Ուղիղ եթեր
Ներքին Միտք 2 տարի առաջ - 10:47 16-10-2023

Միակ պատասխանն Ալիևին՝ Երևանում բարձրացնել փոփոխությունների դրոշը. Վահե Հովհաննիսյան

Ստեփանակերտում Ադրբեջանի դրոշի բարձրացումը բոլոր նորմալ մարդկանց ողբերգությունն էր։ Մեծ հաշվով այդ դրոշը բարձրացվել է մեր տների, մեր երեխաների օրորոցների, մեր եկեղեցիների վրա՝ ամենուր։ Եվ այդպես է լինելու, քանի դեռ Երևանում չի իջեցվել ԱՆԱՐԺԱՆԱՊԱՏՎՈՒԹՅԱՆ դրոշը:

Նորմալ չէ, որ Արցախ կորցնելուց հետո Երևանում իշխանություն չի փոխվում, չի գտնվում գոնե մեկը, ով հրաժարական կտա։ Այս պահին աշխարհում նման երկրորդ պետություն և երկրորդ ժողովուրդ չկա։ Այստեղ է հիմնական խնդիրը։

Կա՞ մի բան, որի տապալման դեպքում Նիկոլը հրաժարական կտա. 5 տարում՝ չորս պատերազմ, պարտություններ ու անհաշիվ զոհեր, Արցախի հանձնում, ու նա մնում է իշխանության։ Էլ ի՞նչ պիտի լինի, որ նա համարի, որ ինքը տապալել է։ Սա նեղացնում է հարցի շրջանակը. կա´մ իր իշխանությունը չպետք է լինի, կամ մենք։ Բայց այս պահին նրան դեռ դիմում են «մեծարգո»-ով։ Ալիևին մի պահ հանգիստ թողնենք, կենտրոնանանք մեզ վրա։ Սա ենք մենք՝ գոնե այսօր։

Մենք ունենք ԱՄՈԹԻ ԻՇԽԱՆՈՒԹՅՈՒՆ, և մեր խնդիրն է՝ ամեն կերպ տարանջատվել դրանից։ Իշխանության նեղ խմբից, նրանց «մեծարգո» ասողներից, Նիկոլի նկարի տակ աշխատողներից պետք է տարանջատվել ու չխաբել մեզ, թե այն, ինչ կատարվում է, նորմալ է։ Սա մարդկության պատմության մեջ ամենաաննորմալ երևույթներից է։ Պետք է տարանջատվել ամեն կերպ, թողնել, որ չարիքի կորիզը նեղանա՝ մինչև իր նվազագույն չափերը։ Սա պետք է անել նաև ներքին հաշտեցման և պետական լայն համակարգի հետ երկխոսության ճանապարհով։ Սա պետք է անի նոր հարթակը, որտեղ չպիտի լինի կուսակցական կամ անհատական քվոտավորում, ապագա իշխանության մեջ երազած պաշտոնի մոտիվացիա, փայի կռիվ։

Ինչ վերաբերում է Արցախին, ապա շատ դրոշներ են շատ վայրերում բարձրացվել ու ժամանակների փոփոխության արդյունքում իջեցվել։ Բաքու-Երևան- Բրյուսել- Մոսկվա համատեղ օպերացիայի արդյունքում դատարկված Արցախում դրոշ բարձրացնելով՝ Ալիևը մատնում է հենց դա։ Երևանում արժապատվության և գրագիտության դրոշի բարձրացումով արցախահայության իրավունքները՝ հայրենի հողում ապրելու, անվտանգ ապրելու, գույքային, հոգևոր ժառանգության և այլն, բարձրացվելու են ու լուծվելու։ Ու դա չի լինելու ռևանշիստական կամ ռազմատենչ իշխանություն, նոր պատերազմի պահանջ՝ ամենևին։ Հին իրականությունն այլևս չկա, նոր պայմանները նոր պատկերացումներ են պահանջում։

Իսկ եթե մենք չիջեցնենք ամոթի ու անարժանապատվության դրոշը Երևանում ու չբարձրացնենք նորը, դրանով ճանապարհ կբացենք ալիևյան նոր դրոշների համար։ Սա պետք է շատ հստակ հասկանալ և բացատրել հայ ժողովրդին։ Արցախի ողբերգությունը չի կատարվել երկու օրում, ոչ էլ վերջին 10 օրում։ Դա երկար ամիսների հարց էր, շրջափակման 9 ամիսների ընթացքում հասունացվում էր բուն ողբերգությունը։ 9 ամիս շարունակ մենք մեզ պահել ենք ծայրահեղ սխալ, և դրանք եղել են մի կողմից՝ ամենաստվերային պայմանավորվածությունների և մյուս կողմից՝ աններելի անգործության ամիսներ։ Սրա մասին պետք է խոսել, որքան էլ ցավոտ լինի ոմանց։ Առաջիկայում՝ անպայման։

Վահե Հովհաննիսյան
Այլընտրանքային նախագծեր խմբի համահիմնադիր

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ