Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 23:31 06-12-2022

Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով․ Արտակ Զեյնալյան

Արդարադատության նախկին նախագահ Արտակ Զեյնալյանը ֆեյսբուքյան իր էձում գրել է․

«Սիրելիներս.

Այսօր ՄԻԵԴ-ը կայացրել է վճիռ՝ դատավոր Սամվել Մնացականյանի գործով, որով ճանաչել է դատարանի մատչելիության իրավունքի խախտումը: Հայաստանյան դատարանները մերժել էին վարույթ ընդունել և քննել դատավորի հայցը, որով բողոքարկվում էր Արդարադատության խորհրդի՝ իրեն պաշտոնից ազատելու մասին որոշման օրինականությունը: Հայաստանյան դատարանները ամրագրեցին, որ մարդը, եթե նա դատավոր է, Հայաստանում չունի և չպետք է ունենա իր իրավունքների պաշտպանության, այդ թվում՝ դատական պաշպանության իրավունք:

Հիշեցնենք, որ դատավորը 2011թ ակնհայտ անմեղ մեղադրյալի (կարճ ժամանակ անց, առանց դատարան հասնելու՝ արդարացվեց) կալանքը փոխարինել էր գրավով՝ դատական նիստին ներկա դատախազի համաձայնությամբ, սակայն նրա նկատմամբ հետապնդում սկսվեց, քանի որ դրա վերաբերյալ «վերևից» հրահանգ չէր ստացել և գործել էր՝ «ինքնագլուխ»:

Նախորդ ռեժիմների ժամանակաշրջանում կալանքից նվազ խափանման միջոց նշանակելու հարցը որոշվում էր «Բաղրամյան 26 ում» և հրահանգը կարող էր դատավորին փոխանցվեր դատական ամենավերին պաշտոնից և դատավոր Մնացականյանը պատժվեց, որպեսզի որևէ այլ դատավորի մտքով չանցնի՝ շեղվել հաստատված կարգից. եթե չկա հրահանգ, որ կալանք չի կիրառվելու, ապա լռելյայն՝ պետք է կիրառվի կալանք: Այսօրվա վճռում Եվրոպական դատարանը հայտարարել է, որ Կոնվենցիայի իմաստով և, Հայաստանի պարագայում, բացակայում է որևէ օբյեկտիվ հիմք, որով օրենսդիրը զրկել է դատավորին իր լիազորությունները դադարեցնելու մասին Արդարադատության խորհրդի որոշումը դատարանում բողոքարկելու հնարավորությունից (տե՛ս վճռի կետ 57)։

Շատ կարևոր է այն հանգամանքը, որ դատավոր Մնացականյանի փաստաբանները՝ ես և Արա Ղազարյանը, այդ հիմնավորումները և փատարկները ներկայացրել էինք հայաստանյան դատարաններին, սակայն նրանք անտեսել էին մեր հիմնավորումները, իսկ դրանք բավարարելու և մարդու՝ դատավորի իրավունքները վերականգնելու լիազորություն, իրավասություն, պարտականություն ունեին հայաստանյան դատավորներն ու դատարանները:

Թեև Եվրոպական դատարանը բավարարել է մեր բողոքը, սակայն, մեր վստահորդը 2021թ, ցավոք, հեռացավ կյանքից ու չտեսավ արդարության հաղթանակը: Կարծում ենք, Հայաստանում մարդու իրավունքների երաշխավորումը, ապահովումն ու պաշտպանությունը, արդարության հաստատելը մեր երկիրը չպետք է թողնի միջազգային դատական ատյաններին (որոնց վճիռներին հասնում են հազարավորներից հատուկենտները, այն էլ՝ 11 տարի անց ու, ոչ հազվադեպ՝ հետմահու), այլ՝ պետք է ինքը պաշտպանի ու վերականգնի: Հայաստան պետությունը, Նրա պաշտոնատար անձինք պետք է անկեղծորեն գիտակցեն (նվիրված լինեն գաղափարին), որ մարդը, նրա իրավունքները բարձրագույն արժեք են, որ իրենց պարտականությունն է դրանց հարգումն ու պաշտպանությունը, որ իրենք սահմանափակված են մարդու և քաղաքացու հիմնական իրավունքներով և ազատություններով՝ որպես անմիջականորեն գործող իրավունք:

Շնորհավորում եմ Սամվել Մնացականյանի ընտանիքին, Հայաստանի հասարակությանը, գործընկերոջս՝ Արա Ղազարյանին այս կարևոր հաղթանակի համար:

Հ.Գ. Կշարունակենք դատավոր Մնացականյանի իրավունքների պաշտպանությունն ու վերականգնումը»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ