Ներքին 3 տարի առաջ - 20:01 11-02-2023

Ըստ երևույթին, Խովաևը Երևան է եկել առարկայական առաջարկով, որ Միրզոյանն այցի ընթացքում զանգել է Լավրովին․ քաղաքագետ

Եռակողմ հանդիպումներն առաջին հերթին դիվանագիտական աշխատանքի մաս են։ Առնվազն այդ տրամաբանությամբ, դրանք կարևոր և անհրաժեշտ են։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց քաղաքագետ Հակոբ Բադալյանը՝ անդրադառնալով ՌԴ փոխարտգործնախարարի հայտարարությանը, թե իրենք չեն հրաժարվել Հայաստանի, Ռուսաստանի և Ադրբեջանի արտգործնախարարների եռակողմ հանդիպման ձևաչափից և այժմ մշակվում է առաջիկա հանդիպումը։

«Իհարկե, ավելի ստույգ հասկանալու համար պետք է հասկանալ դրանց կոնկրետ օրակարգն ու բովանդակությունը, որովհետև կարող է լինել նաև իրավիճակ, երբ որոշում կայացվի չմասնակցել։ Իսկ ընդհանուր առմամբ, մենք գործ ունենք ռեգիոնալ խոշոր դերակատարներից մեկի հետ։ Բնականաբար, այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքը պարզապես անհրաժեշտություն է, ինչպես շատ այլ ուղղություններով, որտեղ սուբյեկտները մեծ ազդեցություն ունեն Կովկասում առկա իրավիճակի վրա։ Ռուսաստանը դրանցից մեկն է։ Հայաստանի և Ռուսաստանի փոխադարձ կապերի մասին խոսելը, բնականաբար, ավելորդ է։ Եվ չնայած խնդիրներին և շատ հարցերում առկա տարբեր մոտեցումներին և պատկերացումներին՝ դա ուղղություն է, որով պետք է աշխատել»,- ասաց նա։

Այս առումով, քաղաքագետն ուշադրություն հրավիրեց մի կարևոր փաստի վրա․ իր խոսքով, հետպատերազմյան շրջանում առայժմ միակ փաստաթղթավորված գործընթացը, որի առնչությամբ Ադրբեջանն ունի պարտավորություններ՝ Ռուսաստանի մասնակցությամբ եռակողմ ձևաչափն է։
«Այնտեղ շեշտադրված է Լեռնային Ղարաբաղի որոշակի սուբյեկտության հանգամանքը, թեկուզ անուղղակի, բայց բավականին շոշափելի ձևակերպումներով։ Սրանք ևս հանգամանքներ են, որոնք այդ ուղղությամբ դիվանագիտական աշխատանքները դեարձնում են անհրաժեշտ,- ասաց նա։

Այդուհանդերձ, փորձագետը խորհուրդ չի տալիս մեծ հույսեր կապել եռակողմ հանդիպումների արդյունքում հայկական շահերի պաշտպանության երաշխավորության առումով։
«Ավելին, այդտեղ կան բազմաթիվ ռիսկեր, բայց սա էլ հենց դիվանագիտության աշխատանքի խնդիրն է։ Այսինքն, առաջ մղել սեփական մոտեցումներն ու փորձել առավելագույնը չեզոքացնել այն զարգացումները, որոնք չեն բխում մեր շահերից»,- ասաց նա։

Այսպիսի հանդիպումներն, ըստ փորձագետի, տեղի են ունենում որոշակի բովանդակություն համաձայնեցնելու արդյունքում։ Իր խոսքով, դրանք արդեն իսկ ինչ-որ տեղի ունեցած գործընթացի արդյունք են։
«Թե՛ ժամանակային և թե՛ ձևաչափային հանգամանքները պայմանավորված են լինում դրանով։ Մենք հիմա տեսնում ենք բավականին ակտիվ պրոցես և ակտիվություն թե՛ Ռուսաստանից, թե՛ ԱՄՆ-ից ու Ֆրանսիայից։ Հայաստանում էր Ռուսաստանի արտգործնախարարի հատուկ ներկայացուցիչ, Մինսկի խմբի համանախագահ Խովաևը, որի Հայաստանում գտնելու ընթացքում Արարատ Միրզոյանը, փաստորեն, զանգահարում ու հեռախոսազրույց է ունենում Լավրովի հետ։ Սա հիմք է տալիս խոսելու, որ Խովաևը Երևան է եկել առարկայական առաջարկով և այդ ընթացքում առաջացել է Լավրովի հետ արագ քննարկումների անհրաժեշտություն»,- ասաց նա։

Միևնույն ժամանակ, փորձագետը հիշեցնում է Ֆրանսիայի և ԱՄՆ արտգործնախարարների միջև կայացած հեռախոսազրույցի ընթացքում տեղի ունեցած քննարկումների փաստը։
«Տեսնում ենք, որ այդ հեռախոսազրույցում քննարկվել է հայ- ադրբեջանական հարցն ու Լաչինի միջանցքի թեման։ Այդ մասին Ֆրանսիայի արտգործնախարարությունն էր հայտարարություն տարածել։ Այդտեղ նշվում է, որ Վաշինգտոնն ու Փարիզը միավորում են ջանքերը՝ խնդրի լուծման ուղղությամբ՝ Փաշինյան-Ալիև շփումների միջոցով։ Մենք տեսնում ենք, որ կա այս բավական ակտիվ պրոցեսը։ Դրա արդյունքում երթադրվում է, որ կլինեն նաև հանդիպումներ։ Դրանք կարող են լինել թե՛ մի հարթակում, այսինքն, պայմանական, արևմտյան հարթակում, թե՛ ռուսական հարթակում»,- ասաց նա։

Այդուհանդերձ, քաղաքագետը, շեշտում է ակնհայտ իրականությունը․ պայմանական այդ երկու բևեռներում գտնվող խոշոր խաղացողների միջև առկա մրցակցությունը շարունակվում է։
«Այդ մրցակցությունը, բնականաբար, պայմանավորված է ո՛չ միայն ինքնին Կովկասով, այլ լայն իմաստով աշխարհում տեղի ունեցող իրենց այդ դիմակայությամբ, որն Ուկրաինայում ծավալվում է ավելի թեժացող պատերազմի միջոցով։ Հիմա տեսնում ենք, որ Ուկրաինայում պատերազմի աստիճանը լարվածության և մասշտաբի, կիրառվող զինատեսակների աստիճանը կարող է էլ ավելի ընդլայնվել ու թեժանալ։ Սա, իր ազդեցությունն, անխուսափելիորեն կարող է թողնել նաև Կովկասում իրավիճակի վրա։ Հուսանք՝ ո՛չ ռազմական ռիսկերով և սպառնալիքներով, բայց նաև սա նշանակում է, որ քաղաքական մրցակցությունը և պայքարն էլ կթեժանան»,-ասաց նա։

Հակոբ Բադալյանի գնահատմամբ, Կովկասը դիտվում է, որպես Ռուսաստանի թուլացնելու ու այդ երկրի նկատմամբ ճնշում բանեցնելու գոտի։
«Անշուշտ, այս ընկալումը կա՝ հաշվի առնելով Ռուսաստանի համար Կովկասի նշանակությունը։ Այստեղ առաջաում է նաև Իրանի հարցը։ Այսինքն, Իրանը մի առանձին հարց է Արևմտյան բևեռի օրակարգում։ Մենք գիտենք, որ այդ հարցն ավելի սրվում է ռուս- իրանական գործակցության սերտացմամբ։ Եվ սա նշանակում է, որ Կովկասում կակտիվանա Ռուսաստանի և Իրանի հանդեպ քաղաքական- դիվանագիտական ճնշման ջանքը։ Բնականաբար, նրանք էլ, և առաջին հերթին Ռուսաստանը, փորձելու են ակտիվությամբ հակազդել այդ ջանքերին ու պայքարել իր դիրքերի ամրության համար։ Այստեղ, բնականաբար, առաջանում են ռիսկեր՝ հաշվի առնելով, որ Ադրբեջանն է դառնում այդ մրցակցության հիմնական շահառուն։ Այսինքն, այդ երկիրն ունենալով իր այդ հայտնիէներգետիկ և այլ հնարավորությունները՝ բոլոր փորձում են Ադրբեջանի հանդեպիրենց վերաբերմունքվ ստանալ որոշակի առավելություն՝ մյուսի նկատմամբ։ Սա, իհարկե, մեզ համար ռիսկեր է առաջացնում։ Եվ Երևանի խնդիրն է մի կողմից աշխատել այդ բոլոր ուղղություններով, մյուս կողմից՝ այդ աշխատանքի առանցքում պետք է լինի այդ ռիսկերն առավելագույնս չեզոքացնելը»,- եզրափակեց փորձագետը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur