Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 22:49 04-10-2022

ՍԴՀԿ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանն առնչվող հայտարարություն է ընդունել

Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ համագումարը ՀՀ ներքին կյանքին, արտաքին քաղաքականությանը, ԼՂ հարցի կարգավորմանը, Հայաստան-Սփյուռք և Հայաստան-Թուրքիա հարաբերություններին վերաբերող հայտարարություն է ընդունել։

Ինչպես «Արմենպրես»-ին տեղեկացրին ՍԴՀԿ կենտրոնական վարչությունից, հայտարարության մեջ նշված է.

«Սեպտեմբեր 24‒27, քաղաքամայր Երևանում գումարվեց Սոցիալ Դեմոկրատ Հնչակյան Կուսակցության 22-րդ Համագումարը, որ զուգադիպում էր Կուսակցության հիմնադրության 135-ամյակին: Աշխարհի 14 երկրները և Հայաստանի կուսակցական միավորները ներկայացնող ավելի քան 70 պատգամավորներ քննարկեցին հայ ժողովրդի առջև ներկայիս ծառացած խնդիրներն ու մարտահրավերները, ինչպես նաև Կուսակցության ներքին կյանքին առնչվող հարցերը:

Ժողովականները առաջին հերթին դատապարտեցին Ադրբեջանի նախահարձակ գործողությունները Հայաստանի սահմաններից ներս, միաժամանակ գոհունակություն հայտնելով հայոց բանակի ցուցաբերած դիմադրության՝ ի գին մեծ զոհողությունների:

Քննարկումների արդյունքում որդեգրվեցին տասնյակից ավելի բանաձևեր՝ հստակեցնելով Կուսակցության դիրքորոշումները հայ ժողովուրդը հուզող տարբեր հարցերի շուրջ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՆԵՐՔԻՆ ԿՅԱՆՔ

Համագումարը արձանագրեց, որ ժողովրդավարության ամրապնդման գործընթացում Հայաստանը արդեն իսկ արձանագրել է լուրջ ձեռքբերումներ, արժանանալով միջազգային ընտանիքի բարձր գնահատականին ու նեցուկին: Համագումարը գտավ, որ ամեն գնով պետք է պայքարել, որ այդ գործընթացը հետընթաց չարձանագրի:

Համագումարը դրական գնահատեց նաև վերջին տարիներին տեղի ունեցած տնտեսական բարեփոխումները, մենաշնորհների վերացումը, փտածության դեմ պայքարը, նոր աշխատատեղերի ստեղծումը և կարիքավոր խավերին հատկացվող նպաստների բարձրացումը, որոնց հանրագումարը պիտի նպաստի արտագաղթի դանդաղեցման և ապագան Հայաստանի հողի վրա տեսնելու ձգտումներին:

Համագումարը կարևորեց նաև Հայաստանի դատաիրավական համակարգի բարեփոխումների անհրաժեշտությունը և մտահոգություն հայտնեց նրանց դանդաղ ընթացքի վերաբերյալ:

Համագումարը իր խոր մտահոգությունը հայտնեց երկրի ներքին քաղաքական կյանքը լարված պահելու փորձերի կապակցությամբ և գտավ, որ Հայրենիքի դիմագրաված լրջագույն և ճակատագրական մարտահրավերները կարելի է հաղթահարել բացառապես միասնական ջանքերով:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ԱՐՏԱՔԻՆ ՔԱՂԱՔԱԿԱՆՈՒԹՅՈՒՆ

Համագումարը ողջունելի գտավ Հայաստանի իշխանությունների վարած բազմաբևեռ արտաքին քաղաքականությունը և կարևոր նկատեց այդ հարաբերությունների առավել ամրապնդումը այն բոլոր պետությունների հետ, որոնք կսատարեն Հայաստանի անկախության, կնպաստեն ժողովրդավարության ամրապնդման և պատրաստ են թիկունք կանգնելու Հայաստանի տարածքային ամբողջականության ու ինքնիշխանության:

Համագումարը կոչ արեց դաշնակից պետություններին և կառույցներին հանձնառու լինել Հայաստանի անվտանգության և տարածքային ամբողջականության պաշտպանությանը ուղղված իրենց պարտավորություններին, որոնցից թերացումը հայ ժողովրդի մոտ իրավացիորեն առաջացնում է տարակուսանք և զայրույթ:

Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Հայաստանի անկախության և հողային ամբողջականության պահպանման միակ երաշխավորը մնում է հայկական ուժեղ և արդիականացված բանակը՝ իր թիկունքին ունենալով միասնական հայ ժողովուրդը:

ԼԵՌՆԱՅԻՆ ՂԱՐԱԲԱՂԻ ՀԱՐՑԻ ԿԱՐԳԱՎՈՐՄԱՆ ԳՈՐԾԸՆԹԱՑ

Քննարկելով Լեռնային Ղարաբաղի հարցի կարգավորման գործընթացի ներկա իրավիճակը, Համագումարը վերահաստատեց այն համոզումը, որ Լեռնային Ղարաբաղի հարցը պետք է լուծվի ազգերի ազատ ինքնորոշման իրավունքի միջազգային սկզբունքի հիման վրա՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի շրջանակից ներս:

Համագումարը կարևորեց նաև Արցախի Հանրապետության` բանակցային գործընթացի լիիրավ կողմ դառնալու անհրաժեշտությունը: Այս առիթով, Կուսակցությունը ողջունեց Արցախի պետական ղեկավարության և ազատատենչ ժողովրդի իր հողին կառչած մնալու որոշումը:

ՀԱՅԱՍՏԱՆ-ՍՓՅՈՒՌՔ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

Համագումարը կարևորեց Հայաստան-Սփյուռք հարաբերությունները ավելի գործնական դարձնելու և Սփյուռքի ներուժը ավելի արդյունավետ կերպով օգտագործելու անհրաժեշտությունը, մասնավորապես Հայաստանի Հանրապետության կենսական ոլորտները ղեկավարող գերատեսչություններից ներս սփյուռքահայ մասնագետների ներգրավումով: Այդ առնչությամբ, առաջնահերթ է Սահմանադրության 148-րդ հոդվածի վերանայումը՝ վերացնելու համար անհարկի խոչընդոտները:

Համագումարը քննարկեց նաև Սփյուռքի ընդհանուր իրավիճակը և իր մտահոգությունը հայտնեց Միջին Արեւելքի հայ գաղութներում տիրող տնտեսական և ապահովական ճգնաժամերի վերաբերյալ ու գտավ, որ անհրաժեշտ է ամեն գնով կանգուն պահել այդ գաղութները և կանխել դրանց դատարկումը: Իսկ, հակառակ դեպքում, արտագաղթել ցանկացողներին ուղղորդել դեպի Հայաստան: Այդ առումով, Համագումարը մի անգամ ևս կարևորեց համազգային ջանքերով դեպի հայրենիք ներգաղթի համապարփակ ծրագիր մշակելու անհրաժեշտությունը, որի գլխավոր նպատակը պետք է լինի ներգաղթող հայ ընտանիքների համար բավարար պայմանների ստեղծումը, որպեսզի նրանք մշտապես հաստատվեն հայրենի հողի վրա:

ՀԱՅԱՍՏԱՆ-ԹՈՒՐՔԻԱ ՀԱՐԱԲԵՐՈՒԹՅՈՒՆՆԵՐ

22-րդ Համագումարը քննարկելուց հետո Հայաստան-Թուրքիա հարաբերությունները, դրական գնահատեց Հայաստանի և Թուրքիո միջև ընթացող բանակցային գործընթացը և անհրաժեշտ նկատեց երկու հարեւան ու ինքնիշխան պետությունների միջև բնականոն և կանխատեսելի հարաբերությունների գոյացումը այն պայմանով, որ բանակցությունները տեղի ունենան առանց նախապայմանների, և որպես բարի կամքի դրսևորում՝ Թուրքիա առաջին հերթին բացի իր իսկ կողմից փակած սահմանը:

Համագումարը շեշտեց, որ բանակցությունների գործընթացը բացարձակապես չի նշանակում Թուրքիո նկատմամբ հայ ժողովրդի արդար պահանջներից հրաժարում և այս հարցը բանակցային սակարկության առարկա չի կարող դառնալ»:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
13:02 Մեր պրոբլեմը գիտե՞ք որն է, որ Քյարքիին ասում ենք Տիգրանաշեն․ Նիկոլ Փաշինյան
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ