Ներքին 3 տարի առաջ - 19:48 18-10-2022

Գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. ԿԳՄՍ նախարար

ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարար Վահրամ Դումանյանն ընդունել է Վ. Բրյուսովի անվան պետական համալսարանի ուսանողության ներկայացուցիչներին, որոնք նախարարին են փոխանցել իրենց դիմումը` բուհերի խոշորացման նախագծի վերաբերյալ:
Հանդիպմանը ներկա են եղել ԿԳՄՍ նախարարի տեղակալներ Կարեն Թռչունյանը և Ժաննա Անդրեասյանը:

«Մենք պատրաստ ենք եղել, հիմա էլ պատրաստ ենք առողջ քննարկման. այս գործընթացը լինելու է փուլային, կառուցողական: Կան բազմաթիվ հարցեր, որոնք պետք է մանրակրկիտ ուսումնասիրել: Նախագիծը պատրաստ ենք քննարկել ինչպես ուսանողների, այնպես էլ պրոֆեսորադասախոսական անձնակազմի և գործընկեր մյուս բուհերի հետ»,- նշել է ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը` շեշտելով, որ նախագիծը երաշխավորում է ուսանողների կրթության իրավունքի լիարժեք ապահովումը և հետապնդում է կրթության որակի բարելավման հստակ նպատակ:

Վահրամ Դումանյանը նշել է, որ պատրաստ է հանդիպումներ ունենալ Բրյուսովի անվան պետական համալսարանի, ինչպես նաև խոշորացման ծրագրում ընդգրկված մյուս բուհերի` Խ. Աբովյանի անվան պետական մանկավարժական համալսարանի և Հայաստանի ֆիզիկական կուլտուրայի և սպորտի պետական ինստիտուտի ուսանողների ու պրոֆեսորադասախոսական կազմի ներկայացուցիչների հետ` գիտակրթական խնդիրները քննարկելու օրակարգով: Նախարարը փաստել է, որ գաղտնի որևէ գործընթաց տեղի չի ունեցել և չի կարող ունենալ. բուհերի միավորման վերաբերյալ կայացված որոշում այս պահին չկա և առաջիկա մեկ ամսվա ընթացքում չի կարող լինել, քանի որ սահմանված ընթացակարգը նաև որոշակի ժամկետներ է պահանջում:

Ըստ նախարարի` աշխատանքային նախագիծն այս պահին պետական կառույցների համաձայնեցման և իրավական ձևակերպումների հստակեցման փուլում է գտնվում: Մշակվող նախագծի հիմքում բուհական համակարգի արդյունավետությունից բխող գիտաչափական տվյալներ են դրված, որոնք լրամշակման և խմբագրման կենթարկվեն ակադեմիական քննարկումների և հիմնավոր մասնագիտական առաջարկությունների արդյունքում:

«Մենք պետք է հասկանանք և որպես ելակետ ընդունենք այն սկզբունքը, որ բուհական ցանկացած մասնագիտություն պետք է ունենա գիտական և հետազոտական բաղադրիչ, հակառակ պարագայում պետք է մտածենք և դիտարկենք, թե տվյալ մասնագիտությամբ բուհական կրթության իրականացումը որքանով է նպատակային: Բուհական և ակադեմիական միջավայրում նմանաբնույթ խնդիրների քննարկումն օրինաչափ է, և այս մասին քննարկումների ծավալումը հանրային շահարկման վերածելն անթույլատրելի է»,- նշել է Վահրամ Դումանյանը:


ԿԳՄՍ նախարարը նաև փաստել է, որ աշխատանքային նախագծի մասին դեռևս այս տարվա օգոստոսի 9-ին տեղեկացվել են վերոնշյալ բուհերի ռեկտորները, որոնց առաջարկվել է ներկայացնել առաջարկություններ` բուհերի խոշորացման ծրագրի մշակումն առավել արդյունավետ իրականացնելու նպատակով: Բուհերի կողմից որևէ առաջարկ չի ներկայացվել: ԿԳՄՍ նախարարությունն այսօր էլ պատրաստ է քննարկել մասնագիտական և ակադեմիական հիմքեր ունեցող բոլոր շահեկան առաջարկությունները:

Ամենից շատ դիտված

21:59 Սեպտեմբերի 3-ի աղետալի խայտառակությունը կարող է կրկնվել
23:31 Ռուսները ԱԹՍ-ով հարվшծել են Coca-Cola-ի գործարանին․ սա ուղերձ էր․ Զելենսկի
13:52 Բա ո՞ւր ա իմ միլիոնները, բա ասեք. իմ ընտանիքը որևէ բիզնեսի մեջ ներգրավված չի. Փաշինյան
16:00 Ռուսաստանը Փաշինյանից այլևս բացատրություններ չի սպասում. սպասում է որոշման. Դավիթ Անանյան
18:10 Ներքին Հանդի գյուղապետարանը` հայ-ադրբեջանական անցակետ. գյուղապետի պարզաբանումը
21:13 ՍԱՏՄ ղեկավարը չի՞ վերանշանակվի. ինչու է Փաշինյանը «պատժում» նրան
12:19 Աննա Հակոբյանի սկսած արշավը նպատակ ունի կանխարգելելու ի սկզբանե բռնությունը ընտանիքում. Արփինե Սարգսյան
20:38 Գագիկ Ծառուկյանի խափանման միջոցի հարցի որոշումը կհրապարակվի վաղը․ փաստաբան
15:19 Ինչի՞ չեք ասում՝ Փաշինյանը կոշտ երկընտրանքի առաջ դրեց Ռուսաստանի նախագահին
14:07 Շնորհակալ եմ պատգարակը բռնողներին, որ սիմուլյանտին տարել են ճիշտ տեղը. Փաշինյանը՝ Գագիկ Խաչատրյանի մասին