Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 12:04 20-02-2023

Օտարերկրացիների ամուսնության դեպքերը մոտ 10 անգամ աճել են. ի՞նչ խնդիրների են նրանք բախվում ամուսնության և ամուսնալուծության հարցերում. փաստաբան

Ռուս-ուկրաինական պատերազմի հետևանքով Հայաստանում օտարերկրացիների մեծ հոսք է նկատվում: Ոմանք այստեղ տեղափոխվում են մշտական բնակության՝ տեղափոխելով իրենց գույքը, բիզնեսը:

Oragir.News-ը հարցում էր ուղարկել ՔԿԱԳ՝ խնդրելով տրամադրել 2018-2023թթ ամուսնությունների և ամուսնալուծության քանակը:

Ըստ այդմ՝ 2022թ օտարերկրյա քաղաքացիների 364 ամուսնության դեպք է գրանցվել:

Օտարերկրյա քաղաքացիների ամուսնության դեպքերը 2018թ համեմատ մոտ 10 անգամ ավելացել են, եթե 2018-2020թթ Հայաստանում գրանցվում էր օտարերկրացիների ամուսնության 30-50 դեպք, ապա 2021թ այդ թիվը դարձավ 167, իսկ այս տարվա առաջին ամսում արդեն իսկ 43 ամուսնություն է գրանցվել:

Օտարերկրյա քաղաքացիները մեր երկրում ավելի քիչ են ամուսնալուծվում, նախորդ տարի այդ թիվը կազմել է 11, 2021՝ 13, իսկ 2018-2020թթ՝ 4-6:

Ինչ վերաբերում է ՀՀ և օտարերկրյա քաղաքացու ամուսնությանը, ապա նախորդ տարի գրանցվել է 1257 ամուսնություն, 2021թ՝ 1383:

Բավականին մեծ թիվ են կազմում նաև ՀՀ և օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծության դեպքերը, նախորդ տարի՝ 238 դեպք, իսկ այս տարի արդեն իսկ 26 դեպք:

Մեզ տրված վիճակագրությունը՝ ստորև:



Oragir.News-ի հետ զրույցում MGM_Partners-ի փաստաբան Աննա Ավետիսյանն անդրադարձել է թեմայի վերաբերյալ ամենահետաքրքրական հարցերին

-Ինչպես է իրականացվում օտարերկրացիների ամուսնության գրանցումը:

-Ամուսնությունը թե ՀՀ քաղաքացիների, թե օտարերկրյա քաղաքացիների համար իրականացվում է միասնական կարգով՝ ամուսնացողների դիմումի հիման վրա, դիմումին կցվում է նաև ամուսնացողների անձը հաստատող փաստաթղթերը:

Եթե նախկինում անձը գտնվել է գրանցված ամուսնության մեջ, ապա ներկայացվում է նաև այդ ամուսնության դադարեցման համար հիմք հանդիսացած փաստաթուղթը:

Օտարերկրացիներից պահանջվում է նաև նրանց մշտական բնակության երկրի իրավասու մարմնից ստացված ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկանք: Նման տեղեկանք պահանջելու պատճառն այն է, որ օտարերկրացիների ընտանեկան կարգավիճակի վերաբերյալ տեղեկություններ ՀՀ գրանցամատյաններում առկա չեն և ՀՀ պետական մարմինը այլ կերպ չի կարող պարզել անձի ընտանեկան կարգավիճակը ամուսնություն կնքելու պահին:

Փաստաթղթերը և դիմումը ՔԿԱԳ մարմին հանձնելուց հետո իրականացվում է ամուսնության գրանցումը: Դիմումի մեջ ամուսնացողները կարող են նշել այն օրը, երբ իրենց համար առավել ցանկալի է կնքել ամուսնությունը: Օրենքով ամուսնության օրվա վերաբերյալ նախատեսված է սահմանափակում՝ ոչ շուտ, քան դիմումը հանձնելու օրվան հաջորդող աշխատանքային օրը, և ոչ ուշ, քան վեց ամիսը:

Ամուսնության գրանցման հիման վրա տրվում է ամուսնության վկայական: Ամուսնության պետական գրանցման համար պետական տուրք չի գանձվում: Պետական տուրքեր նախատեսվում են հանդիսավոր արարողության՝ 20.000 ՀՀ դրամ, ամուսնացողների նշած վայրում՝ ՔԿԱԳ տարածքից դուրս վայրում՝ 40.000 ՀՀ դրամ, ՔԿԱԳ տարածքից դուրս, ոչ աշխատանքային օրերին՝ 60.000 ՀՀ դրամ:

-Ինչպե՞ս է իրականացվում ամուսնալուծությունը:

-Ամուսնալուծությունը ՀՀ տարածքում իրականացվում է ՀՀ օրենսդրությամբ սահմանված կարգով: Ամուսնալուծության պետական գրանցման համար անհրաժեշտ է երկու կողմերի համատեղ դիմումը, կամ ամուսիններից մեկի դիմումը, եթե մյուսին դատարանը ճանաչել է անհայտ բացակայող կամ անգործունակ, կամ մյուսը դատարանի դատավճռով դատապարտվել է ազատազրկման, ամուսիններից մեկի դիմումը և դատարանի՝ օրինական ուժի մեջ մտած վճիռը՝ դատական կարգով ամուսնալուծություն կատարելու դեպքում:

Օտարերկրացիների ամուսնալուծության դեպքում գործում է մեկ կարևոր առանձնահատկություն. ՀՀ ՔԿԱԳ մարմինը կարող է գրանցել օտարերկրյա քաղաքացիների ամուսնալուծությունը այն դեպքում, երբ ամուսնությունը գրանցվել էր ՀՀ ՔԿԱԳ մարմնի կամ ՀՀ հյուպատոսական հիմնարկում կամ այն դեպքում, երբ ամուսնությունը, որը լուծվում է, գրանցել է օտարերկրյա պետությունը, և Հայաստանի Հանրապետությունն իրավասու է լուծելու այդ ամուսնությունը երկկողմ կամ բազմակողմ միջազգային պայմանագրի հիման վրա:

ՌԴ քաղաքացիների դեպքում, ՀՀ և ՌԴ հանդիսանում են Քաղաքացիական, ընտանեկան և քրեական գործերով իրավական օգնության և իրավական հարաբերությունների մասին Մինսկի 1993 թվականի հունվարի 22-ի կոնվենցիայի անդամ-երկրներ, հետևաբար, ամուսնալուծության վերաբերյալ գործերով իրավասու են երկու երկրների մարմինները:

Ամուսնալուծության պետական գրանցումն իրականացվում է ամուսնալուծության մասին դիմում տալու օրվանից մեկ ամիս անցնելուց հետո:

Ամուսնալուծության պետական գրանցման համար գանձվող պետական տուրքի գումարը կազմում է 10.000 ՀՀ դրամ: Ամուսնալուծության պետական գրանցման ժամկետի կրճատման՝ ամուսնալուծվողների ցանկությամբ նշանակված օրը ամուսնալուծության պետական գրանցման համար պետական տուրքը կազմում է 100.000 ՀՀ դրամ:

-Եկեղեցով ամուսնության գրանցումը ինչպե՞ս է իրականացվում:

-Եկեղեցում քահանայի կողմից Հայաստանյայց Առաքելական սուրբ եկեղեցական ծեսերով կնքված ամուսնության հիման վրա տրամադրվում է վկայական, որը հավաստում է ամուսնացողների միջև կանոնական ծեսով իրագործված ամուսնությունը: Հայաստանի Հանրապետությունում օրենսդրորեն ներկա պահին ճանաչվում է միայն ՔԿԱԳ մարմինների կողմից գրանցված ամուսնությունը և ամուսնալուծությունը:

Օրենսդրորեն նախատեսված է Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու` կանոնական ծեսով իրագործած ամուսնությունների ու հռչակած ամուսնալուծությունների ճանաչման հնարավորությունը Հայաստանի Հանրապետության կողմից, սակայն գործնականում դա անհնար է Հայաստանի Հանրապետության կառավարութան և Հայաստանյայց Առաքելական Սուրբ Եկեղեցու միջև համապատասխան համաձայնագրի բացակայության պատճառով:

-Ինչ խնդիրներ են ունենում օտարերկրացիներն ամուսնության, ամուսնալուծության հարցերում:

-Օտարերկրացիների՝ ՀՀ տարածքում ամուսնության և ամուսնալուծության հիմնական խնդիրներից է թերևս լեզվի խնդիրը, քանի որ ՀՀ տարածքում պետական մարմինների, այդ թվում՝ ՔԿԱԳ մարմինների թղթակցությունն իրականացվում է հայերենով: Նման պարագայում, օտարերկրացուն առնվազն անհրաժեշտ է թարգմանիչ, որպեսզի նա հասկանա իր կողմից ներկայացվող դիմումների բովանդակությունըն նախքան դրանք ստորագրելը:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ

Ձեզ գուցե հետաքրքրի