Ներքին 3 տարի առաջ - 09:52 20-02-2023

Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու․ Փաշինյանի ուղերձը

ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանն ուղերձ է հղել Ղարաբաղյան շարժման 35-րդ տարեդարձի առթիվ։ Ուղերձում, մասնավորապես, ասված է․

«35 տարի առաջ այս օրերին սկսվեց ղարաբաղյան շարժումը: 1988 թվականի փետրվարի 20-ից սկիզբ առած բողոքի ինքնաբուխ ու բազմամարդ ցույցերը Հայոց պատմության մեջ կմնան որպես ազգային զարթոնքի, միասնության ու ազատագրական պայքարի խորհրդանիշ:

Շարժումը մեր պետականության վերականգնման առաջին քայլը հանդիսացավ, որով վերագտանք ազատ և անկախ ապրելու, մեր ճակատագիրը կերտելու ու մեր ապագան տնօրինելու վճռականությունը:
Ղարաբաղյան շարժումն արցախցիների՝ իրենց իրավունքները պաշտպանելու և սեփական հողի վրա արժանապատիվ կյանքով ապրելու իրավունքն ու կամքն արտահայտելու համար էր:

35 տարի անց էլ Լեռնային Ղարաբաղի հայությունը կանգնած է լրջագույն մարտահրավերների առաջ:

Այսօր էլ մեր հայրենակիցները գտնվելով շրջափակման մեջ՝ ստիպված են իրենց իրավունքների ու անվտանգության պաշտպանության կամքն արտահայտել: Ինչպես բազմիցս եմ նշել՝ Ադրբեջանի այս գործողությունները մեկ նպատակ ունեն՝ կոտրել սեփական Հայրենիքում ապրելու Լեռնային Ղարաբաղի բնակչության կամքը, ինչը, սակայն, համոզված եմ, անկոտրում է ու անսասան:

Հարգելի հայրենակիցներ,

Մենք շարունակում ենք բազմապատկել մեր ջանքերը՝ Լեռնային Ղարաբաղում ծայր առած հումանիտար ճգնաժամի վրա միջազգային ուշադրությունը կենտրոնացնելու ուղղությամբ, քանի որ միայն միջազգային հանրության չնվազող ակտիվությունն է Ադրբեջանի ագրեսիվությունը և սադրիչ գործելակերպը զսպելու, 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ ստանձնած պարտավորությունները լիարժեք իրականացնելու և Լաչինի միջանցքն ապաշրջափակելու եղանակը:

Միաժամանակ, մենք շարունակելու ենք արցախահայության սոցիալ-տնտեսական խնդիրների լուծման, անվտանգային մարտահրավերների հաղթահարման, Արցախի հայության իրավունքների ու անվտանգության պաշտպանության մեխանիզմների ձեւավորմանն ուղղված մեր հետևողական քայլերը:

Այս նպատակների իրականացումը պահանջում է անմնացորդ աշխատանք ու այդ աշխատանքի մեջ պիտի լինենք անսասան:

Սիրելի արցախցիներ,

Եղեք ամուր և անկոտրում՝ հանուն հայրենիքում խաղաղ, անվտանգ ապրելու և արարելու:

Համաշխարհային և տարածաշրջանային նոր մարտահրավերներին հանդիման, մենք պիտի կենտրոնացնենք մեր ուժերը խաղաղության օրակարգի իրագործման համար, որքան էլ հասկանում ենք այդ ճանապարհին մեզ սպասվող բարդություններն ու խնդիրները:

Մեծ հաշվով խաղաղ, արժանապատիվ և անվտանգ կյանքն է եղել Ղարաբաղյան շարժման բովանդակային նպատակը և մենք պիտի շարժվենք այդ նպատակին ընդառաջ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը