Ներքին 3 տարի առաջ - 17:59 01-06-2023

Ժաննա Անդրեասյանը պետական պարգև է հանձնել սփյուռքահայ մտավորականներին


ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանն Հայոց ցեղասպանության թանգարան-ինստիտուտում հանդիպել է սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանի և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանի հետ:

ՀՀ նախագահ Վահագն Խաչատուրյանի հրամանագրով հայագիտության զարգացման և հայապահպանության գործում ներդրած ավանդի համար սփյուռքահայ մտավորական Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը պարգևատրվել են «Մովսես Խորենացի» մեդալով։ Պետական պարգևը հանձնել է ՀՀ ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանը:

Ողջունելով ներկաներին՝ նա նշել է, որ հաճելի է պետության կողմից գնահատանքի վկայագիր հանձնել վաստակաշատ մտավորականներին, որոնց ողջ կյանքն ու գործունեությունը նվիրված է ազգային կարևոր նպատակների և արժեքների հաստատմանն ու արմատավորմանը, որոնք հանրային և պետական շահերի ամենաուղիղ արտահայտումն են:

«Ուզում եմ շնորհակալություն հայտնել այն մեծածավալ աշխատանքի համար, որն իրականացրել և շարունակում եք իրականացնել: Սա ոչ միայն ինքնին արժեքավոր ուսումնասիրություն է, այլ նաև ճանապարհ է բացում բազում նոր ուսումնասիրությունների համար: Այստեղ ներկայացված աղբյուրագիտական նյութը գալիս է դառնալու հայագիտական ուսումնասիրությունների այն հարուստ հենքը, որը բազմաթիվ այլ հրատարակությունների առիթ է դառնալու:

Կարևոր է, որ հրատարակությունները օտարալեզու են, ինչը նշանակում է, որ դրանք հնարավորություն են ընձեռում նաև օտարազգի գիտնականներին ու հետաքրքրվողներին ծանոթանալու հետազոտական նյութերին: Ապատեղեկատվության այս ժամանակներում օտարալեզու հրատարակությունները տեղեկատվության և իրազեկման տեսանկյունից կարևոր նշանակություն ունեն՝ ճշմարիտ տեղեկատվությունը և պատմական փաստերը հանրությանը հասանելի դարձնելու առումով: Պատրաստակամ ենք աջակցելու ձեր գործունեությանը և համագործակցելու հետագա բոլոր ձեռնարկներում՝ շարունակելու, մեծածավալ ու արժեքավոր նոր հրատարակություններ ու ուսումնասիրություններ հասարակության դատին հանձնելու հարցում»,- նշել է նախարար Ժաննա Անդրեասյանը և կրկին շնորհակալություն հայտնել անվանի մտավորականներին կատարած կարևոր աշխատանքի համար:

Արա Քեթիբյանը և Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը շնորհակալություն են հայտնել պետական բարձր պարգևի համար: Վաստակաշատ մտավորականների ընդգծմամբ՝ գնահատանքն իրապես պարտավորեցնող է:

Նշենք, որ Հայոց ցեղասպանության պատմությունը փաստագրված է տասնյակ հազարավոր փաստաթղթերով՝ դիվանագիտական զեկույցներով, ականատեսների վկայություններով, Հայոց ցեղասպանությունը վերապրած մարդկանց հուշագրություններով և բանավոր պատմություններով: Աղբյուրագիտական առանցքային նշանակություն ունեն 1890-1922 թվականներին օտարերկրյա մամուլի հրապարակումները Օսմանյան Թուրքիայում հայերի զանգվածային տեղահանության, հալածանքների, կոտորածների վերաբերյալ: Հատկապես արժեքավոր տեղեկություններ կարելի է հավաքել այդ տարիների ամերիկյան մամուլից, որտեղ գրեթե ամեն օր լույս էին տեսնում Օսմանյան կայսրությունում դիվանագիտական, միսիոներական և այլ առաքելության ներկայացուցիչների վկայությունները, ահազանգերը, զեկույցները, հաշվետվություններն իրադարձությունների վերաբերյալ:

Ամերիկյան մամուլի ուսումնասիրման և Հայոց ցեղասպանության վերաբերյալ փաստագրական նյութերի ամբողջացման ու հրապարակման գործում զգալի ներդրում ունեն սփյուռքահայ մտավորականներ Արա Քեթիբյանն ու Մխիթարյան միաբանության միաբան Հայր Վահան ծայրագույն վարդապետ Օհանյանը: Նրանք ամերիկյան մամուլի անդրադարձերն ու հրապարակումներն ամբողջացրել են «Հայոց ցեղասպանություն. նախերգանք և հետգրություն: Հաղորդումներ ամերիկյան մամուլում», «Վաշինգտոն փոստի 1890-1922 թթ հրապարակումները» 10 հատորներից բաղկացած ժողովածուում:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը