Քաղաքագետները մտավախություն են հայտնում, թե 2013-ի սեպտեմբերի 3-ի մութ գիշերվա խայտառակ պատմությունը կարող է կրկնվել, բերելով նոր աղետներ։
Ինչո՞ւ են այսպիսի վախեր տարածում։
Հիշենք մեր պատմության այս խայտառակ էջը։ 2008-ի նախագահական ընտրություններից հետո նախագահ Սերժ Սարգսյանը Արևմուտքին հավաստիացնում էր, թե ինքը ժողովրդավար է, անկախության պաշտպան, եվրաինտեգրման ջատագով, ձգտում է, որ Հայաստանը Եվրամիության անդամ դառնա և այլն։ Իսկ ընդդիմադիրներին ներկայացնում էին որպես ռուսամետներ, Մոսկվայի աջակցությամբ իշխանությունը զավթելու փորձ անողներ և այլն։
2008-ի դեկտեմբերի 3-ին Երևանում Սերժ Սարգսյանի մասնակցությամբ բացվեց խորհրդային բռնազավթման տարիներին բռնադատվածների հիշատակին նվիրված հուշահամալիրը։ Արտաքին քաղաքականության երեք առաջնահերթություններից մեկը եվրաինտեգրումն էր։
2009-ին Հայաստանը Վրաստանի և Մոլդովայի հետ զուգահեռ սկսեց ԵՄ ասոցիացման համաձայնագրի շուրջ բանակցություններ վարել, որ ԵՄ ասոցիացված անդամ դառնա, ՀՀ-ի առաջ բացվեն ԵՄ շուկաները, ՀՀ-ն ԵՄ-ի հետ նույն մաքսային գոտում ընդգրկվի, արտոնյալ առևտրաշրջանառություն անի և այլն։
Այն օրերի վարչապետ Տիգրան Սարգսյանը 3-ժամանոց ասուլիս տվեց, որի հիմնական ասելիքն այն էր, թե ՀՀ-ն ռուսական դոմինանտությամբ ձևավորվող Մաքսային միության երկրների հետ ցամաքային սահման չունի։ Իսկ Եվրամիության մաքսային միության հետ ունի, քանի որ Թուրքիան ԵՄ մաքսային միության անդամ է։ Հետևապես՝ ՀՀ-ին շահեկան է Եվրամիությանը միանալը, ոչ թե Մոսկվայի դոմինանտությամբ գործող Մաքսային միությանը։
Սերժ Սարգսյանը զուգահեռաբար նախաձեռնեց ֆուտբոլային դիվանագիտությունը, Ցյուրիխում նախաստորագրվեցին արձանագրությունները։ ՀՀ պաշտոնյաները բոլոր հարթակներում ներկայանում էին որպես անկախության և ժողովրդավարության ջատագովներ, եվրոպամետներ, տպավորություն էին ստեղծում, թե իրոք ուզում են, որ ՀՀ-ն ԵՄ ասոցիացված, հետո՝ լիարժեք անդամ դառնա։ ԵՄ գրասենյակն այստեղ ակտիվացել էր, ակտիվ աջակցում էր կառավարության նախաձեռնություններին, առատ դրամաշնորհներ էր տալիս։ ՆԱՏՕ-ի հետ գործընկերությունը ևս խորացել էր։ Հայաստանը մասնակցում էր ՆԱՏՕ-ի բազմազգ զորավարժություններին։
Կրեմլից լսվում էին դժգոհություններ, տրտունջներ ՀՀ իշխանության վարած քաղաքականության, ԵՄ-ի հետ մերձենալու քայլերի առնչությամբ, սպառնում էին, թե կփակեն ռուսական շուկաները հայկական ապրանքների առաջ։ Իսկ ժողովուրդն ուրախացել էր, որ Հայաստանը վերջապես դուրս է գալու ռուսական ազդեցության գոտուց, ամրացնելու է անկախությունը, ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի աջակցությամբ կարողանալու է պաշտպանել Արցախի ազատությունը, զարգանալ, նորմալ երկիր դառնալ և այլն։
Եվ հանկարծ, 2013-ի սեպտեմբերի 3-ի մի սև գիշեր Սերժ Սարգսյանը Վլադիմիր Պուտինի հրավերով գնաց Մոսկվա։ Իսկ առավոտյան հայտնի դարձավ, որ Հայաստանը դարձել է ռուսական Մաքսային միության անդամ, որը հետո կոչվեց ԵԱՏՄ։ Ժողովուրդն ամոթից գետինն էր մտնում, որ ղեկավարությունն այսպիսի սխալ քայլ է արել։ ԵՄ երկրները ցնցված էին, չէին սպասում, որ այդքան լուրջ քայլերից հետո Սերժ Սարգսյանը հետքայլ կանի, Հայաստանը կտանի ԵԱՏՄ, Հայաստանը տնտեսական կախվածության մեջ կդնի հետամնաց Ռուսաստանից՝ ստեղծելով անվտանգային ռիսկեր, դուռ բացելով ազգային ողբերգությունների համար։
Սեպտեմբերի 3-ի Սարգսյան-Պուտին խայտառակ հայտարարության նախաբանում խոսք կա նաև Լեռնային Ղարաբաղի հարցի խաղաղ լուծմանն աջակցելու, ՀՀ տնտեսության դիվերսիֆիկացման մասին։ Այդ ստորագրությունն արդարացնողներն ասում էին, թե Սերժ Սարգսյանն այս խայտառակ հետքայլն արել է Հայաստանի անվտանգության, Արցախը պաշտպանելու համար։
Սակայն այսօր Արցախը զավթված է։ Բաքուն Մոսկվայի աջակցությամբ զավթեց Արցախը։ Պուտինը կազմեց Նոյեմբերի 9-ի կապիտուլյացիոն հայտարարությունն ու ստիպեց Փաշինյանին ստորագրել այն։ Հետո ռուսներն ու ադրբեջանցիները Արցախում զինաթափեցին հայերին, հետո նրանց բռնի տեղահանեցին իրենց հայրենիքից։ Այսինքն՝ այն, ինչի ակնկալիքով Հայաստանը մտել էր ԵԱՏՄ, չկա։ Ո՛չ Արցախը կա, ո՛չ անվտանգություն կա, ո՛չ ռուսական անվտանգային հովանոցը կա, ո՛չ էլ ռուսական շուկան է բաց հայկական ապրանքների առաջ։ Հետահայաց կարելի է ասել, որ Սեպտեմբերի 3-ի ստորագրությունն աղետալի հետևանք է ունեցել։
Տևական ժամանակ Նիկոլ Փաշինյանը ԵՄ-ին միանալու այլընտրանքի մասին էր խոսում։ Օրեր առաջ Փաշինյանն ասաց, թե այդպիսի այլընտրանք չկա։ Իսկ Պուտինի հետ առանձնազրույցից հետո հայտարարեց, թե առաջիկայում ՌԴ նախագահի հրավերով գնալու է Մոսկվա։ «Պետք է արձանագրել, որ նոր միջավայրում, նոր պայմաններում հայ-ռուսական հարաբերությունները վերաձևակերպելու անհրաժեշտություն կա։ Եվ այդ վերաձևակերպման արդյունքում, ես համոզված եմ, հարաբերությունները կլինեն ավելի լավ, ավելի կառուցողական, ավելի փոխշահավետ և ավելի ջերմ»,- հայտարարել է Փաշինյանը։ Այս հայտարարությունն արդեն մտավախություն է առաջացնում, որ մի վատ բան լինելու է Մոսկվայում։
Այսպիսով՝ այսօրվա և 2013-ի սեպտեմբերի 3-ի նախօրեի նմանությունն ակնհայտ է։ Այսօր ևս ռուսները տրտնջում են, որ Հայաստանը ԵՄ-ին միանալու ցանկություն է հայտնում։ Նրանք այսօր ևս ձևացնում են, թե հարգում են հայ ժողովրդի ընտրությունը, բայց փակում են շուկաները հայկական ապրանքների առաջ, փաստացի պատժամիջոցներ կիրառում Հայաստանի և հայ ժողովրդի դեմ։
Եվ ողջամիտ կասկած կա, որ ինչպես 2013-ին հարկադրեցին Սերժ Սարգսյանին հետքայլ անել անկախությունից և միանալ ԵԱՏՄ-ին, այնպես էլ առաջիկայում Մոսկվայում, հավանաբար, կհարկադրեն Փաշինյանին ստորագրել նվաստացուցիչ մի թուղթ, հետքայլ անել Հայաստանի անկախությունից ու ժողովրդավարությունից՝ ստեղծելով կորուստների ռիսկեր պետության ու ժողովրդի համար։
Թաթուլ Մկրտչյան