Ներքին 2 տարի առաջ - 18:07 07-11-2023

Գրիգոր Մինասյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ ՀՀ-ում գտնվող ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի ներկայացուցիչներին

Արդարադատության նախարար Գրիգոր Մինասյանն ընդունել է փաստահավաք առաքելությամբ Հայաստանում գտնվող Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովի Մոնիթորինգի հանձնաժողովի Հայաստանի հարցերով համազեկուցողներ Կիմո Կիլյունենին, Բորիանա Աբերգին և ԵԽԽՎ Մոնիթորինգի հանձնաժողովի քարտուղար Մեթյու Մոնինին:

Նախարարը խոսել է Լեռնային Ղարաբաղից բռնի տեղահանված փախստականների իրավական և սոցիալական դրության, պետության կողմից տրամադրվող աջակցության, միջազգային հանրության աջակցության անհրաժեշտության և միջազգային գործընկերների հետ համագործակցության կարևորության մասին: Գրիգոր Մինասյանը նշել է, որ հոկտեմբերի 26-ին Կառավարությունը հաստատել է ԼՂ-ից բռնի տեղահանվածներին ժամանակավոր պաշտպանության կարգավիճակ տրամադրելու կարգը:

Գրիգոր Մինասյանը միջազգային գործընկերներին տեղեկացրել է, որ Հայաստանի խորհրդարանն անցնող ամիս վավերացրել է Միջազգային քրեական դատարանի Հռոմի ստատուտը, ավելի վաղ խորհրդարանն ընդունել է նաև «Մարդու իրավունքների և հիմնարար ազատությունների պաշտպանության մասին» կոնվենցիային կից՝ «Բոլոր դեպքերում մահապատժի վերացման մասին» թիվ 13 արձանագրությունը:

Արդարադատության նախարարը ներկայացրել է նաև ընտրական համակարգի բարելավմանն ուղղված նախարարության աշխատանքները՝ ընդգծելով, որ Ընտրական օրենսգրքում և հարակից օրենքներում փոփոխություններ ու լրացումներ նախատեսող օրինագծերի մշակումները հիմնված են Վենետիկի հանձնաժողովի տրամադրած կարծիքի վրա։

Հանդիպմանն անդրադարձ է կատարվել Կոռուպցիայի դեմ պայքարի շրջանակում նախարարության կողմից իրականացվող ոլորտային բարեփոխումներին: Նախարարը կարևորել է Հակակոռուպցիոն նոր ռազմավարության ընդունումը, որտեղ նախանշվել են 2023-2026թթ.-ի համար իրականացվելիք կարևորագույն նպատակները, ընդունվել է նաև ՄԻՊ ազգային ռազմավարությունը: Գրիգոր Մինասյանն ընդգծել է, որ թե՛ երկու ռազմավարությունները, թե՛ կարևորագույն նախագծերը մշտապես քննարկվում են ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ:

Միջազգային գործընկերներին են ներկայացվել նաև ԶԼՄ դաշտի կարգավորման ուղղությամբ իրականացվելիք աշխատանքները, մասնավորապես նախատեսվում է ստեղծել անկախ մարմին՝ ԶԼՄ ինքնակարգավորման համակարգ, որտեղ պետությունը որևէ դերակատարում չի ունենալու: Այս ուղղությամբ ներկայումս շարունակվում են քննարկումները ոլորտային հասարակական կազմակերպությունների հետ:

Գրիգոր Մինասյանը նշել է, որ Կառավարության 2021-2026թթ. գործունեության միջոցառումների ծրագրի և Դատական ու իրավական բարեփոխումների 2022-2026թթ. ռազմավարության հիման վրա մշակվել և շրջանառվել է «Կատարողական վարույթի մասին» նոր օրենքի նախագիծը, որի ընդունմամբ նախատեսվում է հաղթահարել Հայաստանի Հանրապետության դեմ հարկադիր կատարման փուլին առնչվող ՄԻԵԴ վճիռներով արձանագրված խնդիրները և ոլորտային օրենսդրությունն ամբողջությամբ համապատասխանեցնել եվրոպական չափանիշներին: ՄԻԵԴ վճիռներով արձանագրված վերոգրյալ խնդիրների հաղթահարումը, որպես առանձին ռազմավարական նպատակ է նախատեսված նաև Մարդու իրավունքների պաշտպանության 2023-2026թթ. ազգային ռազմավարությամբ:

ԵԽԽՎ ներկայացուցիչների հետ քննարկվել են նաև դատավորների նկատմամբ կարգապահական գործընթացները: Այս համատեքստում նախարարը տեղեկացրել է, որ արդեն իսկ մշակվել և խորհրդարանին է ներկայացվել «Հայաստանի Հանրապետության դատական օրենսգիրք» սահմանադրական օրենքի նախագծի փաթեթը, որով հնարավորություն կտրվի դատավորներին բողոքարկել դատավորների կարգապահական պատասխանատվության ենթարկելու վերաբերյալ Բարձրագույն դատական խորհրդի կողմից կայացված որոշումները: Անդրադառնալով դատական ոլորտի բարեփոխումներին՝ նախարարը տեղեկացրել է, որ ստեղծվել է Վերաքննիչ հակակոռուպցիոն դատարան, որն ապահովում է եռաստիճան դատական համակարգի կողմից հակակոռուպցիոն գործերի քննությունը: Դատավորների անկախության և սոցիալական երաշխիքներ ստեղծելու համար բարձրացել է 200-ից ավելի դատավորների՝ այդ թվում Սահմանադրական դատարանի դատավորների աշխատավարձերը:

Հանդիպման ավարտին կողմերը քննարկել են նաև երկուստեք հետաքրքրություն ներկայացնող այլ հարցեր:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը