Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 20:25 14-10-2023

Է՞լ ինչ տանք, որ «հանգիստ ապրենք». Արմեն Աշոտյանի հոդվածը՝ կալանավայրից

ՀՀԿ փոխնախագահ Արմեն Աշոտյանը հերթական հոդվածն է հրապարակել «Նուբարաշեն» ՔԿՀ-ից․

«Շարունակենք նախորդ հոդվածում մեկնարկած թեմատիկ վերլուծությունը՝ Փաշինյանի Հ1-յան բեմադրված հարցազրույցի հետքերով:

Հայաստան-Ադրբեջան-Թուրքիա

Այս հարցերին վերաբերող նիկոլական ստապուլյացիաների (ստեր + մանիպուլյացիա) մասին արդեն շատ է խոսվել: Սակայն կուզենայի անդրադառնալ մի քանի հանգամանքի:

1. Ցավոք, թուրք-ադրբեջանական զույգը պարբերաբար «детский мат» է անում Հայաստանին գեոպոլիտիկ շախմատային խաղում: Գրանադա-Բիշքեկ արանքում մենք այնպիսի բացահայտ, շախմատային լեզվով ասած՝ зевок թույլ տվեցինք, որ Ալիևը հերթական անգամ անթաքույց ծաղրեց Փաշինյանին և ի դեմս իրեն՝ Հայաստանին՝ հեգնելով Գրանադա գնալու համար՝ 6 ժամ ծախսելու, իսկ Բիշքեկի համար՝ 3 ժամ չունենալու համար:

2. Ռուսաստանը, այս պահին թուլանալով Հայաստանում, ամրապնդելու է իր դիրքերը Հարավային Կովկասում ոչ միայն Ադրբեջանի հետ ասիմետրիկ և այլընտրանքային լուծումներով, ինչպես կանխատեսվում էր, այլև ուժեղացնելով սեփական դիրքերն Աբխազիայի և Հարավային Օսիայի միջոցով: Բավական է հետևել և վերլուծել վերջին մեկ ամսվա ընթացքում ռուսական դիվանագիտական քայլերը և լրահոսը այս ուղղությամբ: Հատկապես կարևոր է աբխազական Օչամչիրայում ռուսական նոր ծովային ռազմաբազայի ստեղծման ակտիվացումը:

3. Սյունիքի կոմունիկացիաները շարունակելու են մնալ թյուրքական երազանքի և գեոպոլիտիկ խաղի էպիկենտրոնում: Բաց տեքստով ասած՝ Ադրբեջանը և Թուրքիան իրար հետ ոչ թե տրանսպորտային ուղիների կարիք ունեն, այլ ՑԱՄԱՔԱՅԻՆ ՍԱՀՄԱՆԻ: Գործող և կառուցվելիք կոմունիկացիաներ նրանց միջև առկա են թե՛ Վրաստանի, թե՛ Իրանի տարածքներով, սակայն խնդիրը ոչ թե լոգիստիկան է, այլ գեոպոլիտիկան, ինչն իրատեսական է իրենց աչքերում՝ լուծել թուլացած և նիկոլական Հայաստանի հաշվին, քան հզոր Իրանի կամ ճկուն Վրաստանի:

4. Այս համատեքստում մահաբեր է Նիկոլի ցածրորակ կռուտիտների վրա հույսը դնելը՝ հայտարարելով, թե «ՀՀ-ն նման տերմինաբանության շրջանակներում որևէ մեկին որևէ խոստում չի տվել»: Կա՞ Հայաստանում գոնե մեկ բանական մարդ, որ իրոք մտածում է, թե Էրդողան-Ալիև գիշատիչների զույգը Նիկոլի խոստումների սեմանտիկ կամ լեզվաբանական փորձաքննության արդյունքում է որոշելու իր հաջորդ ագրեսիվ քայլը:

5. Այսպես կոչված, «միջանցքի» հետ կապված՝ Նիկոլն արդեն երկրորդ անգամ հայ հասարակությանը մատուցում է նույն կռուտիտը, որն ինքը լսել է Ալիևի շուրթերից ԵԱՏՄ ղեկավարների գագաթնաժողովում, որին հրավիրված էր նաև Ադրբեջանը: Մտեք Youtube և նայեք այն լեզվակռիվը, որ տեղի ունեցավ նրանց միջև այդ նիստին: Ալիևը ճիշտ նույն փաստարկներով էր հակադարձում Նիկոլին, որոնցով հիմա Նիկոլը հիմարացնում է մեր ժողովրդին:

6. Նիկոլը, հայտարարելով, թե «պետք է թույլ չտալ՝ որևէ հարց դառնա հետագա էսկալացիայի հիմնավորում», բաց տեքստով հայ ժողովրդին կրկին զգուշացնում է, որ տալու է այն ամենը, ինչ Ադրբեջանը և Թուրքիան կպահանջեն: Իսկ նրա կողմից բարձրաձայնված կարմիր գծերն իրականում գծված են ցնդող թանաքով և փաստացի գոյություն չունեն:

«Ժողովրդավարություն»

Հայաստանում ժողովրդավարության մասին նրա ճամարտակումները գրոշի արժեք չունեն. մի քանի տասնյակ քաղբանտարկյալները՝ վկա: Իմ վերջին խայտառակ դատական նիստի տեսագրությունը լրիվ բավարար է մեր երկրում բռնապետական ռեժիմի առկայությունը վերահաստատելու համար:

Իսրայելում ընթացող պատերազմի ֆոնին ստեղծվեց Ազգային կառավարություն՝ ընդդիմության մասնակցությամբ: Սա հնարավոր դարձավ երկու պատճառով: Նախ՝ Իսրայելում իրոք կա ժողովրդավարության բարձր մակարդակ: Եվ երկրորդը՝ Իսրայելի հիմնական քաղաքական ուժերը հետապնդում են միևնույն ազգային, ռազմավարական շահերը: Երկու գործոններն էլ Հայաստանում չկան, քանզի իշխող վարչախումբն անգամ դրսից եկող մարտահրավերների ֆոնին ուժգնացնում է տոտալ ռեպրեսիվ ապարատը երկրի ներսում, իսկ ազգային շահերը դարձրել է գեոպոլիտիկ կազինոյի մաշված պլաստմասսե ժետոն:

Ավելին, Փաշինյանի հարցազրույցում առկա էր ևս մեկ շատ վտանգավոր թեզ. Ադրբեջանն իբր հիմնավորում է իր ագրեսիվ նկրտումները հայկական ընդդիմության քննադատության պատճառով: Առանց այդ էլ պարզ էր, որ երկրի ներսում մոլեգնող տեռորը պայմանավորված է նաև թուրք-ադրբեջանական շահերը Հայաստանում պաշտպանելու փաշինյանական հանձնառությամբ, ուստի չզարմանաք, որ «Արցախը տանք՝ հանգիստ ապրենք», «Անկլավները տանք՝ հանգիստ ապրենք», «Սյունիքը տանք՝ հանգիստ ապրենք»-ների կողքին իշխանական քարոզչական մեքենան սկսի բացահայտ քարոզել «Խանգարողներին տանք՝ հանգիստ ապրենք» նույնքան անբարո թեզը:

Բաքվի բանտերում գտնվող Արցախի ռազմաքաղաքական ղեկավարությունը՝ վկա…»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ