Խոսք 3 տարի առաջ - 18:46 13-04-2023

ՄԻՊ-ը վարչապետ կոչեցյալի հլու կամակատար գլխավոր դատախազուհու ընկերուհին է

Երեկ ՀՀ ազգային ժողովը Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրեց Անահիտ Մանասյանին: 107 պատգամավորից ընտրությանը մասնակցել է 69 պատգամավոր: Ընդիմությունը չի մասնակցել քվեարկությանը: 69 կողմ ձայնով Մարդու իրավունքների պաշտպանի պաշտոնում ընտրվեց Անահիտ Մանասյանը։

Oragir.News-ն այս մասին զրուցեց իրավապաշտպան Ավետիք Իշխանյանի հետ։

-Պարոն Իշխանյան, արդյո՞ք նման ընտրության ձևով ՄԻՊ-ը՝ Անահիտ Մանասյանը, կկարողանա պաշտպանել քաղաքացիներին։

-Իհարկե, իրական ժողովրդավարական երկրներում ՄԻՊ ընտրությունը, որպես կանոն, լայն կոնսեսուս է ենթադրում՝ իշխանություն, ընդդիմություն, որոշ երկրներում նույնիսկ արտախորհրդարանական մարմիններ, հասարակություն։ ՄԻՊ ընտրությունը մեր սահմանադրությամբ նախատեսված է պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով։ Սույն դրույթով հաշվի է առնված, որ ընտրություններում հիսուն տոկոսից մի փոքր ավելի, այսինքն բացարձակ մեծամասնություն ունեցող քաղաքական ուժը, որը ձևավորում է գործադիր իշխանություն, չի կարող միայնակ ՄԻՊ ընտրել, այն է՝ նշանակում կատարել, և պետք է ՄԻՊ թեկնածուն ընդունելի լինի նաև ընդդիմության համար, որն էլ կապահովի սահմանադրությամբ և նույն օրենքով ՄԻՊ անկախությունը։ Սակայն Հայաստանում առկա են զուտ հայկական «ընտրություններ»։ Եվ 2021 թ․ այսպես կոչված ընտրություններում «հաղթած» ուժն ունի անհրաժեշտ քանակի կոճակ-պատգամավորներ, իրենց տիրոջ արդեն նշանակած ՄԻՊ «թեկնածուին» «ընտրելու» համար։ Այսպիսի «ընտրության» պարագայում խոսել ՄԻՊ-ի կողմից քաղաքացիների իրավունքները պաշտպանելու մասին, ավելորդ զբաղմունք է։ Ինչ վերաբերում է ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածուի քվեարկությունը բոյկոտելուն, ապա թող ներող լինի Էդգար Ղազարյանը, ընդդիմության կողմից ՄԻՊ թեկնածուի առաջադրումը միայն մասնակիորեն լեգիտիմացրեց ՄԻՊ «ընտրությունը»։

-Արդյո՞ք Մանասյանը հանրային վստահություն ունի, լեգիտի՞մ է, թե՞ ոչ։

-Մի պահ մոռանանք, որ նույն ՄԻՊ-ի մասին օրենքը սահմանում է, որ ՄԻՊ թեկնածուն պետք է հասարակության մեջ մեծ հեղինակություն վայելի։ Այս դրույթը, հատկապես հայաստանյան իրականության մեջ, շատ սուբյեկտիվ է։ Իմ համոզմամբ, այսօր Հայաստանում հանրային լայն վստահություն ունեցող գործիչ գոյություն չունի, իսկ իշխանության մեջ եղող գործիչների հանրային, նույնիսկ չնչին վստահության մասին ընդհանրապես խոսք լինել չի կարող։ Իսկ նորանշանակ ՄԻՊ-ը ոչ միայն չունի հանրային վստահություն, այլ նա բոլորովին անծանոթ է հանրությանը։ Նա ընդամենը վարչապետ կոչեցյալի հլու կամակատար գլխավոր դատախազուհու ընկերուհին է։ Ի դեպ, աշխատելով դատախազ, նրա մոտ ձևավորված է մարդկանց պատժելու հոգեբանությունը, այլ ոչ թե իրավունքի, օրենքի գերակայությունը և մարդկանց պաշտպանությունը։ Այսպիսով, ունենք մի իրավիճակ, որ Հայաստանում գործում են վարչապետ կոչեցյալին նվիրված երկու տանդեմներ՝ ԲԴԽ նախագահ- Արդարադատության նախարար մտերիմ ընկերներ և Գլխավոր դատախազուհի-ՄԻՊ մտերիմ ընկերուհիներ։ Ինչ վերաբերում է լեգիտիմության հարցին, ապա կարծում եմ՝ Ձեր առաջին հարցի պատասխանում այդ մասին ասել եմ։ Սակայն հատուկ ուզում եմ նշել, որ 2019 թ․ հետո Հայաստանում այլևս որևէ լեգիտիմ պետական կառույց գոյություն չունի։ Հիշենք Սահմանադրական դատարանի հակասահմանադրական ջախջախումը, Բարձրագույն դատական խորհրդի, Կենտրոնական ընտրական հանձնաժողովի, Տեղական ինքնակառավարման մարմինների յուրացումը և այլն, էլ չխոսենք պատերազմ հրահրած, հազարավոր զոհեր տված, Արցախի ու Հայաստանի տարածքները թշնամուն նվիրած ոչ լեգիտիմ վարչապետ կոչեցյալի մասին։

Անի Ներկարարյան

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
08:49 Սյունիքում անօդաչու թռչող սարքեր են նկատել․ «Հրապարակ»