Ներքին 3 տարի առաջ - 13:53 21-12-2022

ՀՀ ԳԱԱ-ն կոչ է անում միջազգային գործընկերներին լուծումներ առաջադրել Ադրբեջանի կողմից Արցախը ապաշրջափակելու ուղղությամբ

Հայաստանի Հանրապետության Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում միջազգային գործընկեր կառույցներին, հումանիստական կազմակերպություններին՝ աջակցել և լուծումներ առաջադրել Ադրբեջանի կողմից Արցախը ապաշրջափակելու ուղղությամբ: Այս մասին նշված է ԳԱԱ-ի տարածած հայտարարության մեջ:

«Տևական ժամանակ է, ինչ բնապահպան ներկայացող ադրբեջանցիների մի մեծ խումբ շինծու պատրվակով փակել է Արցախը (Լեռնային Ղարաբաղը) Հայաստանին կապող միակ, կենսական նշանակության ցամաքային ճանապարհը՝ Լաչինի միջանցքը։

Փաստական ապացուցված է այն հանգամանքը, որ «բնապահպան» ադրբեջանցիները, որոնց շարքերում նկատվել են տարբեր պաշտոնյաներ, զինվորականներ, Ադրբեջանի հատուկ ծառայությունների ներկայացուցիչներ և այլն, որևէ առնչություն չունեն բնապահպանի գործի հետ: Սակայն նրանց գործողությունների արդյունքում Արցախի բնակչությունն արդեն տասներորդ օրն է՝ հայտնվել է շրջափակման մեջ։

Մեր օրերում, երբ արդի քաղաքակիրթ աշխարհը համընդհանուր քննադատության է արժանացնում մարդու իրավունքների ոտնահարման նվազագույն փորձը, Արցախի բնակչությունը հումանիտար աղետ է ապրում՝ զուրկ պարենի և դեղորայքի ձեռքբերման, բուժօգնության, ազատ տեղաշարժի և այլ հիմնարար իրավունքներից։

Արցախում՝ իր պատմական հայրենիքում, այժմ բնակվում է 120 հազար մարդ, գրեթե նույնքան, որքան կազմում է, օրինակ, Օռլեանի (Ֆրանսիա), Քեմբրիջի (Մեծ Բրիտանիա) կամ Ցյուրիխի (Շվեյցարիա) բնակչության թիվը: Անհնար է պատկերացնել միջազգային հանրության լռությունը և անգործությունը, եթե նմանօրինակ վտանգի առջև հայտնվեին թվարկված քաղաքները (տարածաշրջանները)։

Ադրբեջանի ռազմաքաղաքական ղեկավարության կողմից կոորդինացվող այս գործողությունները խախտում են ոչ միայն 2020 թ․ նոյեմբերի 9-ին ձեռք բերված եռակողմ համաձայնությունը խաղաղության վերաբերյալ, այլև ուղղակիորեն ոտնահարում են ՄԱԿ-ի կողմից ընդունված և աշխարհի երկրների մեծ մասի կողմից ստորագրված մարդու իրավունքներին վերաբերող միջազգային կոնվենցիաները և համաձայնագրերը»,- ասված է հայտարարության մեջ:

ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան խստիվ դատապարտում է արդի բարդ աշխարհաքաղաքական իրադրության պայմաններում Ադրբեջանի կողմից իրականացվող այս սադրիչ և վտանգավոր քայլերը:

«ՀՀ Գիտությունների ազգային ակադեմիան կոչ է անում իր միջազգային գործընկեր կառույցներին, միջազգային հումանիստական կազմակերպություններին բարձրաձայնելու իր իսկ պատմական հայրենիքում՝ սովի, բուժօգնության և դեղորայքի ձեռքբերման անհնարինության, ցեղասպանության իրական վտանգի առջև կանգնած հայերի հարցը, աջակցել և լուծումներ առաջադրել։

Հակառակ պարագայում մարդու իրավունքները որպես բարձրագույն արժեք հռչակած երկրների, հումանիստական առաքելություն իրականացնող միջազգային խոշոր կազմակերպությունների հռետորաբանությունը կարող է տեղիք տալ լրջագույն կասկածների՝ դրանց ազնվության և կիրառելիության օբյեկտիվության հարցում»,- եզրափակվում է հայտարարությունը։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»