Ներքին 3 տարի առաջ - 09:48 23-11-2022

Ավելի անհրապույր քոլեջներ ու ուսումնարաններ․ կրթաթոշակներ այլևս չկան

Միջին մասնագիտական կրթություն իրականացնող պետական արհեստագործական ուսումնարաններում այլևս չեն վճարվում ուսանողներին հասանելիք ամենամսյա կրթաթոշակները։

Oragir.News-ի տեղեկություններով, այս ուսումնական տարվա սկզբին ընդունված 1֊ին կուրսեցիները, համաձայն ուսումնական հաստատության հետ կնքած պայմանագրի, չեն ստանա կրթաթոշակ, կսովորեն անվճար հիմունքներով, իսկ անցած տարիներին ընդունված 2֊րդ և 3֊րդ կուրսերի ուսանողները, համաձայն իրենց կնքած պայմանագրերի, կշարունակեն ստանալ կրթաթոշակ (չորս հազար վեց հարյուր հիսուն դրամի չափով), կսովորեն անվճար հիմունքներով, մինչև ուսումնական գործընթացի ավարտը տվյալ ուսումնական հաստատությունում։

Պետք է նշել, որ ՀՀ֊ում միջին մասնագիտական կրթություն իրականացնող այս հաստատություններն անհիշելի ժամանակներից գործել են նույն սկզբունքով` անվճար հիմունքներով և կրթաթոշակի վճարմամբ։

Ուսումնական հաստատությունների բազմաթիվ տնօրեններ, սակայն, այս փոփոխությունը գրեթե հաղթանակ են համարում` այն հիմնավորմամբ, որ Նիկոլ Փաշինյանի կառավարությունը պատրաստվում էր ուսումնարանների ու քոլեջների կրթությունը դարձնել վճարովի, բայց առայժմ ընտրվել է կոմպրոմիսային տարբերակը՝ կրթաթոշակները հանել, բայց բոլոր տեղերը մնան անվճար։