Ուղիղ եթեր
Մշակույթ 2 տարի առաջ - 19:30 17-10-2023

Մեռնեի՝ Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի՝ Արարատը մերը տեսնեի․ Ավետիք Իսահակյանի հիշատակի օրն է

Ավետիք Իսահակյանը ոչ միայն հանճարեղ ստեղծագործող էր, այլև օրինակելի քաղաքացի, իր ժողովրդի նվիրյալ զավակ։ Գաղտնիք չէ, որ նա նաև կուսակցական գործունեություն էր ծավալում, եղել է ակտիվ ՀՅԴ-ական, մասնակցել բազմաթիվ գործողությունների։

1905 թ. հայ-թաթարական բախումների ժամանակ, ինքնապաշտպանություն կազմակերպելու նպատակով, Ալեքսանդրապոլի ՀՅԴ կոմիտեն որոշում է զենք հայթայթել և այդ առաքելությամբ Թիֆլիս ուղարկում Ավետիք Իսահակյանին: Բանաստեղծը հանդիպում է Արմեն Գարոյին ու նրանից ստանում մի պայուսակ՝ մեջը 20 մաուզեր և փամփուշտ:

Ճանապարհին գնացք է նստում մի բարձրահասակ, հաղթանդամ թաթար՝ ձեռքին մի ծանր ու մեծ պայուսակ: Սա իր բեռը մի կերպ տեղավորում է ու նստում Իսահակյանի դիմաց։ Ճանապարհին ոստիկաններ են մտնում ու թաթարից բեռ հարցնում: Սա ցույց է տալիս Իսահակյանի պայուսակը: Ոստիկանները թաթարին ու պայուսակը տանում են:



Ողջ ճանապարհին Իսահակյանը տանջանքների մեջ էր․ չէ՞ որ իրեն այդպիսի պատասխանատու գործ էին վստահել, իսկ ինքը չկարողացավ այն գլուխ բերել։ Հիմա ի՞նչ պատասխան պիտի տար կուսակցական ընկերներին․․․

Հասնելով Ալեքսանդրապոլ՝ Իսահակյանը բացում է թաթարի պայուսակը ու ի՜նչ տեսնում՝ 30 հատ նագան ու փամփուշտներ։ Փաստորեն, թաթարն էլ էր զենք տեղափխում։

Հայտնի է, որ Իսահակյանը մասնակցել է նաև «Նեմեսիս» գործողությանը։ Սողոմոն Թեհլերյանի հետ միասին զննում էին Թալեաթի լուսանկարները` նրան հայտնաբերելու նպատակով, որովհետև ոճրագործը 1921 թ. սկզբներին հաստատվել էր Բեռլինում եւ ծպտվել Ալի Սալի Բեյ վաճառականի կեղծանվան տակ։ Թեհլերյանն ու Իսահակյանը մի քանի օր հետեւել են ճիվաղին ու պարզել նրա տեղաշարժման վայրերն ու գրաֆիկը։ 1921 թ. մարտի 15-ին Հարդենբուրգ փողոցի երկու կողմերից մեկում կանգնած էր Թեհլերյանը, մյուսում` Իսահակյանը, երկուսն էլ զինված. Թեհլերյանի վրիպելու դեպքում կրակելու էր Իսահակյանը։



Ստեփան Զորյանն իր հուշերում պատմում է, որ Վարպետը վախենում էր մահից:

«Ամեն հասակակցի մահ նա ընդունում էր կրկնակի հարվածով: Աբեղյանը մահացավ, և նա վշտացավ ոչ միայն ընկերոջ և մեծագույն հայագետի կորստով, այլև այն պատճառով, որ ընկերոջ մահվան փաստը վկայում էր և իր մահվան մերձավորությունը: Նույնը Մանանդյանի ժամանակ, ինչպես և Աճառյանի մահվան օրերին:

Մի օր ասաց. «Մոտենում է հերթս»:

Ամենից շատ վրան ազդեց Դեմիրճյանի մահը: Դա նույն կսկիծը չէր, ինչ որ մյուսների մահվան ժամանակ: Իսահակյանի և Դեմիրճյանի մտերմությունը հնից էր գալիս, բայց վերջին մի քանի տարին այնքան մտերմացան, ընտելացան այն աստիճան, որ ցավ էին ապրում, երբ մի օր միմյանց չէին տեսնում կամ գոնե հեռախոսով չէին խոսում իրար հետ: Նրանք միմյանցից գաղտնիք չէին պահում:



Դեմիրճյանի մահը կոտրեց նրան, շարքից դուրս եկավ ոչ միայն սերնդակից մի մարդ, ընդհանրապես, արժեքավոր մի անձ մեր մշակույթի համար, այլ մի այնքան մոտ ու հարազատ մարդ, որ լցնում էր նրա շրջապատը և որի կորուստով ամայացավ շուրջը:

Վարպետի ներկայությամբ խուսափում էինք Դեմիրճյանի մահվան մասին խոսել: … Մի օր ասացի, թե որոշել եմ արտասահման գնալ, շրջել, աշխարհ տեսնել:

Ու սկսեց թվել քաղաքները, որ հնարավոր է շրջել, տեսարժան վայրեր հիշել, բայց մտովին տեղափոխված էր Հունաստան, ուր եղել էր շատ տարիներ առաջ:

- Անպայման կգնաս գերեզմանատուն: Այնտեղ մի շիրիմ կա, վրան մի հսկա բրոնզե ցուլ:

Ամերիկացիները իր քաշով մեկ ոսկի էին առաջարկում, հույները չէին տալիս: Գնա տես և ինձ մի լուր բեր, տեղու՞մն է, թե արդեն տարել են:



Հունաստան մեկնելու օրը որոշեցի զանգ տալ:

- Օրհնում եմ ճանապարհդ: … Գաս թե չէ՝ անցիր, չլինի թե ուշանաս: Ուզում եմ իմանալ, թե ինչ ես տեսել: Բրոնզե ցուլը չմոռանաս:

… Վերադարձա հոկտեմբերի 16-ին: Հաջորդ օրը պետք է գնայի մոտը: Եվ ցերեկը քաղաքում տարածվեց Վարպետի մահվան բոթը»:

Իսահակյանն այդպես էլ չկարողացավ համակերպվել Հայաստանի մասնատման գաղափարին. «…Մեռնեի, Սևանը ցամաքած չտեսնեի, ապրեի Արարատը մերը տեսնեի…»,-սրտի խոր կսկիծով ու ցավով կրկնում էր նա և հավատում, որ կգա ժամանակը, երբ հայ ժողովուրդը դարձյալ իր հացը կվաստակի հարազատ եզերքում:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին