Միտք 3 տարի առաջ - 10:35 20-04-2023

Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը․ Վահե Հովհաննիսյան


Այլընտրանքային նախագծեր խումբը հրապարակել է քաղաքագետ Վահե Հովհաննիսյանի «Նիկոլը հուշում է իրեն հեռացնելու եղանակը» վերտառությամբ հոդվածը։
Հոդվածն ամբողջությամբ ստորև․

«Նիկոլն ասում է. «Մենք ամենևին էլ իշխող, կառավարող էլիտա չենք, մենք միջին վիճակագրական քաղաքացիներ ենք, ովքեր կառավարելու մանդատ են ստացել»։

«Միջին վիճակագրական քաղաքացին» պարտությունից հետո չհեռացավ, որպեսզի ժողովրդին ազատի պարտության ծանր բարոյահոգեբանական բեռից, ու հիմա պատրաստվում է մտնել բակ, բեսեդկա, տնետուն, որ պարտված-ստորացված-մոլորված միջին վիճակագրական քաղաքացուն ի՞նչ համոզի, համոզի ընդունել նոր պարտությու՞նը, նոր ստորացումնե՞րը։

Բայց իր դեմ հակաթույնը մատնում է հենց ինքը՝ «միջին վիճակագրական» Նիկոլը։
Այո, հենց հիմա մեզ պետք է հանրային, քաղաքական նոր էլիտա, առողջ վերնախավ, միջին վիճակագրականից մի քայլ ավելի առաջ մտածող, որը կասի՝ եկեք տեր կանգնենք մեր պետությանը, պահենք պետությունը։

Հենց մենք ինքներս ճանաչենք մեր պետությունը, մեր թշնամիներն ու բարեկամները նորից մեզ կճանաչեն։ Ու պետք չի մեզ վախեցնել այլոց թալանով. այսօրվա իշխանության ընդդիմախոսների մեծ մասը որևէ կապ չունի այդ տխրահռչակ թալանի հետ, նույն ընդդիմադիր պատգամավորների մեծ մասը որևէ կապ չունի այդ թալանի հետ, ՀՀԿ-ի անունից այսօր հանդես եկող ակտիվ գործիչները կապ չունեն, հանրային գործիչների մեծ շերտը ոչ մի կապ չունեն, Նիկոլի հրաժարականը պահանջող ակտիվ քաղաքացիների ճնշող մեծամասնությունը որևէ կապ չունի, և նրանցից շատերը հենց իրենք հանդես են գալիս սոցիալական արդարության դիրքերից։

Պետական համակարգում մի հսկա հատված հակաիշխանական հայացքներ ունի, բուհական, առողջապահական, մյուս բոլոր ձևավորված համակարգերում հսկայական ընդդիմադիր տրամադրություններ են, և որևէ «թալանչի» նրանց մեջ չկա, աշխատող, նորմալ մարդիկ են, որոնք դեռևս զսպում են իրենց՝ աշխատատեղը չկորցնելու վախից։

Դա ևս շատ ժամանակավոր է, և շատ արագ գալու է պահը, որ զսպել այլևս հնարավոր չի լինելու։ Շատ շուտով այդ «թալանի» նարատիվը չի աշխատելու այլևս։ Արդեն շատերն են հասկացել, որ «թալանչիները» կամ դրսում են ու վայելում են այդ «թալանը», կամ գործող իշխանության հետ լավ հարաբերությունների մեջ են հասցրել մտնել։

Կա՞ արդյոք այսօր իրական պայքար

Այս պահին մենք մեզ խաբում ենք, թե կա պայքար, թե դիմադրում ենք։ Այս պահին որևէ գրագետ պրոցես դեռ չկա։ Ունենք ցաքուցրիվ, տարբեր ամբիոններից ու եթերներից հորդացող ազգային-քաղաքական վոկալ։ Երբեմն՝ գրագետ խոսք, որը, բնականաբար, կորում է այդ աղմուկում։

Լայն հասարակության հետ կոմունիկացիան չի ստացվում, և արդյունք չկա։ Բայց սրա հետևությունը ոչ թե հասարակությանը մեղադրելն է, այլ՝ աշխատանքի վերանայումը։

Մեծ հասարակությունը պետք է լսի պարզ ու հստակ ձևակերպումներ՝ ի՞նչ ենք ասում, ինչի՞ մասին, և պետք է տեսնի, որ իր հետ խոսողը կազմավորված, համակարգված միավորներ, թիմեր են, որոնք պատրաստվում են ստանձնել պրոցեսների կառավարումը։

Սա է քաղաքական «երգ-ասմունքից» քաղաքական պրոցեսի ձևափոխման ճանապարհը, որը թույլ կտա՝ ազատվել ՄԵԿ հոգու իշխանությունից»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ