Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 13:12 16-11-2022

Ադրբեջանցի զինվորականները երբեմն մտնում են այգիներ և բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն․ ԱՀ ՄԻՊ

2020 թվականի նոյեմբերի 9֊ի եռակողմ հայտարարության ստորագրումից հետո ադրբեջանական կողմը դիմել է Արցախի ժողովրդի իրավունքների խախտումերի հանգեցնող հանցավոր գործողությունների, որոնց վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմը պարբերաբար հանդես է եկել հայտարարություններով։

«Անցած երկու տարվա ընթացքում արձանագրվել են հրադադարի խախտման, հոգեբանական ահաբեկչության, ենթակառուցվածքների բնականոն աշխատանքի խաթարման, գյուղատնտեսական աշխատանքների խոչընդոտման, մշակութային արժեքների վանդալիզմի և այլ բնույթի հարյուրավոր անօրինական ու միջազգային մարդասիրական իրավունքի խախտման բացահայտ դրսևորումներ, որոնք հանգեցրել են Արցախի ժողովրդի՝ կյանքի, ֆիզիկական և հոգեկան անձեռնմխելիության, սեփականության, ազատ տեղաշարժի, անձնական և ընտանեկան կյանքի, մշակութային և կրոնական իրավունքների, արժանապատվության անխախտելիության իրավունքի, խոշտանգումների, անմարդկային կամ նվաստացնող վերաբերմունքի, խտրականության արգելքի խախտումների։

• 2020 թվականի նոյեմբերի 10-ից 2022 թվականի նոյեմբերի 13-ն ընկած ժամանակահատվածում Արցախի իրավապահ մարմինների կողմից արձանագրվել է նյութական և մարդկային վնասի հանգեցրած հանցագործության 121 դեպք։

• Սպանվել է 18 անձ (3-ը՝ քաղաքացիական, 15-ը՝ զինվորական), սպանության փորձի ենթարկվել՝ 132 անձ (54-ը՝ քաղաքացիական, 78-ը՝ զինվորական), հրազենային վիրավորում է ստացել և ֆիզիկական բռնության ենթարկվել 67 անձ (16-ը՝ քաղաքացիական անձ):

• Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող տարածքներում հայտնված 8 անձանցից 5-ը վերադարձվել է բռնության, խոշտանգման բացահայտ հետքերով, կոտրվածքներով։ Հայկական կողմին վերադարձված նշված անձանցից Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող՝ 1989թ. ծնված Արտակ Մանասյանը ընդամենը ամիսներ անց մահացել է։

• Թիրախավորվել է 13 բնակելի տուն, վնասվել կամ ոչնչացվել է 8 գյուղատնտեսական տեխնիկա, 22 տրանսպորտային միջոց, 16 այլ գույք, հրկիզվել է 5 այգի, խաղաղ բնակչությունից հափշտակվել են մանր և խոշոր եղջերավոր անասուններ։ Պատահականորեն Ադրբեջանի վերահսկողության տակ գտնվող արոտավայրեր անցած կենդանիները չեն վերադարձվում, այլ հափշտակվում և օգտագործվում են ադրբեջանական զինված ուժերի ներկայացուցիչների կողմից։

• Բացահայտ խոչընդոտվում են շփման գծի հարևանությամբ գտնվող տարածքներում իրականացվող գյուղատնտեսական աշխատանքները։ Թիրախային կրակոցներ են արձակվում գյուղատնտեսական աշխատանքներ իրականացնող քաղաքացիական անձանց ու գյուատնտեսական տեխնիկայի ուղղությամբ, որից հետո աշխատանքները դադարեցվում են: Ադրբեջանական կողմի նման հանցավոր գործողությունները ակտիվանում են հատկապես գյուղատնտեսական սեզոնի և բերքահավաքի ժամանակ։ Ադրբեջանցի զինվորականները երբեմն անմիջապես մտնում են այգիները և զենքի գործադրման սպառնալիքով բերքահավաքին մասնակցող անձանց ստիպում լքել այն: Նման վարքագծի հետևանքով սպանվել է Մարտակերտի շրջանի բնակիչ, հողագործությամբ զբաղվող Արամ Տեփնանցը, Մարտունու շրջանի բնակիչ, անասնապահությամբ զբաղվող Սեյրան Սարգսյանը։

• Ճնշում գործադրելու նպատակով պարբերաբար խաթարվում է կենսական նշանակության ենթակառուցվածների աշխատանքը, որպիսին արձանագրվել է 2022 թվականի մարտին, երբ Ադրբեջանի կողմից գազախողովակի պայթեցման հետևանքով շուրջ 20 օր Արցախի ողջ բնակչությունը զրկված էր գազամատակարարումից և ջեռուցումից։ Հատուկ խլացուցիչների միջոցով շարունակվում են խլացվել կապն ու հաղորդակցությունը։

• Ի հեճուկս միջազգային տարբեր կառույցների կոչերի և հայտարարությունների՝ հրադադարի հաստատումից հետո բաց աղբյուրների մոնիթորինգի արդյունքում արձանագրվել են ադրբեջանական օկուպացիայի տակ հայտնված տարածքներում հայկական հոգևոր֊մշակութային արժեքների, գերեզմանների նկատմամբ վանդալիզմի, ոչնչացման և պղծման հարյուրից ավելի դեպքեր։


• Ադրբեջանում պետական մակարդակով շարունակվում է հայատյացության քաղաքականությունը։ Ատելության քարոզ իրականացվում է Ադրբեջանի նախագահի, իշխող ուժի և հանրային ազդեցություն ունեցող անձանց անմիջական մասնակցությամբ։ Ադրբեջանական մանկապարտեզներում և դպրոցներում շարունակվում է հայերի նկատմամբ ատելության վրա հիմնված այսպես կոչված «հայրենասիրական» դաստիարակության մեթոդի կիրառումը։

Այս բոլոր գործողությունները Արցախի էթնիկ զտման և Արցախի ժողովրդին ցեղասպանության ենթարկելու ադրբեջանական վարքագծի փաստական ապացույցներն են։ Դրանք ավելի խոսուն են, քան ադրբեջանական ղեկավարության կեղծ խաղաղասիրությունն ու տրվող սուտ խոստումները»,- գրել է ԱՀ ՄԻՊ Գեղամ Ստեփանյանը։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ