Ներքին 3 տարի առաջ - 17:36 24-01-2023

ՄԻՊ-ից հետո որևէ այլ պաշտոն գործադիրում կամ օրենսդիրում՝ դա պաշտոնի իջեցում է․ Լարիսա Ալավերդյան

Երեկ հայտնի դարձավ, որ ՀՀ Մարդու իրավունքների պաշտպան Քրիստինե Գրիգորյանը հրաժարականի դիմում է ներկայացրել ԱԺ։

Հայաստանի Մարդու իրավունքների առաջին պաշտպան Լարիսա Ալավերդյանն Oragir.News-ի հետ զրույցում, անդրադառնալով Գրիգորյանի հրաժարականին, ասաց, որ ՄԻՊ-երից ոչ մեկի գործունեության վերաբերյալ քննադատությամբ հանդես չի եկել, այլ հանդես է եկել միայն հորդորներով ու խորհուրդներով։

«Հիմա իմ այդ դիրքորոշումը պահպանելով՝ պետք է նախ ասեմ, որ ինքս շատ վրդովվում եմ, երբ Մարդու իրավունքների պաշտպանը հրաժարվում է պաշտոնից՝ այս կամ այն պատճառաբանությամբ։ Մենք ունեցել ենք 2 պաշտպան, ոչ այլ աշխատանքի տեղափոխվելու պատճառով, ոչ էլ քաղաքական պատճառներով հրաժարական չեն ներկայացրել, այդ պաշտպանները ես և Արման Թաթոյանն էինք, մյուսներն այս կամ այն պատճառաբանությամբ հրաժարական են տալիս։

Ես մերժում եմ այդ մոտեցումը, քանի որ Մարդու իրավունքների պաշտպանը հասարակ պաշտոն չէ, դա առաքելություն է, և բավականին մեծ դերակատարություն պետք է ունենան այդ առաքելությունը կատարողները՝ երկիրը իրավական պետություն դարձնելու ճանապարհին։

Ցավոք, աննախադեպ է, որ այդքան կարճ ժամանակ պաշտոնավարելուց հետո և ինձ համար տարօրինակ պատճառաբանությամբ տիկին Գրիգորյանը հրաժարական է ներկայացնում, թե մեկ այլ աշխատանքի է գնում։ Եթե այդ այլ աշխատանքը որևէ բանով առավելություն ունենար՝ աշխատավարձ, ավելի բարձր պաշտոն, դեռ կարելի էր հասկանալ, բայց որևէ պաշտոն չի լինելու ավելի բարձր, քան սա էր։

Ես ուզում եմ բերել Լեհաստանի ՄԻՊ Էվա Լինտովսկայային, երբ իրեն առաջարկում էին առաջադրվել նախագահի պաշտոնում, ընդ որում՝ շատ մեծ հավանականությամբ, որ կընտրվի՝ նա ասել է, որ ՄԻՊ-ից հետո որևէ այլ պաշտոն գործադիրում կամ օրենսդիրում՝ դա պաշտոնի իջեցում է։ Ես նույնն ասել եմ նաև մյուս պաշտպանների հրաժարականների ժամանակ, ասում եմ նաև հիմա»։

Անդրադառնալով Գրիգորյանի գործունեությանը՝ նա ընդգծեց, որ եթե համեմատելու լինի Արման Թաթոյանի գործունեության հետ, ապա հետագայում ցանկացած պաշտպանի համար Արման Թաթոյանի փորձը լինելու է մարտահրավեր։

«Նրա գործունեությունը կատարյալ էր, որքանով հնարավոր էր՝ Թաթոյանն ընդգրկված էր բոլոր ոլորտներում, և ուներ բավական գովասանքի արժանի աշխատակազմ, գովասանքի արժանի թիմ։ Միաժամանակ, Թաթոյանն ուներ շատ կարևոր է՝ անձնային որակներ, այն է՝ ազնվություն, անկախություն, որը եղել է պատշաճ մակարդակի վրա։ Պատահական չէ, որ Արման Թաթոյանի ռեյտինգը շատ բարձր էր, ով էլ լինի՝ նրա օրինակը մարտահրավեր է լինելու։

Գրիգորյանը շատ ավելի պասիվ էր, ինչ վերաբերում է անկախությանը՝ նրա պաշտոնավարման ընթացքում արդեն այդ մարմինն անկախ չի եղել։ Ես այս ամենը չէի ասեի, եթե այսօր այդ հրաժարականը չլիներ, ես կասկած չունեմ, որ պաշտոնանկությունն արվում է իշխանությունների կողմից»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում