Ներքին 3 տարի առաջ - 19:25 17-07-2023

Կնքահայրը․ Ալեն Սիմոնյանի որդու սնանկացած քավորը 40 մլն դոլարանոց համալիրի փայատեր է․ hetq.am

Hetq.am-ը գրում է․ «Ծաղկաձոր քաղաքում կառուցվում է 40-50 միլիոն դոլար գնահատված մի համալիր, որի մեկնարկը տրվել է 2021 թ.-ի խորհրդարանական ընտրություններից հետո։

«Հետքը» պարզել է, որ բազմաֆունկցիոնալ բնակելի համալիրի կառուցապատման մեջ փայ (բաժնեմաս) ունի ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը, որը դատարանի վճռով սնանկ է ճանաչված։

Համալիրի կառուցման բիզնեսում ներգրավված են «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատեր Ռոբերտ Գալուստյանը, Երևանի նախկին ՀՀԿ-ական փոխքաղաքապետ Կարեն Դավթյանը, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր հետ բիզնես հիմնած Լևան Չիկովանին։

Ինչպես արդեն նշեցինք, նրանց հետ բիզնեսի մեջ է Ալեն Սիմոնյանի որդու կնքահայրը՝ Էդգար Ավագյանը, որը երբևէ կառուցապատման բիզնեսում չի եղել, երկար տարիներ աշխատել է հայաստանյան տարբեր հեռուստաընկերություններում, հիմնականում՝ մենեջեր, այսօր էլ աշխատում է Ալեն Սիմոնյանի կնոջ ղեկավարած «Ֆրինյուզ» ՀԸ-ում։

Բազմաֆունկցիոնալ համալիրի կառուցապատման փաստաթղթերում խախտումներ է գտել կառավարությանը ենթակա Տեսչական մարմինը։ Նույն մարմինը, սակայն, չի տեսել մեկ այլ խախտում, որը «Հետք»-ն է պարզել։

2022 թ․-ի ապրիլին Ծաղկաձոր քաղաքի հրապարակի հարևանությամբ գտնվող նախկին «Արշալույս» պիոներական ճամբարի տարածքը շենք-շինություններով վաճառվել է։ Գույքի գնորդները երեքն են՝ Ռոբերտ Գալուստյանը՝ նավթամթերքի ներմուծմամբ զբաղվող «Ռան օյլ» ընկերության նախկին սեփականատերը, Կարեն Դավթյանը՝ 2006-2009 թթ. Երևանի ՀՀԿ-ական փոխքաղաքապետը, Լևան Չիկովանին՝ նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանի դստեր գործընկերը։ 3.2 մլն դոլարով ձեռք բերված հողամասը 1.6 հեկտար տարածք է, որի վրա առկա էին խորհրդային տարիներին կառուցված երկհարկանի շենքեր։

Անշարժ գույք ձեռք բերելուն զուգահեռ՝ 2022 թ.-ի մարտին, հիմնադրվում է «Պալլադա Ծաղկաձոր» ՍՊԸ-ն։ Ընկերության հիմնադիր բաժնետերերը չորսն են՝ Ռոբերտ Գալուստյանը, Կարեն Դավթյանը, Լևան Չիկովանին և Էդգար Ավագյանը (բոլորը` 25-ական % բաժնեմասով)։ Մեկ տարի անց Կարեն Դավթյանն իր բաժնեմասը փոխանցել է իրեն փոխկապակցված անձին՝ Գեղամ Կիրակոսյանին։

Էդգար Ավագյանը ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընկերն է, նրա որդու կնքահայրը։ Ի դեպ, մկրտության արարողությանը ներկա է եղել նաև վարչապետ Նիկոլ Փաշինյանը։

Առաջին հայացքից սովորական բիզնես գործունեություն է։ Պարզապես հարց է ծագում, թե ինչպե՞ս է դրանում ներգրավվել Էդգար Ավագյանը, ո՞րն է նրա և մյուս բաժնետերերի ընդհանրությունը, կամ ինչպե՞ս է հեռուստատեսային աշխատանքով զբաղված անձը հայտնվել 40–50 միլիոն դոլար գնահատված բիզնես նախագծում։ Գուցե քավոր-սանիկական կապե՞րն են այս ծրագրում իր ներդրումը։

Էդգար Ավագյանը դատարանի վճռով սնանկ է ճանաչվել դեռևս 2017 թ.-ին և մինչ օրս ֆինանսական առողջացման չի գնացել։ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի ընտանիքի հետ կապվող «Ֆրինյուզ» հեռուստաընկերության փաստացի ղեկավար Էդգար Ավագյանը տարբեր տարիների աշխատել է մի շարք հայկական հեռուստաընկերություններում։

2016 թ.-ին Էդգար Ավագյանին սնանկ ճանաչելու պահանջով դատարան է դիմել «Արարատբանկը», քանի որ բանկում 2012 թ.-ից Ավագյանը 28 հազար դոլարի վարկ է ունեցել, որը 2015-ից հետո պատշաճ չի մարել։ 2017 թ.-ին դատարանը վճռել է Էդգար Ավագյանին սնանկ ճանաչել։ Նշանակվել է սնանկության կառավարիչ, կազմվել է պարտատերերի ցուցակ։ Բացի «Արարատբանկից», պարտատեր է ճանաչվել նաև «Ամերիաբանկը»։ Առաջին բանկի պարտքը կազմել է 26 հազար դոլար և 100 հազար դրամ, իսկ երկրորդ բանկինը՝ 17 հազար դոլար և 955 եվրո։

Սնանկության գործով կառավարիչ Վահագն Ավագյանը «Հետք»-ին հայտնեց, որ Էդգար Ավագյանի անունով գրանցված ավտոմեքենաներ են եղել, որոնք վաճառվել և ուղղվել են պարտքերի մարմանը, սակայն պարտավորություններն ամբողջությամբ մարված չեն։ Այդուհանդերձ, նախորդ ամիս Էդգար Ավագյանի ներկայացուցիչը սնանկության գործով կառավարչին բանավոր հայտնել է, որ Էդգար Ավագյանը ցանկանում է մարել պարտքերը, ֆինանսապես առողջանալ։

Շարունակությունը՝ սկզբնաղբյուր կայքում։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում