Ներքին 3 տարի առաջ - 13:04 23-01-2023

Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կանգնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ

Արցախի Հանրապետության Մարդու իրավունքների պաշտպանը հրապարակել է զեկույց Ադրբեջանի կողմից Արցախի կենսական նշանակության ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանման հետևանքով մարդու իրավունքների խախտումների վերաբերյալ։

Զեկույցում փաստեր են ներկայացվել Ադրբեջանի կողմից Արցախի կենսական ենթակառուցվածքների՝ գազամատար խողովակի, էլեկտրական լարերի, հեռահաղորդակցության և համացանցի լարերի բնականոն աշխատանքի դիտավորյալ խափանումների պատճառով Արցախի ժողովրդի իրավունքների համատարած ու լայնածավալ խախտումների վերաբերյալ, որոնք շարունակվող շրջափակման պայմաններում քաղաքացիական բնակչությանը կանգնեցնում են հումանիտար աղետի առաջ։

Ցուրտ եղանակային պայմաններում, երբ Արցախի տարածքում միջին ջերմաստիճանը տատանվում է -2 - +2 աստիճան ցելսիուսի շրջակայքում, երբեմն հասնելով նաև -5 աստիճան ցրտի, բնակելի տները, տեղահանված անձանց ժամանակավոր բնակության վայրերը, բոլոր տեսակի կրթական ու առողջապահական հաստատություններն ու մասնավոր ձեռնարկությունները, պետական հիմնարկները գազը օգտագործում են որպես ջեռուցման հիմնական միջոց։ Գազամատակարարման դիտավորյալ խափանումները բնակչությանը զրկում են գազով ջեռուցման և տաք ջրի հնարավորություններից:

Հայաստանից դեպի Արցախ եկող բարձրավոլտ լարերի վնասման և դրանց վերականգնման աշխատանքներն Ադրբեջանի կողմից արգելափակելու հետևանքով հունվարի 9-ից շարունակում է դադարեցված մնալ նաև էլեկտրականության ներմուծումը։ Բնակիչներին մատակարարվում է տեղում արտադրվող էլեկտրաէներգիա, որի ծավալների անբավարարության պատճառով, բնակչությունը էլեկտրականություն է ստանում 6-ժամյա հովհարային անջատումների գրաֆիկով, որը գրեթե անհնար է դարձնում գազի մատակարարմամբ ջեռուցումը էլեկտրական ջեռուցմամբ փոխարինելը։

Գազամատակարարման խափանումները և էլեկտրականության սահմանափակ օգտագործման հնարավորությունը ուղիղ ազդում են նաև ընտանիքներում սննդի բնականոն կազմակերպման վրա։
Էլեկտրականության խնայողության նպատակով պետական հաստատությունները հունվարի 19-ից անցել են կարճ աշխատանքային ռեժիմի, որը բացասաբար է ազդում հանրությանը անհրաժեշտ ծառայություններ մատուցելու և հանրային կյանքը կազմակերպելու գործընթացի վրա։
Ստեղծված իրավիճակը մեծապես ազդել է Արցախում կրթական պրոցեսի բնականոն կազմակերպման վրա․ հանրապետության բոլոր ուսումնական հաստատություններում դադարեցվել են ուսումնական աշխատանքները ջեռուցման բացակայության պատճառով, ինչը հանգեցրել է 20 000-ից ավելի երեխաների կրթության իրավունքի խախտմանը։

Հումանիտար ծանրագույն իրավիճակը ազդել է նաև առողջապահական համակարգի բնականոն գործունեության վրա։ Առողջապահական կազմակերպությունների և հիվանդանոցների 70%-ը, որոնք ջեռուցվում են գազի կիրառմամբ, կանգնած են ջեռուցման լրջագույն խնդիրների առաջ։ Դրանցում այս պահի դրությամբ ստացիոնար բուժօգնություն է ստանում 156 հիվանդ՝ այդ թվում 45 երեխա։

Տնտեսական գործունեություն ծավալող հարյուրավոր ձեռնարկություններ ևս մեծ կորուստներ են ունենում գազամատակարարման խափանումների հետևանքով։

Գազամատակարարման խափանումների և էլեկտրաէրեգիայի սահմանափակ հնարավորության պայմաններում, տների ջեռուցման և այլ կենսական պայմանների ապահովման համար նկատվում է բնակչության կողմից փայտանյութի օգտագործման ծավալների մեծացում, ինչը նշանակում է, որ առանց այն էլ սահմանափակ անտառային ֆոնդը լուրջ կորուստներ է ունենալու։

Համայնքներում առաջացել է հանրային տրանսպորտի պատշաճ գործունեության, աղբահանության կազմակերպման հետ կապված խնդիրներ, որը պայմանավորված է այն հանգամանքով, որ հանրային տրանսպորտի և աղբահանության համար օգտագործվող մեքենաներն ու տեխնիկան աշխատում են գազի, բենզինի և դիզվառելիքի օգտագործմամբ, իսկ շրջափակման պայմաններում առկա է նաև էներգակիրների սղություն։
Զեկույցն ուղարկվել է միջազգային կազմակերպություններին և իրավապաշտպան կառույցներին։ Զեկույցի բովանդակությանը կարող եք ծանոթանալ հետևյալ հղումով՝ https://artsakhombuds.am/hy/document/987:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ