեն իսկ կրթական բոլոր մակարդակներում ավարտողներ կան. «Նոր մոտեցումներ ենք մշակել այդ դասարանների քննությունների կազմակերպման հարցում, որոնք փորձարկվում են: Հիմնականում բնագիտական առարկաների հատվածում ունենք մեծ փոփոխություն, որտեղ շատ ենք կարևորում գործնական կարողությունների, լաբորատոր փորձերի անցկացումը, ինչին ուղղված աշխատանքներ են իրականացվում, որպեզի դպրոցները հագեցվեն լաբորատորիաներով»: Այս համատեքստում Ա. Սվաջյանն ընդգծել է լաբորատոր սարքերը դասի ընթացքում կիրառելու կարևորությունը: Նոր մոտեցմամբ քննությունը նաև լինելու է այն գործիքը, որով ստուգվելու է, թե որքանով են այդ սարքավորումները կիրառվել գործնական դասերին:

Երկու ձևաչափ է փորձարկվում՝ թեստային աշխատանք, որի որոշակի մասը կլինի երեխաների գործնական կարողությունների և լաբորատոր փորձերի հմտությունների ստուգումը և նախագծային աշխատանք՝ ուղղված թե՛ հետազոտական, թե՛ միջառարկայական կապերի հաստատման կարողությունների զարգացմանը: Երեխաներն իրենք են ընտրելու թե ինչ ձևաչափով են մասնակցելու քննությանը:

«Ինչ վերաբերում է «Մաթեմատիկա», «Հայոց լեզու և գրականություն» և «Օտար լեզու» առարկաների քննությունների բնույթին, դրանք մնալու են թեստային ձևով, բայց կարծում ենք՝ դրանք պետք է լինեն ոչ միայն գիտելիք ստուգող, այլև տրամաբանություն, վերլուծական մտածողություն զարգացնող»,- ասել է Արաքսիա Սվաջյանը:

«Պատմություն» առարկայի վերաբերյալ կարևորվել է փաստական գիտելիքից զատ նաև իրադարձությունների վերլուծության, արդիականության վերհանման և այլ կարողությունների զարգացումը: ««Պատմության» քննությունն այլ ձևաչափով է անցկացվելու. պատմական որևէ իրադարձութան և տվյալ ժամանակաշրջանի որևէ գրականության վերաբերյալ պետք է գրել էսսե՝ համատեղելով իրադարձությունները: Դա կզարգացնի նաև աշակերտի գրավոր խոսքը, ստեղծագործականությունը»,- վստահություն է հայտնել ԿԳՄՍ նախարարի տեղակալը:

Մասնագիտական զարգացմանն ուղղված գործընթացի վերաբերյալ Ա. Սվաջյանն ընդգծել է, որ կան և՛ խնդիրներ, և՛ ձեռքբերումներ. «Մեր խնդիրն է ապահովել տարբեր առարկաների թեստերի համաչափությունը, որպեսզի դրանք ստուգեն ոչ թե ուսուցչի արագությունը, այլ գիտելիքը՝ ծրագրային նյութի իմացությունը։ Պետք է հնարավորինս նվազեցնել նաև տեխնիկական վրիպումները»:

Դպրոցներում պարտադիր ատեստավորման գործընթացում 2024 թվականից նոր համակարգ կգործի՝ կարիքի գնահատման վրա հիմնված: Մինչև հինգ տարի փորձ ունեցող ուսուցիչները պարտադիր կատեստավորվեն մեկ տարի հետո, վերապատրաստումներն ու ատեստավորումը լինելու են 4 մակարդակներում: Վերապատրաստումը կանցկացնի տվյալ կազմակերպությունը, իսկ ատեստավորումը՝ ԳԹԿ-ն:

Նախարարի տեղակալը իրազեկել է, որ նախնական և միջին մասնագիտական ուսումնական հաստատությունների մանկավարժների վերապատրաստում է նախապատրաստվում: Ըստ այդմ՝ պետք է խմբավորել մասնագիտությունների ցանկը՝ որն է տեսական, որը՝ գործնական: Տեսական մասը կանցկացնի ԳԹԿ-ն, իսկ գործնականը՝ մասնագիտական հանձնաժողովները:

Նշենք, որ երկօրյա խորհրդաժողովի մասնակիցները աշխատանքային ենթախմբերով քննարկելու են հանրակրթական դպրոցի ընթացիկ և ամփոփիչ գնահատման, բուհերի առկա և հեռակա համակարգերի ընդունելության կազմակերպման, ուսուցիչների կամավոր ատեստավորման բովանդակության և գործընթացի կազմակերպման հիմնախնդիրները:

Ամենից շատ դիտված

15:55 Լևոն Քոչարյանի բնակարանի խուզարկության որոշումը բողոքարկվել է ՀՀ վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան
21:39 Հայրս 2 շաբաթ առաջ ստենտավորվել էր, պիտի սթրեսի չենթարկվեր, բայց այսօր ճնշման խնդիր է առաջացել․ Լևոն Քոչարյան
22:23 Փաշինյանը կռիվ է տալիս Քոչարյանի կերպարի հետ, քանի որ նա հաղթել է Ալիևին, իսկ օրվա իշխանությունը չոքած է Ալիևի առաջ
22:37 Փոքրիկ, բայց կարևոր հաղթանակ նիկոլականության համալսարանական դրսևորման դեմ. Մենուա Սողոմոնյան
23:59 Ռուսներին կարող եմ ասել միայն մեկ բան՝ «Բարի գալուստ Հայաստան». ՀՀ-ն որևէ կերպ չի խոչընդոտի նրանց, եթե անհրաժեշտ լինի՝ կօգնի
22:15 Պուտինը շնորհավորել է Մեհրիբան Ալիևային
23:51 Թուրքիայի և Ադրբեջանի պահանջով Հայաստանը չպետք է ունենա Սահմանադրություն, չպետք է թույլ տանք. Իշխան Սաղաթելյան
17:40 Պարոն Հարությունյանի ուսանողն եմ եղել․ քննություններին միշտ չի, որ շատ բարեհաճ ա եղել
14:28 Ինչու միամիտ Փաշինյանը գոհ կլինի, որ Կրեմլը ՀՀ-ին դուրս հրավիրի ՀԱՊԿ-ից
12:49 Ձերբակալվել է Ճամբարակի զորամասի գումարտակի շտաբի պետը