Սպորտ 2 տարի առաջ - 20:03 10-11-2023

Երևանում տեղի ունեցավ սամբոյի աշխարհի առաջնության բացման արարողությունը

Կարեն Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում հանդիսավոր արարողությամբ տրվել է Սամբոյի 2023 թվականի մեծահասակների աշխարհի առաջնության պաշտոնական մեկնարկը:

Միջոցառմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը, Երևանի քաղաքապետ Տիգրան Ավինյանը, Հայաստանի ազգային օլիմպիական կոմիտեի նախագահ Գագիկ Ծառուկյանը, նախարարի տեղակալ Կարեն Գիլոյանը, սամբոյի Հայաստանի և միջազգային ֆեդերացիաների ղեկավարները:
ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ողջունել է աշխարհի առաջնության մասնակիցներին, միջազգային ֆեդերացիայի ներկայացուցիչներին և Հայաստան ժամանած հյուրերին: Ժաննա Անդրեասյանը հաջող մրցելույթներ և ազնիվ պայքար է մաղթել առաջնության մասնակիցներին. «Կրկին հանդիպում ենք Կ. Դեմիրճյանի անվան մարզահամերգային համալիրում. դա նշանակում է, որ Հայաստանի մայրաքաղաքը ընդունել է մարզաշխարհի ներկայացուցիչներին: Ընդամենը վերջին երկու տարում այս մարզահամալիրում անցկացվել են բռնցքամարտի և ծանրամարտի Եվրոպայի առաջնությունները, ֆուտզալի և բասկետբոլի միջազգային մրցաշարեր, սամբոյի դեռահասների, պատանիների և երիտասարդների աշխարհի առաջնությունները:

Հիմա անզեն ինքնապաշտպանության՝ սամբոյի աշխարհի ուժեղագույնների հերթն է. մեկնարկում է մեծահասակների աշխարհի առաջնությունը: Մարզաձևի հիմքում նաև հայկական կոխ ըմբշամարտն է, հետևաբար Հայաստանում այն ամենասիրվածներից է»,- ասել է ԿԳՄՍ նախարարն ու հիշատակել մարզաձևի հայ նվիրյալներին՝ աշխարհի հնգակի չեմպիոն Գագիկ Ղազարյանին, աշխարհի քառակի չեմպիոն Գորիկ Մանուկյանին և մեր մյուս մրցանակակիրներին:

«Հայաստանի պատվիրակներն այսօր էլ պատրաստ են ազնիվ մրցակցության մեջ մտնել աշխարհի ավելի քան 70 երկրներից ժամանած տղամարդկանց մարզական ու մարտական սամբոյի, կանանց մարզական սամբոյի ներկայացուցիչների հետ՝ բաղձալի մեդալների համար: Սիրելի՛ հյուրեր, բարով եք եկել մշակույթի ու արվեստի, գիտության ու սպորտի երկիր՝ Հայաստան: Հուսով եմ՝ կհասցնեք լինել նաև երկրի տեսարժան վայրերում ու սիրել Հայաստանը՝ որպես հյուրընկալ երկիր: Ցանկությունս է, որ մեր երկրից հեռանալիս կրկին վերադառնալու ցանկություն ունենաք»,- եզրափակել է ԿԳՄՍ նախարարը:

Բացման արարողության ժամանակ պարային ու ակրոբատիկ շոու-ծրագրով ներկայացվել են սամբո մարզաձևի ավանդույթները, հայկական սամբոյի պատմությունը, որին հաջորդել է մասնակից ավելի քան 70 երկրների դրոշների շքերթը, այնուհետև Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը «Խաղաղության մեդալով» է պարգևատրել Միջազգային ֆեդերացիայի նախագահ Վասիլի Շեստակովին: Ի դեպ, «Խաղաղության մեդալը» պատրաստել է աշխարհի չեմպիոն Սերգո Չախոյանը:
Սամբոյի միջազգային ֆեդերացիայի (FIAS) նախագահ Վասիլի Շեստակովը FIAS-ի անունից ողջունել է տարվա գլխավոր մարզական միջոցառման մասնակիցներին և հյուրերին: Միջազգային ֆեդերացիայի նախագահի խոսքով՝ այս տարի սամբո մարզաձևը տոնում է իր 85-ամյակը, և այդ առիթով Հայաստան են ժամանել անվանի սամբիստներ աշխարհի տարբեր անկյուններից:

«Դուք ներկա եք իսկական մարզական տոնի այս հրաշալի մարզահամալիրում: Շնորհակալություն եմ հայտնում Հայաստանի կառավարությանը, ԿԳՄՍ նախարարությանը և Հայաստանի ազգային օլիմպիական կմիտեին, Հայաստանի սամբոյի ֆեդերացիային՝ աշխարհի առաջնությունն ամենաբարձր մակարդակով կազմակերպելու համար»,- նշել է Շեստակովը:

Հայաստանի սամբոյի ֆեդերացիայի նախագահ Միքայել Հայրապետյանը ևս ընդգծել է մեր երկրում առաջին անգամ անցկացվող մեծահասակների աշխարհի առաջնության կարևորությունը:
Նշենք, որ սամբոյի աշխարհի առաջնությանն ավելի քան 70 երկրի 650 մարզիկներ են մասնակցում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը