Ներքին 3 տարի առաջ - 15:30 25-05-2023

Վարդան Ղուկասյանի նկատմամբ խափանման միջոց է ընտրվել կալանքը․ հրապարակվել է նամակագրություն

ՀՀ քննչական կոմիտեն հայտարարություն է տարածել, դրան կցելով Վարդան Ղուկասյանի էլեկտրոնային նամակագրության դրվագներ․

«ՀՀ ՔԿ ԵՔՔՎ ծանր հանցագործությունների քննության բաժնում նախաձեռնված քրեական վարույթի նախաքննությամբ ձեռք են բերվել բավարար փաստական տվյալներ «Հանրային ձայն» կուսակցության ղեկավարներ հանդիսացող՝ «Դոգ» մականունով հայտնի Վարդան Ղուկասյանի, Արտակ Գալստյանի, ինչպես նաև` երկու այլ անձանց կողմից խմբի կազմում քաղաքացի Տ․Ա․-ից 53.806.500 ՀՀ դրամին համարժեք 110.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու, ինչպես նաև` ծառայությունների մատուցման քողի ներքո գիշերային ակումբի պատասխանատու ներկայացուցչին գույքային պահանջներ ներկայացնելու, վերջինիցս առանձնապես խոշոր չափերով՝ 60.000-100.000 ԱՄՆ դոլար գումարի չափով շորթում կատարելու վերաբերյալ.

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ.Ղուկասյանի և Ա.Գալստյանի, ինչպես նաև Վ․Ղուկասյանի՝ ևս երկու հանցակիցների նկատմամբ խմբի կազմում առանձնապես խոշոր չափերով շորթում կատարելու համար հարուցվել է հանրային քրեական հետապնդում։ Ա․Գալստյանին և նշված երկու անձանց ներկայացվել է մեղարդանք, նրանց նկատմամբ որպես խափանման միջոց է ընտրվել կալանքը։

Իրականացված վարութային և ապացուցողական ծավալուն գործողությունների ընթացքում փաստական տվյալներ են ստացվել նաև այն մասին, որ Վ․Ղուկասյանը 2021թ․ հուլիսի 9-ին «Youtube.com» կայքի՝ իր անվամբ բացված անհատական էջով հանրության համար հասանելի ձևաչափով հրապարակված տեսաելույթի ընթացքում ցուցաբերել է դատարանի նկատմամբ անհարգալից վերաբերմունք։

Բացի այդ, 2022թ. նոյեմբերի 12-ին հանրության լայն շրջանակների համար հասանելի «youtube.com» և «facebook.com» սոցիալական կայքերի իր անհատական էջերով հնչեցրել է անձանց խմբի՝ պայմանագրային զինծառայողների նկատմամբ, քաղաքական հայացքներով պայմանավորված, բռնություն գործադրելու հրապարակային կոչեր և արդարացրել նրանց նկատմամբ այդպիսի բռնությունը։

Ձեռք բերված փաստերի հիման վրա Վ․Ղուկասյանի նկատմամբ հարուցվել է հանրային քրեական հետապնդում 2 դրվագ ՀՀ քրեական օրենսգրքի 258-րդ հոդվածի 3-րդ մասի 3-րդ կետով, 489-րդ հոդվածի 2-րդ մասով, 330-րդ հոդվածի 2-րդ մասի 3-րդ կետով, ինչպես նաև՝ 2 դրվագ առերևույթ հանցագործությունը կատարելու պահին գործող՝ ՀՀ քրեական օրենսգրքի 137.1-րդ հոդվածի 2-րդ մասի 1-ին կետով նախատեսված հանցագործություն կատարելու համար։

Վարույթն իրականացնող մարմնի կողմից միջնորդություն է ներկայացվել դատարան՝ Վ․Ղուկասյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու վերաբերյալ, որը բավարարվել է։
Ըստ ՀՀ ՆԳՆ Ոստիկանությունից ստացված տեղեկատվության՝ Ոստիկանությունը միջոց է ձեռնարկել Ինտերպոլի միջոցով Վ․Ղուկասյանի նկատմամբ միջազգային հետախուզում իրականացնելու նպատակով։

Միաժամանակ, քրեական վարույթի շրջանակներում ձեռք են բերվել տվյալներ առ այն, որ Վ․Ղուկասյանը գտնվում է Ամերիկայի Միացյալ Նահանգներում։ Ելնելով դրանից՝ քրեական վարույթին առնչվող բոլոր անհրաժեշտ փաստաթղթերի փաթեթը, ինչպես նաև Վ․Ղուկասյանին հայտնաբերելու, գործող իրավական մեխանիզմներով վերջինիս ՀՀ իրավասու մարմիններին փոխանցելու հարցում անհրաժեշտ օժանդակություն ցուցաբերելու վերաբերյալ ԱՄՆ իրավասու մարմիններին ուղղված իրավական օգնության միջազգային հարցումը փոխանցվել է ՀՀ գլխավոր դատախազությանը՝ այդ ուղղությամբ անհրաժեշտ ընթացակարգ ապահովելու նպատակով:

Ստորև ներկայացվում է քրեական վարույթի շրջանակներում ձեռք բերված՝ բջջային հավելվածի միջոցով գիշերային ակումբի ներկայացուցչի, ինչպես նաև Տ․Ա․-ի հետ (վերջիններիս համաձայնութամբ) Վարդան Ղուկասյանի ունեցած խոսակցության՝ վերաբերելի և կարևոր հատվածների էկրանապատկերները։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում