Ներքին 3 տարի առաջ - 21:09 05-12-2022

Դեկտեմբերի 3-ին տեղի ունեցածը դեռևս միայն նախերգանքն է․ Մետաքսե Հակոբյան

«Մենք դեռևս 10 օր առաջ ենք ասել, որ ադրբեջանական կողմից ամեն պահի սպասում ենք նոր սադրանքների»։ Oragir.News-ի հետ զրույցում այս մասին ասաց Արցախի Հանրապետության ԱԺ «Արդարություն» խմբակցության պատգամավոր Մետաքսե Հակոբյանը՝ անդրադառնալով նախօրեին Արցախում ադրբեջանցիների իրագործած հերթական սադրանքին։

«Դեկտեմբեր ամիսն ամենալավ ժամանակահատվածն է լինելու թշնամու համար։ Դեկտեմբերի 3-ին ճանապարհի փակումն սպասելի էր։ Վերջին ժամանակահատվածում, ամեն դեպքում, օգոստոսից այս կողմ շատ ակնհայտ էր թշնամու նման ագրեսիվ պահվածքը։ Դրա վառ արձանագրումը եղավ օգոստոսի 3-ին Արցախում, սեպտեմբերի 13-ին՝ ՀՀ-ում տեղի ունեցածը։ Իսկ ընդհանուր առմամբ, լարվածությունն Արցախում՝ ողջ շփման գծով, և ՀՀ սահմաններին առկա է։ Մենք տեսնում էինք, թե ինչպես էին ագրեսիայի դիմում, բայց էլի, քարոզչամեքենան աշխատում էր այնպես, իբր դա արվում է հայկական կողմից»,- ասաց նա։

Ըստ պատգամավորի՝ այս գործելաոճի կողքին ադրբեջանական կողմից հնչում են «խաղաղության օրակարգի» իրենց պահանջները։

«Այսպես շանտաժի լեզուն, որ եթե հայկական կողմը չի գնում իրենց պահանջներով «խաղաղության օրակարգին», ինչպես նաև Սյունիքի ճանապարհը, ինչպես իրենք են անվանում՝ «Սյունիքի միջանցքը», կարգավիճակով չի հավասարեցվում Բերձորի միջանցքին, ապա այդ դեպքում իրենք միանշանակ փակելու են ճանապարհը»,- ասաց նա։

Մետաքսե Հակոբյանի խոսքով՝ դեկտեմբերի 3-ին տեղի ունեցածը դեռևս միայն նախերգանքն է։

«Սա, իրենց բնորոշ ձևով ուղղակի փորձարկում կատարեցին, որպեսզի կարողանան հետո արդյունքները չափել։ Արդյունքները չափելուց հետո մենք պետք է սպասենք այլ քայլերի։ Այն, որ իրենք իբր թե «մոնիթորինգ են պահանջում», «անհանգստացած են», և այլն, և այլն, հատուկ են այդպես անհեթեթ պատճառ առաջ բերել, որպեսզի այս կողմը ևս հասկանա ու գիտակցի իրական պատճառները։ Իսկ իրական պատճառները տանում են դեպի ՀՀ սուվերեն տարածք։ Դա միանշանակ»,- ասաց նա։

Դրա հետ մեկտեղ, ըստ Հակոբյանի, թշնամին սադրիչ այդ գործողություններով փորձում է արցախահայության շրջանում խուճապ առաջացնել ու մի հարվածով երկու խնդիր լուծել։

«Օրինակ՝ Արցախի հայաթափումը, որով ինքնըստինքյան կկարողանար լուծել հարցն ինչպես իրենց է ձեռնտու։ Իրենք անընդհատ են գնալու սադրանքների, որովհետև շատ պարզ գիտակցում են, որ ինչքան էլ իրենք քաղաքական դաշտում պնդեն, որ Արցախի հարցը փակված է, ինչքան էլ հայկական իշխանություններն իրենց «թելը թելեն», այսինքն՝ համակարծիք լինեն ադրբեջանական իշխանությունների հետ և ավելի ադրբեջանամետ, քան հենց Ադրբեջանի իշխանություններն են, միևնույնն է, դա այդպես չէ ու այդպես հեշտ չէ։ Դա շատ դեպքերում անհնար է։ Ի վերջո, միջազգային հանրությունը, ինչքան էլ տնտեսական առումով կախման մեջ լինի Ադրբեջանից, այս պարագայում չի կարող միանշանակ կանգնել ու ճանաչել Արցախն Ադրբեջանի կազմում։ Նման դեպքում աշխարհում ուղղակի քաոս կսկսվի։ Ադրբեջանի պես նկրտումներ ունեցող պետություններն այդ դեպքում ուղղակի ոտքի են կանգնելու և այդպիսի աշխարհաքաղաքական իրավիճակ կսպառնա ամբողջ աշխարհին՝ հենց շատ փոքրիկ Արցախից»,- ասաց նա։

Այս ամենին ֆոնին, ըստ պատգամավորի, ադրբեջանական կողմը իր ցանկությանը փորձում է հասնել վախի զգացմամբ ու վայրենի գործելաոճով։

«Իրենք կարողանում են վախի մթնոլորտ ստեղծելով հասնել արդյունքի։ Կոնկրետ ՀՀ իշխանությունների նկատմամբ։ Իսկ եթե մենք իրականում գիտակցում ենք այդքանն ու հասկանում ենք, որ ամբողջ խնդիրն այսօր նման բանակցողներ ունենալն է ներկայիս իշխանությունների դեպքով, ապա շատ ավելի հեշտ կկարողանանք լուծումների հասել, եթե չունենանք նման իշխանություններ»,- ասաց նա։

Ավելի վաղ Oragir.News-ը հայտնել էր, որ Շուշի-Քարին տակ խաչմերուկի հատվածում մի խումբ ադրբեջանցիներ փակել էին Ստեփանակերտ-Գորիս մայրուղին։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
18:03 Նիկոլ Փաշինյանի որդին հաշվառվել է պրեմիում դասի շենքում
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
18:35 Այսօր պայմանագրային զինծառայողի են գտել կախված վիճակում․ ArmLur