Ներքին 3 տարի առաջ - 22:39 27-10-2022

ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը ելույթ է ունեցել ԵԽԽՎ-ում

ՀՀ ԱԺ «Հայաստան» խմբակցության պատգամավոր, ԵԽԽՎ-ում ԱԺ պատվիրակության անդամ Արմեն Գեւորգյանը հոկտեմբերի 27-ին Ստրասբուրգում ելույթ է ունեցել Եվրոպայի խորհրդի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսի 43-րդ լիագումար նիստում: ՀՀ ազգային ժողովը ներկայացրել է պատգամավորի ելույթն ամբողջությամբ.

«Նախ, որպես Խորհրդարանական վեհաժողովի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների հարցերով հիմնական զեկուցող, կցանկանայի պատրաստակամությունս հայտնել մեր կազմակերպության ինստիտուտների միջեւ տեղական ժողովրդավարության խնդիրներին առնչվող ամենաարդյունավետ եւ արդյունքահեն համագործակցությանը նպաստելու հարցում:

Քաջատեղյակ եմ Կոնգրեսի կարեւորությանն ու դերին` ելնելով Հայաստանի կառավարության անդամի իմ նախկին փորձից:

Հարգելի' գործընկերներ, աշխարհը փոխվում է` ստեղծելով նոր իրողություններ եւ առաջ բերելով նոր մարտահրավերներ: Այս հարցերը քննարկվում են կա'մ համաշխարհային մակարդակում, կա՛մ էլ` ազգային: Մինչդեռ հասարակ մարդկանց կյանքում հիմնական փոփոխությունները տեղի են ունենում տեղական մակարդակում: Կյանքի որակն առաջին հերթին փոխակերպվում է համայնքներում: Մարտահրավերները, որոնց բախվել ենք վերջին տասնամյակում, ինչպես նաեւ եվրոպական անվտանգության ամբողջ ճարտարապետության խորը վերափոխումը, ընդհանուր առմամբ թուլացնում են ամբողջ եվրոպական մայրցամաքում բարեկեցիկ եւ ապահով ապագայի նկատմամբ լավատեսությունը: Թե՛ ներքին, թե՛ արտաքին սպառնալիքները, եւ երբեմն էլ` կառավարությունների դանդաղ արձագանքը դրանց, նվազեցնում են հասարակության վստահությունը ժողովրդավարական կառավարման ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Շատ հաճախ որոշ պետությունների հանդեպ վերաբերմունքում եւ նրանց հետ հարաբերություններում ականատես ենք լինում մարդու իրավունքների պաշտպանության չափանիշների եւ օրենքի գերակայության ակնհայտ ու անընդունելի փոխզիջումների, որոնք պայմանավորված են աշխարհաքաղաքական առաջնահերթություններով եւ շահերով: Պետք է ընդունենք, որ դա թուլացնում է մեր արժեհամակարգը, որին բոլորս պետք է անվերապահորեն հավատարիմ մնանք: Մյուս «նոր նորման», իմ կարծիքով, այն է, որ որոշ երկրներում համապետական ընտրությունները ճանապարհ են հարթում, այսպես կոչված, «մեծամասնության դիկտատուրայի» ձեւավորման համար, որն այնուհետ օգտագործում է իր կասկածելի ժողովրդավարական լիազորությունները, որպեսզի պահանջի տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների լիակատար հավատարմությունը:

Գործընկերնե՛ր, այս օրերին հետեւելով Կոնգրեսի քննարկումներին` կրկին համոզվեցի, որ միայն իրական եւ մարդկանցից չկտրված տեղական ժողովրդավարությունն է, որ կարող է օգնել պահպանելու այդ նույն մարդկանց հավատը ժողովրդավարական ինստիտուտների արդյունավետության նկատմամբ: Այն կարող է օգնել հաղթահարելու վերջին մի քանի տարիներին պոպուլիզմի կողմից առաջացրած ժողովրդական կառավարման համակարգի ցնցումները:

Տեղական ժողովրդավարության ինստիտուտները պետք է շարունակեն մնալ արդարության եւ քաղաքացիների հավասար մասնակցության սկզբունքների հավատի պատվարները` ապահովելով հանրային բարիքների եւ ռեսուրսների արդար ու թափանցիկ բաշխումն այն դժվարին պայմաններում, որտեղ այս օրերին հայտնվել են մեր պետություններից շատերը:

Եզրափակելով խոսքս` կարծում եմ, որ, ելնելով վերը նշվածից, պետք է հատուկ ուշադրություն դարձնել տեղական ժողովրդավարության դերին եւ կարեւորությանը Եվրոպայի խորհրդի պետությունների եւ կառավարությունների ղեկավարների չորրորդ գագաթնաժողովի շրջանակում: Գագաթնաժողովը կարող է նաեւ նոր համաեվրոպական դիսկուրս մեկնարկել տեղական ժողովրդավարության զարգացման եւ ամրապնդման հարցերի շուրջ` տարբեր դերակատարների մասնակցությամբ, ինչպիսիք են` Եվրոպայի խորհուրդը, Եվրոպական խորհրդարանը, Եվրոպական հանձնաժողովը, Տեղական եւ տարածաշրջանային իշխանությունների կոնգրեսը, Եվրոպական տարածաշրջանների վեհաժողովը, Եվրոպական տարածաշրջանների հանձնաժողովը, ինչպես նաեւ` այլ համապատասխան եւ շահագրգիռ հաստատություններ ու կազմակերպություններ»:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում