Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 18:25 20-06-2023

ԿԳՄՍ նախարարը հանդիպել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժների հետ

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն այսօր ընդունել է Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժական կազմի ներկայացուցիչներին՝ դպրոցի տնօրեն Անի Քալաշյանի գլխավորությամբ: Այս մասին հայտնում են ԿԳՄՍ նախարարությունից:

Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍՆ գլխավոր քարտուղար Հասմիկ Հակոբյանը, Հանրակրթության վարչության պետի պարտականությունները կատարող Սուսաննա Ազատյանը, Իրավաբանական վարչության պետ Հովհաննես Գևորգյանը:

Քննարկման առանցքում Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցը Արմավիրի Ռ. Եղոյանի անվան թիվ 1 ավագ դպրոցին միացման ձևով վերակազմակերպելու ՀՀ կառավարության որոշման նախագիծն էր:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը ներկայացրել է նախագիծը կրթության ոլորտում պետական բարեփոխումների համատեքստում և անդրադարձել «300 դպրոց, 500 մանկապարտեզ» ծրագրին, որն իրագործելու համար ուսումնասիրվել են թե՛ գյուղական, թե՛ քաղաքային դպրոցները:

«Նախկինում, երբ ավագ դպրոցները նոր էին կազմավորվում, դրանց համար հատկացվել են համեմատաբար ավելի մեծ և ոչ բարվոք վիճակում գտնվող դպրոցներ: Սրանով պայմանավորված՝ այսօր հիմնական դպրոցներում խնդիր ունենք: Այդ դպրոցները, որտեղ սովորում են ավելի մեծ թվով աշակերտներ (1-ից 9-րդ դասարան), զգալիորեն ծանրաբեռնված են, իսկ ավագ դպրոցները, որոնք և՛ ավելի տարողունակ են, և՛ ավելի քիչ թվով աշակերտների են սպասարկում (10-12-րդ դասարան), թերբեռնված են: Ստացվում է, օրինակ, Արմավիրում ունենք 2 ավագ դպրոց, որոնք չեն օգտագործվում ամբողջությամբ: Մեր խնդիրն է այդ 2 դպրոցների ռեսուրսների կիրառմամբ ունենալ 1 ուժեղ ավագ դպրոց»,- ասել է ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Նա նաև ավելացրել է, որ այս համատեքստում դիտարկվում է նաև վերամիավորման արդյունքում ազատվող դպրոցի տարածքը կրթական այլ նպատակով օգտագործելու հարցը: Արմավիրում գործող Բժշկական քոլեջը չունի սեփական շենք. այն վարձակալած է, որի համար պետությունը հավելյալ գումար է վճարում: Գործընթացի ավարտից հետո ավագ դպրոցի շենքը դարձյալ ծառայելու է կրթական նպատակի, այս անգամ՝ քոլեջի ուսանողների համար:

«Յուրաքանչյուրս պատասխանատվություն ունենք մեկ քայլ առաջ մտածելու՝ համակարգային ճիշտ որոշում կայացնելու համար»,- ասել է նախարարը:

Նա անդրադարձել է նաև դպրոցի ուսուցչական և ուսումնաօժանդակ անձնակազմի՝ հետագա գործունեության խնդրին:

Նախարարի ընդգծմամբ՝ այն աշխատակիցներին, որոնք հնարավորություն չեն ունենա աշխատելու կազմավորված նոր դպրոցում, Արմավիր քաղաքի տարածքում կառաջարկվի աշխատանք իրենց մասնագիտությամբ:

«Դպրոցներում մշտապես առկա է մասնագետների կարիք, և մենք յուրաքանչյուր աշխատակցի համար փորձելու ենք առաջարկել համապատասխան աշխատանք՝ անկախ հանգամանքներից»,- ասել է Ժաննա Անդրեասյանը:

Արմավիրի թիվ 4 ավագ դպրոցի մանկավարժները ներկայացրել են իրենց մտահոգությունները՝ այս համատեքստում անդրադառնալով նաև դպրոցի տեղակայման հարցին:

ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը նշել է, որ հանրային քննարկման դրված նախագիծը մինչ վերջնական հաստատման ներկայացնելը` կարող է որոշակի լրամշակումների ենթարկվել` հաշվի առնելով ներկայացված դիտարկումներն ու առաջարկությունները: Ըստ նախարարի` կարվեն հնարավոր բոլոր քայլերը, որ առաջարկվող իրավական գործընթացներում մանկավարժների հետագա գործունեության ապահովումը երաշխավորված լինի:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին