Ներքին 3 տարի առաջ - 15:17 13-03-2023

Շիրակի մարզում իրավիճակը ծայրահեղ խնդրահարույց է․ փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել

Շիրակի մարզի փաստաբանները պատրաստվում են գործադուլ անել, պատկան մարմինները պետք է հասկանան, որ Շիրակի մարզում իրավիճակը ծայրահեղ խնդրահարույց է։ Մարզի դատարանների դատավորները պարբերաբար փոխվում են՝ ինքնահոսի թողնելով դատական գործերը, ինչի պատճառով Շիրակի մարզի դատարանները պարալիզացվում են։ Այս մասին այսօր Փաստաբանների պալատում մարզի փաստաբանների հրավիրած ասուլիսի ընթացքում հայտարարեց փաստաբան Արամայիս Հայրապետյանը՝ նշելով, որ վերջին տարիներին դատավորների հաճախակի տեղափոխությունների պատճառով Շիրակի մարզում, ըստ էության, գործ ունեն մերժված արդարադատության հետ։

«Որևէ դատավոր գործն ընդունում է իր վարույթում, սկսում է գործի քննությունը, հասնում է որոշակի փուլի, տեղափոխվում է այլ դատարան, նոր եկած դատավորը ստիպված է լինում այդ գործը սկսել զրոյից։ Քաղաքացիները, որոնց գործերը գտնվում են դատաքննության փուլում, տարիներ շարունակ չեն կարողանում իրենց գործով որևէ ելքի հասնել»,- ասաց փաստաբանը։

Փաստաբանի խոսքով՝ գործերը հիմա այնքան են կուտակվել, որ նույնիսկ հաստիքների լրիվ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել․

«Գործերն այնքան են կուտակվել, որ հաստիքների նույնիսկ համալրման դեպքում Շիրակի մարզում գործերի քննության ողջամիտ ժամկետ հնարավոր չէ պահպանել։ Վերջին երկու-երեք տարում Շիրակի մարզում 13-14 դատավորների տեղափոխություն է եղել, այսինքն՝ ողջ կազմի: Ավելին, Շիրակի մարզում ամենաերկար մնացած դատավորը մնացել է մոտ մեկ տարի։ 1-1.5 տարի աշխատում են, անգամ՝ մի քանի ամիս աշխատում են, հետո տեղափոխվում Երևան կամ այլ մարզեր, որի արդյունքում նրա վարույթում գտնվող քրեական գործերը գումարվում են նոր գործերին, տրվում է այլ դատավորի, ստացվում է, որ ամիսներ շարունակ քրեական գործը քննում են, ռեսուրսներ վատնում, բայց գործը որևէ լուծում չի ստանում»։

Արամայիս Հայրապետյանն ընդգծեց, որ տեղափոխությունների պատճառով առաջացած խնդիրներից է նաև քաղաքացիների իրավունքների մասսայական խախտումները. «Այսինքն քաղաքացիները, ովքեր իրենց իրավունքի պաշտպանության համար դիմել են դատարան, տևական ժամանակ չեն իմանում իրենց գործի վերաբերյալ ելքն ինչպիսին է լինելու»։

Փաստաբանն օրինակի համար նշեց, որ կա քրեական գործ, որը մուտք է եղել 2022 թ. հուլիսին, արդեն 4-րդ դատավորը պետք է քննի այդ գործը։

«Կա խնդիր, որն այնքան է հասունացել, որ քաղաքացիների դատական պաշտպանությունը որպես այդպիսին չի գործում, և այս խնդիրը կանխելու, ապագայում նոր փոփոխություններ թույլ չտալու կամ պատկան մարմինների ուշադրությունը հրավիրելու համար այսօր ասուլիս են հրավիրել ու հայտնում են, որ ապագայում այդ խնդիրը շարունակվելու դեպքում անցնելու են ամենածայրահեղ միջոցի, Շիրակի փաստաբանները պատրաստ են անգամ գործադուլ հայտարարել, ընդհանրապես դատական նիստերին չմասնակցել, միգուցե այդ կերպ պատկան մարմինները ուշադրություն դարձնեն այս խնդրին ու հասկանան, որ իրավիճակը Շիրակի մարզում իրոք ծայրահեղ խնդրահարույց է»,- ասաց փաստաբան Հայրապետյանը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում