Արտաքին 3 տարի առաջ - 15:49 11-10-2022

Ադրբեջանական ուժերը պետք է դուրս գան ՀՀ տարածքից. ԵԽԽՎ պատգամավորը ցնցված է Ադրբեջանի պատերազմական հանցագործություններից


Եվրոպայի խորհրդի խորհրդարանական վեհաժողովում Շվեդիայի պատվիրակ Բորիանա Աբերգը Ադրբեջանին կոչ է արել դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից:

Շվեդ պատգամավոր Բորիանա Աբերգն Ադրբեջանի պատերազմական հանցագործությունների մասին է խոսել ԵԽԽՎ աշնանային նստաշրջանի լիագումար նիստում Հայաստանի և Ադրբեջանի միջև ռազմական գործողությունների, նաև քաղաքացիական ենթակառուցվածքների թիրախավորման վերաբերյալ հարցերի քննարկման շրջանակում:

«Օրեր առաջ հայ ռազմագերի կնոջ սարսափելի մահապատժի մի տեսանյութ ստացա։ Ինձ դեռ հետապնդում են այդ դաժան տեսարանները, անմարդկային դաժանությունը: Դա միակ տեսանյութը չէ, որտեղ նման սարսափելի հանցագործություն է տեղի ունենում»,- նշել է Աբերգը:

Պատգամավորը հավելել է, որ Ադրբեջանի զինված ուժերի կողմից Հայաստանի տարածքային ամբողջականության դեմ լայնածավալ ռազմական ագրեսիայից ի վեր սոցցանցերում ադրբեջանցի օգտատերերի կողմից բազմաթիվ տեսանյութեր են հրապարակվել: «Այս տեսանյութերը ցույց են տալիս ռազմական հանցագործություններ, հայ ռազմագերիների սպանության սարսափելի տեսարաններ, հայ զինծառայողների, այդ թվում՝ կանանց խոշտանգումներ և դիերի պղծում»,-ասել է ԵԽԽՎ պատգամավորը:

Ըստ Աբերգի՝ միջազգային հանրության արձագանքը եղել է միանշանակ: «Մեր դիրքորոշումը հստակ է՝ պատերազմական հանցագործությունների մեղավորները պետք է պատասխանատվության ենթարկվեն»,-հավելել է պատգամավորը:

ԵԽԽՎ պատգամավորի կարծիքով՝ իրավիճակը Հարավային Կովկասում շարունակում է մնալ շատ լարված և տագնապալի։ «Մենք ունենք իրավիճակ, երբ այս կազմակերպության մի անդամ պետությունը հարձակվում է անդամ մեկ այլ պետության վրա: Մեր կողմից ցանկացած անտեղյակություն նոր բռնությունների, նոր վայրագությունների հնարավորություն կտա: Սեպտեմբերի 13-ին մենք ականատես եղանք Հայաստանի դեմ ագրեսիայի, որը հանգեցրեց Հայաստանի ինքնիշխան տարածքների օկուպացման, սարսափելի տառապանքների, երկու կողմից մարդկային կորուստների և Հայաստանում քաղաքացիական ենթակառուցվածքների լայնածավալ ոչնչացման»,-նշել է նա:

Ապա պատգամավորը հիշեցրել է Եվրահանձնաժողովի փոխնախագահ, Արտաքին հարաբերությունների գծով բարձրագույն հանձնակատար Ժոզեպ Բորելի խոսքերը. փաստն այն է, որ Ադրբեջանը ռմբակոծել և օկուպացրել է Հայաստանի տարածքի մի մասը, և ադրբեջանական ուժերը պետք է դուրս բերվեն:

«Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դուրս բերել իր զինված ուժերը Հայաստանի ինքնիշխան տարածքից և վերադառնալ դիրքեր, որոնք զբաղեցնում էին մինչ այս էսկալացիան։ Մենք կոչ ենք անում Ադրբեջանին դադարեցնել ցանկացած գործողություն, որը կարող է էլ ավելի սրել առանց այն էլ սարսափելի իրավիճակը»,-նշել է պատգամավորը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
22:58 Հույս ունեմ՝ քաղաքային իշխանությունները վայր կդնեն մանդատներն ու կհեռանան․ ՔՊ-ական ավագանի
19:35 Ավելի լավ չի՞ լինի, որ Փաշինյանը երկրից դուրս չգա
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը

Ձեզ գուցե հետաքրքրի