Ուղիղ եթեր
Ներքին 2 տարի առաջ - 11:33 04-09-2023

Հայաստանի պատմության թանգարանում բացվել է Ջեյմս Թուֆենկյանի գորգերի հավաքածուի ցուցադրությունը

ՀՀ Կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը Հայաստանի պատմության թանգարանում ներկա է եղել «Ձայներ հավաքական անցյալից. 19-րդ դարի հայկական գորգարվեստը. նմուշներ Ջեյմս Թուֆենկյան հավաքածուից» խորագրով ժամանակավոր ցուցադրության բացման արարողությանը։ Ցուցադրության կազմակերպիչը Պատմության թանգարանն է՝ «Թուֆենկյան գորգեր» ընկերության հետ գործակցությամբ:

Բացման արարողությանը ներկա է եղել Ջեյմս Թուֆենկյանը: Միջոցառումը մեկնարկել է Արցախի Հանրապետության անկախության օրվա առթիվ շնորհավորանքով և լռության րոպեով՝ ի հիշատակ հայրենիքի պաշտպանության համար զոհվածների:

ԿԳՄՍ նախարարի տեղակալ Ալֆրեդ Քոչարյանը շնորհավորել է ներկաներին նախագծի՝ իրականություն դառնալու առթիվ: «Պետությունը մշտապես կարևորում է այսպիսի համագործակցությունները, և ես հուսով եմ, որ այս մի համագործակցությամբ մեր կապը չի ավարտվի: Հայկական գորգերի ներկայացումը կարևոր խթան է նաև զբոսաշրջության զարգացման առումով․ Հայաստան այցելող զբոսաշրջիկները շատ հարցնում գորգերի մասին․ նրանք Հայաստան են գալիս՝ նախապես արդեն մեր երկիրը ճանաչելով որպես գորգագործության կարևոր կենտրոն ու հայտնի գորգանմուշներ ստեղծած երկիր: Այս համատեքստում սա ոչ միայն զբոսաշրջության և այցելուների համար կարևոր նախագիծ է, այլև կարևոր նշանակություն ունի նաև քաղաքական առումով: Վստահ եմ, որ շատ-շատերն են գալու այս ցուցահանդեսը դիտելու», - ասել է Ալֆրեդ Քոչարյանը:

«Ուրախ ենք, որ Հայաստանի մայր թանգարանում կարող ենք հայտարարել մի կարևորագույն համագործակցության մասին: Ցուցադրությունն ընդհանուր առմամբ հետաքրքիր հաղորդագրություն ունի իր մեջ. մշակութային ժառանգության պահպանության ներկայացման գաղափարի շուրջ համախմբման խորհուրդ է պարունակում իր մեջ այս ցուցահանդեսը: Մայր հայրենիքում առաջին անգամ կներկայացվի պարոն Թուֆենկյանի՝ երկար տարիների աշխատանքի արդյունքը: Հայկական գորգարվեստի ընտիր նմուշներից բաղկացած այս հավաքածուն մեզ համար կբացահայտի մեր հարուստ ժառանգության բազմազանությունն ու ինքնուրույն դրսևորումները», - ասել է Հայաստանի պատմության թանգարանի տնօրեն Դավիթ Պողոսյանը:

Դավիթ Պողոսյանը շնորհակալանքի խոսքեր է հայտնել Ջեյմս Թուֆենկյանին, ցուցադրության համադրող Նաիրի Խաչատուրյանին, ՀՀ ԿԳՄՍ նախարարությանը՝ ցուցադրության կազմակերպման ընթացքում ցուցաբերած աջակցության համար, թանգարանի աշխատակիցներին՝ գործադրած ջանքերի համար:

19-րդ դարի տասնյակ անզուգական հայկական գորգերը, որոնք Ջեյմս Թուֆենկյանը հավաքել է տարիներ շարունակ, արտացոլում են հայկական գորգագործական լավագույն ավանդույթների բազմազանությունը: ԱՄՆ-ից բերված հայկական գորգարվեստի նմուշների այս ընտրանին ավելի քան 400 քմ ցուցադրական տարածքում առաջին անգամ ներկայացվելու է հանրությանը՝ բացահայտելով ուրույն մի ժառանգություն՝ համադրվելով բնօրինակ լուսանկարների ու այլ ցուցադրական միջոցների հետ։ Հավաքածուում ընդգրկված են Արցախ-սյունիքյան, Լոռվա, Արևմտյան Հայաստանի և հայկական տարբեր պատմա-ազգագրական տարբեր շրջանների տիպաբանական շուրջ 30 գորգանմուշներ՝ մի մասը՝ արձանագիր:

«Ես ունեի հավաքածուն, կարողացել էի հավաքել գորգերը, բայց գաղափար չունեի՝ ինչպես կարելի է դա ցուցադրել: Ցավոք սրտի, մենք ինքներս դեռ ամբողջությամբ չգիտենք՝ ինչի մասին է հայկական գորգը, ինչ տեսք ունի: Սա պետք է լինի մեր ներդրումը համաշխարհային ժառանգության մեջ: Ես շատ երջանիկ կլինեմ, եթե այստեղ գան դպրոցական երեխաները՝ դիտելու ցուցահանդեսը։

Այս գորգերն այն նույն ճակատագիրն ունեն, ինչ ունեցել են ցեղասպանության ժամանակ գողացված և թրքացած երեխաները. նրանցից ոմանք կարողացել են իմանալ իրենց ինքնությունն ու փրկվել: Այս գորգերն էլ ստեղծվել են հայ կանանց կողմից, եղել են շատ կարևոր իրենց տներում, բայց վերջին 150 տարիներին սփռվել են աշխարհով մեկ, փոխվել են դրանց անուններն ու ազգային պատկանելությունը: Եվ ինձ համար այս գորգերը գտնելն ու Հայաստան բերելը նման է այն նույն երեխաներին հայկական ինքնությանը վերադարձնելուն», - ասել է Ջեյմս Թուֆենկյանը՝ կարևորելով հայկական գորգործության գիտական ուսումնասիրությունը։

Նշենք, որ Ջեյմս Թուֆենկյանի մասնավոր հավաքածուն համադրվել է Հայաստանի պատմության թանգարանի ազգագրագետների կողմից դաշտային աշխատանքների ժամանակ արված 20-րդ դարասկզբի արխիվային լուսանկարների և լուսանկարիչ Դիմիտրի Երմակովի արհեստանոցում ստեղծված դիմանկարների հետ: Վերջիններս ազգագրական կարևոր վկայություններ են հայկական գորգագործական ավանդույթների և դարեր շարունակ առօրյայում դրանց ունեցած նշանակության մասին: Պատմական Արցախում և Հայաստանի տարբեր բնակավայրերում արված ժամանակակից լուսանկարները, ինչպես նաև «Թուֆենկյան գորգեր» ընկերության մասին պատրաստված ֆիլմը, որոնք ընդգրկվել են ցուցադրության մեջ, օգնում են ավելի լավ հասկանալ հայկական գորգագործության համատեքստը երեկ, այսօր և վաղը:

Ցուցադրությունը հանրության համար բաց կլինի մեկ տարի, որի շրջանակում նախատեսվում են տարբեր միջոցառումներ։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ