Ներքին Մամուլ 2 տարի առաջ - 11:30 24-11-2023

Այսօրվա իշխանություններն Արցախի ժողովրդի իրավունքներից ու շահերից բխող որևէ լուծում չեն ցանկանում․ Ռուբեն Վարդազարյան

«Հրապարակ» օրաթերթը զրուցել է ԲԴԽ նախկին նախագահ Ռուբեն Վարդազարյանի հետ․

- Պարոն Վարդազարյան, Ձեզ համար Արցախի հայաթափումով փակվե՞լ է Արցախի էջը, թե՞ հայանպաստ լուծման շանսեր դեռ կան։

- Իրականում մեր կյանքում ահռելի փոփոխություններ են տեղի ունեցել, եւ Արցախի հայաթափումը դրա ամենավառ միջադեպն է։ Իմ դիրքորոշումը քաղաքական չէ, իմ դիրքորոշումն ավելի շատ որպես ՀՀ քաղաքացի է, եւ ես վստահ եմ, որ Արցախի էջը փակված չէ, բայց որպեսզի Արցախի էջը վերջնական չփակվի, դրա համար քաղաքական իշխանությունը պետք է ունենա քաղաքական կամք՝ վերջնականապես այդ էջը չփակելու, այլ հնարավորություն ստեղծվի, որպեսզի այդ հարցը միշտ մնա օրակարգում, եւ կարողանանք գոնե այս խղճուկ պայմաններում հույս ունենալ, որ օրերից մի օր Արցախի հարցը հայանպաստ լուծում կունենա։ Թե դա ինչպես է լինելու, դժվարանում եմ ասել, բայց վստահ եմ, որ խելամիտ քաղաքականության դեպքում հնարավոր կլինի լուծում գտնել։

- Այդ իրադարձությունների ֆոնին ՀՀ իշխանություններն արցախցիներին չեն համարում ՀՀ քաղաքացի եւ քաղաքացիություն են շնորհում, մինչդեռ ադրբեջանական իշխանությունների կողմից արցախցիների հանդեպ հանցագործություն է տեղի ունեցել, եւ այդ հանցանքները որեւէ կերպ չեն փաստագրվում, չկան հարուցված քրեական գործեր։ Սա պատշա՞ճ արձագանք է ՀՀ իշխանությունների կողմից։

- Եկեք հարցը երկու մասի բաժանենք․ ի՞նչ է նշանակում ՀՀ քաղաքացիներին ՀՀ քաղաքացիություն շնորհել։ Որքան ես եմ տեղյակ, 070 կոդով ՀՀ անձնագիր ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, եւ նրանց պետք է կրկին քաղաքացիությո՞ւն շնորհել, էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն»։ Օրինակ՝ Կենտրոնի բնակիչներն ունեն 011 կոդ, խնդրում եմ պաշտոնապես հայտնել, թե էլ ո՞ր կոդ ունեցողները ՀՀ քաղաքացի չեն, Սյունիքի մեր հայրենակիցների անձնագրերը մեկ այլ կոդով են սկսվում։ Մարդիկ, որոշակիության սկզբունքից ելնելով, պիտի իրենց ճակատագիրը, ապագան կարողանան որոշել։ Աբսուրդ է, որ մարդն ունի ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց օրերից մի օր պետությունն ասի, որ դու ունես ՀՀ քաղաքացու անձնագիր, բայց դու լիարժեք քաղաքացի չես, հետեւաբար, ինչ-որ գործընթացներ պիտի լինեն։

Դա նոնսենս է, նման բան չի կարող տեղի ունենալ։ Ձեր հարցի երկրորդ մասին պատասխանելու համար ուզում եմ մի փոքր պատմական էքսկուրս անել, որպեսզի պարզ դառնա, թե ինչի մասին է խոսքը։ Երբ Բաքվի ու Սումգայիթի այդ հայտնի դեպքերը տեղի ունեցան 80-ականների վերջին, ես ուսանող էի, եւ բոլոր այն ուսանողները, որոնք անցել էին քրեական իրավունքի կուրսերն ու քրեական դատավարությունը, բոլորիս ներառեցին մի մեծ քննչական խմբի մեջ, եւ քանի որ պրոֆեսիոնալ քննիչները չէին բավարարում, մեզ ներառեցին որպես քննիչներ։ Մենք գնում էինք ծերանոցներով, հիվանդանոցներով, հյուրանոցներով ու հանրակացարաններով, որտեղ Բաքվից ու Սումգայիթից ժամանած փախստականներն էին, որպես վկա, որպես տուժող՝ հարցաքննում էինք։ Հիմա եթե արխիվում նայենք այն մեծ քրեական գործը, որը վերաբերում էր Բաքվից ու Սումգայիթից բռնագաղթածներին, մենք կունենանք փաստաթղթավորված, իրավական առումով հիմնավորված միասնական մոտեցում եւ պատկեր։ Պետությունն այդ մարդկանց տեր կանգնեց, նրանց դատավարական կարգավիճակ տվեց, եւ եթե օրերից մի օր քրեական գործ հարուցվի Բաքվի ու Սումգայիթի դեպքերի վերաբերյալ, մենք կունենանք գրեթե բոլոր բռնագաղթածների ցուցմունքներն այդ օրերի, այդ իրադարձությունների կապակցությամբ։ Նույնիսկ այն մարդիկ, որոնք այսօր ողջ չեն, միեւնույն է՝ նրանց վկայությունները կան քրեական գործի նյութերում։

Իսկ ի՞նչ է կատարվում հիմա․ 120 հազար հոգի բռնի ուժով գաղթեցին, եկան Հայաստան, եւ ես չեմ տեսնում մի քրեական գործ, այդ մարդկանց ցուցմունքների փաստաթղթավորում եւ քրեական գործի նյութերում ներառում, որը հետագայում թույլ կտա, որպեսզի մենք հետագայում․․․, լավ, այս իշխանություններն ուժ չունեն, չեն կարողանում, բայց ինչո՞ւ են զրկում հետագա իշխանություններին, ովքեր հայանպաստ լուծումներ են ուզելու, այդ նյութերն օգտագործելու հնարավորությունից։ Քաղաքական հայտարարություններ կան, որ սպիտակ գենոցիդ է տեղի ունեցել եւ այլն, բայց դրանք ընդամենը քաղաքական հայտարարություններ են եւ չեն կարող դրվել քրեական գործի հիմքում, բայց բոլոր այն փաստաթղթերը, որոնք պետք են, ե՛ւ միջազգային, ե՛ւ ազգային դատարանները հետագայում հիմք կընդունեն, դրա փաստաթղթավորումը բացակայում է։ Հետեւաբար, սրանից եզրահանգում, որ Արցախի ժողովրդի իրավունքներից ու շահերից բխող որեւէ լուծում այսօրվա իշխանությունները չեն ցանկանում ունենալ։

- Այդ քրեական գործերը չեն հարուցվում, բայց դրա ֆոնին կա Հռոմի ստատուտի վավերացումը հենց այդ պատրվակով, իբրեւ թե դրանով պատրաստվում են Ալիեւին պատասխանատվության կանչել։

- Այս փուչիկը, որ փչվեց Հռոմի ստատուտի վերաբերյալ թե՛ ընդունողների, թե՛ առարկողների կողմից, ինձ համար փոքր-ինչ անհասկանալի է։ Առաջինը հայտարարեցին, որ դա կապված է Վլադիմիր Պուտինին կալանավորելու որոշման հետ, եւ ստատուտը վավերացվում է, որպեսզի եթե ՌԴ նախագահը ժամանի Հայաստան, նրան կալանավորեն։ Քիչ թե շատ իրավաբանությանը մոտ կանգնած անձը հասկանում է, որ այդ ստատուտը եւ այդ դատարանի իրավազորությունը Հայաստանի համար գործում է այն օրվանից ու ժամից, երբ դա վավերացվել է ու օրինական ուժ ստացել։ Նախորդող ժամանակահատվածում որեւէ մեկի նկատմամբ որեւէ պարտավորություն ՀՀ-ն չունի, այսինքն՝ այն փուչիկը, որ սա կապված է Պուտինի ձերբակալման հետ, իմ կարծիքով՝ այդպես չէ, սա ուղղակի մոծակի կծոց էր, Ռուսաստանին ջղայնացնելու ինչ-որ անհասկանալի գործընթաց էր, որի ո՛չ անհրաժեշտությունը կար, ո՛չ էլ իրավական հետեւանք կարող էր ունենալ։

Հարցազրույցն ամբողջությամբ՝ սկզբնաղբյուր կայքում


Ամենից շատ դիտված

18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»
12:01 Շտապ օգնություն է կանչվել Ռոբերտ Քոչարյանի համար