Ներքին 3 տարի առաջ - 12:46 17-10-2022

Ադրբեջանում տոնում են Ֆիզուլիի գրավման երկրորդ տարին


Ադրբեջանում այսօր՝ հոկտեմբերի 17-ին, տոնում են Արցախի Հանրապետության Հադրութի շրջանի մաս կազմող Ֆիզուլի (Վարանդա-խմբ) քաղաքի գրավման երկրորդ տարին։ Այս մասին տեղեկացնում են ադրբեջանական լրատվամիջոցները։

Հաղորդվում է, որ Արցախյան 44-օրյա պատերազմի 21-րդ օրը՝ 2020 թվականի հոկտեմբերի 17-ին, Ադրբեջանի զինված ուժերը կարողացան իրենց վերահսկողության տակ վերցրնել Ֆիզուլի քաղաքը։ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևը նույն օրը երկրի բնակչությանն ուղղված իր ուղերձում հայտարարեց Ֆիզուլի քաղաքի, ինչպես նաև համանուն շրջանի յոթ գյուղերի գրավման մասին։

Նա իր խոսքում նշել է, որ քաղաքից որևէ բան չի մնացել՝ մեղադրելով հայերին քաղաքը ավերելու մեջ։ «Բոլոր շենքերը քանդվել են, ավերվել են մեր կրոնական հուշարձանները, ամեն ինչ թալանվել է՝ տների տանիքները, շենքերի պատուհանները, կենցաղային իրերը։ Ասես այս քաղաքը գրավել է ինչ-որ վայրենի ցեղ։ Ֆիզուլի քաղաքի ավերակները հայկական ֆաշիզմի դրսևորում են և հայկական ֆաշիզմի վկայություն»,- հայտարարել էր Ալիևը։

Նշվում է, որ Ֆիզուլիի գործողությունը Արցախյան 44-օրյա պատերազմի հարավ-արևելյան ռազմաճակատում Ադրբեջանի բանակի կարևոր մարտերից մեկն էր։ Ադրբեջանական մամուլի համաձայն՝ հայկական ուժերը փախուստի են դիմել մարտի դաշտից՝ կորցնելով մեծ քանակությամբ կենդանի ուժ և զինտեխնիկա։

Ադրբեջանի նախագահը Իլհամ Ալիևը պատերազմում Ադրբեջանի հաղթանակից հետո օրեր անց՝ 2020 թվականի նոյեմբերի 16-ին, կնոջ՝ Մեհրիբան Ալիևայի հետ միասին այցելեց Ֆիզուլի և քաղաքում Ադրբեջանի դրոշը բարձրացրեց։ Ալիևի հրամանով՝ ամիսներ անց Ֆիզուլիում մեկնարկեցին միջազգային օդանավակայանի կառուցման աշխատանքները, որի բացումը տեղի ունեցավ 2021 թվականի հոկտեմբերին։


Հիշեցնենք, որ Արցախյան 44-օրյա պատերազմի հետևանքով Բաքվի վերահսկողության տակ են անցել, կամ 2020 թվականի նոյեմբերի 9-ի եռակողմ հայտարարությամբ հանձնվել Արցախի անվտանգության գոտու մաս կազմող 7 շրջանները, նախկին ԼՂԻՄ-ի կազմի մեջ մտնող Հադրութի շրջանը, Շուշի քաղաքը, համանուն շրջանի Քարինտակ գյուղը, ինչպես նաև որոշ գյուղեր Ասկերանի, Մարտունու և Մարտակերտի շրջաններից:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի