Ներքին 3 տարի առաջ - 15:15 08-07-2023

ՀՀ-ն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ

Տեղի է ունեցել Ջո Բայդենի նախաձեռնած Սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքներին ուղղված համաշխարհային կոալիցիայի առցանց հանդիպումը, որի ժամանակ բացման խոսք է ասել ԱՄՆ պետքարտուղար Էնթոնի Բլինքենը։

Բարձր մակարդակի առցանց հանդիպմանը Հայաստանի անունից ելույթ է ունեցել ՀՀ ներքին գործերի նախարարի տեղակալ Արփինե Սարգսյանը։ Վերջինիս ամբողջական ելույթը ներկայացնում ենք ստորև․

«Մեծարգո՛ մասնակիցներ, Ձերդ Գերազանցություննե՛ր, Հարգելի՛ գործընկերներ

ՀՀ Կառավարության և Ներքին գործերի նախարարության անունից շնորհակալություն եմ հայտնում Ամերիկայի Միացյալ Նահանգներին Սինթետիկ թմրամիջոցների Սպառնալիքներին ուղղված Գլոբալ Կոալիցիայի հիմնադրման և մեկնարկի համար։ Սա կարևորագույն հարթակ է սինթետիկ թմրամիջոցների տարածման և բացասական ազդեցության դեմ պայքարում մեր ջանքերը միավորելու համար։

Հայաստանը միջազգային հանրության կողքին է սինթետիկ թմրամիջոցների ապօրինի արտադրության և շրջանառության կանխարգելման, ինչպես նաև նոր առաջացող միտումների բացահայտման ուղղությամբ՝ բոլոր հնարավոր միջոցների գործադրմամբ։

Մեր երկիրն առերեսվում է թմրամիջոցների ապօրինի շրջանառության նվազեցման հետ կապված մարտահրավերների հետ և չնայած Ներքին գործերի նախարարության Ոստիկանության հատուկ ստորաբաժանումների իրականացրած լայնածավալ գործողություններին, թմրամիջոցների շրջանառության ծավալները դեռևս զգալի են։

Համացանցը կտրուկ փոխել է թմրամիջոցների շրջանառության լանդշաֆտը, տրամադրելով ապօրինի գործողությունների նոր ուղիներ՝ առցանց շուկաների, կրիպտոարժույթների, սոցիալական մեդիա հարթակների, ապակենտրոնացված հաղորդակցման ցանցերի և այլ եղանակներով։ Այնուամենայնիվ, թեև համացանցը դյուրինացրել է թմրամիջոցների շրջանառումը, այն նաև հնարավորություն է ընձեռել իրավապահ մարմիններին մշտադիտարկել, ուսումնասիրել և կասեցնել ապօրինի գործունեությունը։ ՀՀ Ներքին գործերի նախարարությունն ակտիվորեն ներգրավված է թմրամիջոցների առցանց շրջանառության դեմ պայքարում՝ ուժեղացված տեխնոլոգիական կարողությունների, հետախուզական տեղեկատվության փոխանակման և միջազգային գործընկերների հետ համագործակցության միջոցով: Ներքին գործերի նախարարության ոստիկանությունում իրականացվող բարեփոխումների շրջանակներում քրեական ոստիկանության գլխավոր վարչությունում ստեղծվել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի ստորաբաժանում: Այս նախաձեռնությունը հանգեցրել է համացանցի միջոցով թմրամիջոցների ապօրինի շրջանառության բացահայտվող դեպքերի թվի զգալի աճի։

Ցանկանում եմ նշել նաև, որ ընթացիկ տարին ՀՀ Ներքին գործերի նախարարությունում հայտարարված է թմրամիջոցների ապօրինի շրջանառության դեմ պայքարի տարի:

Եզրափակելով, կցանկանայի ընդգծել, որ Գլոբալ Կոալիցիան կնպաստի երկրների միջև համագործակցությանը՝ հեշտացնելով հետախուզական տվյալների, փորձառության և լավագույն փորձի փոխանակումը սինթետիկ թմրամիջոցների սպառնալիքների դեմ պայքարում: Այն կարող է ամրապնդել անդրսահմանային համագործակցությունն այնպիսի ոլորտներում, ինչպիսիք են իրավապահ մարմինները, տեղեկատվության փոխանակումը և քաղաքականության համակարգումը: Համապարփակ մոտեցման դեպքում այն կարող է կենտրոնանալ կանխարգելման, վաղ ազդարարման համակարգերի, իրավապահ մարմինների, ապաքինման ծրագրերի և հանրային իրազեկման արշավների վրա: Կարողությունների զարգացումը, գիտելիքների փոխանակումը և ուսումնասիրությունները կարող են օգնել բացահայտելու նոր առաջացող միտումները, նոր նյութերը և զարգացող արտադրության և ապօրինի շրջանառության եղանակները: Այս բոլոր գործողությունները կնպաստեն հանրային առողջության մոտեցումների և վնասների նվազեցման ռազմավարությունների առաջնահերթության սահմանմանը, ապացույցների վրա հիմնված բուժման և վերականգնման ծառայությունների հասանելիության ապահովմանը, ինչպես նաև թմրամիջոցների օգտագործման բացասական հետևանքները նվազագույնի հասցնելու համար վնասի նվազեցման միջոցառումների իրականացմանը:

Մեկ անգամ ևս շնորհավորում եմ բոլորիս այս չափազանց կարևոր Կոալիցիայի ստեղծման կապակցությամբ: Հայաստանը լիովին հավատարիմ է ծրագրին մասնակցություն ունենալու գաղափարին և ակտիվորեն ներգրավվում է նրա բոլոր միջոցառումներին։
Շնորհակալություն ուշադրության համար»։

Ամենից շատ դիտված

20:13 Ժամանակն ամեն ինչ իր տեղը կդնի. Ռոբերտ Քոչարյանի դուստր
15:49 Մտնելու եմ շենք, ով աչքիս դեմը դուրս եկավ, հրաման եմ տալու, ազատելու եմ․ Փաշինյանը սպառնում է
22:21 Հարազատները փնտրում են 74-ամյա պապիկին. նրանք դիմել են ոստիկանություն, որպեսզի օգտագործեն դրոն
20:50 Լուրջ եմ ասում, էդ կոմբայնը սարքել եք տժվժիկ, էդքան միլիարդների մեջ մի կոմբայն եք առել. Վահագն Ալեքսանյան
21:30 Հասան ազգային պարկի ձիերին. նրանք վաճառվում են
17:31 Ծառուկյանի ձերբակալության կադրերից վիրավորված եմ, անգամ հաշվի չեն առել 94-ամյա մորը
17:55 Ոստիկանին ապտակած Վարդաշենի բնակչին տնային կալանք են տվել․ նա բուժման կարիք ունի
20:37 Ուզում եք ասել, որ Սամվել Կարապետյանը իմացել է հանցանքի մասին և թաքցրե՞լ է. Նազելի Բաղդասարյան
16:11 Դուք Վազգեն Սարգսյանի դիակի վրա առևտուր էիք անում․ Խամոյան
22:53 Պատմական օր հայկական ֆուտբոլի համար, ամբողջ կյանքս երազել եմ սրա մասին. Ռուբեն Ռուբինյան