Ներքին 4 տարի առաջ - 10:37 26-09-2022

Տեղի է ունեցել ապօրինի գործողություն, և մեղավորները պարզվելու են և պատասխանատվության ենթարկվեն

Հասարակական-քաղաքական գործիչ Ավետիք Չալաբյանը, անդրադառնալով երկու քուրդ զինյալներին Թուրքիային հանձնելու փաստին և դրա կապակցությամբ ՀՀ ԱԱԾ-ի և Արդարադատության նախարարության արդարացումներին, մի քանի դիտարկում է արել իր գրառման մեջ։

«Երեկ համացանցում տարածվեց Թուրքիային երկու քուրդ զինյալների՝ Աթիլլա Չիչեկի (Լեհենգ) և Հուսեյն Յլդրիմի (Ալիշեր) արտահանձման խայտառակ նորությունը։ Դեռևս սեպտեմբերի 23-ին Թուրքիայի հատուկ ծառայությունները հայտարարել էին, որ իրենք երկրի սահմանների մոտ ձերբակալել և Թուրքիա են տեղափոխել այդ անձանց, իսկ մեկ օր անց քրդական կազմակերպությունների խորհուրդը Հայաստանի Հանրապետության իշխանություններին էր մեղադրել Թուրքիայի հետ այս հարցում համագործակցության համար (երկու հղումները՝ ստորև)։

Հայաստանի Հանրապետության ԱԱԾ-ն և Արդարադատության նախարարությունը երեկ շտապեցին հայտարարել, որ իրենք որևէ առնչություն չունեն այդ գործողության հետ։ Անկեղծ ցանկանում եմ դրան հավատալ, սակայն ինձ մոտ, որպես իրավագիտակից քաղաքացու, առաջանում են մի շարք հարցեր՝
ա) այս երկու անձիք Հայաստանի Հանրապետության սահմանն են հատել 2021 թ․ օգոստոսի 16-ին, ձերբակալվել և հանձնվել են հայկական արդարադատությանը, 2022 թ․ հունվարին Սյունիքի Առաջին ատյանի դատարանի կողմից դատապարտվել են 7-ական տարվա ազատազրկման, սակայն տառացիորեն մեկ ամիս անց, փետրվարի 23-ին, ՀՀ Վերաքննիչ դատարանի կողմից նրանց դատավճիռը կրճատվել է 5-ական տարու, և նրանք պայմանական ազատ են արձակվել։ Ինչպե՞ս է ստացվել, որ մեր երկրի սահմանը հատած, մինչև ատամները զինված այս անձիք այդպիսի մեղմ դատավճիռ են ստացել, և փաստացի ազատ են արձակվել:
բ) պայմանական ազատության մեջ հայտնվելուց հետո, դատապարտյալները պարտավոր էին գտնվել ՀՀ տարածքում, ՀՀ Ոստիկանության անմիջական վերահսկողության ներքո։ Այդ դեպքում, ինչպե՞ս է ստացվել, որ նրանք այսօր Թուրքիայի տարածքում են։ Ի՞նչ պայմաններում են նրանք հատել ՀՀ սահմանը։
գ) Եթե նրանք ինքնուրույն են հատել մեր երկրի սահմանը, ինչու՞ մեր ԱԱԾ-ն դա չի կանխել։ Եթե նրանց մեր երկրի տարածքից առևանգվել են, ինչպե՞ս է մեր ԱԱԾ-ն դա թույլ տվել։ Եվ վերջապես, եթե այդ անձիք հանձնվել են թուրքական հատուկ ծառայություններին մեր իշխանությունների կողմից, ապա պետական իշխանության որ մարմինն է այդ որոշումը ընդունել, ինչ իրավասությունների հիման վրա, և համաձայն ինչպիսի՞ միջազգային պայմանագրերի։

Ես առաջարկում եմ մեր ԱԱԾ-ին այս հարցերին անկեղծ պատասխան տալ, այլապես ոչ մի երաշխիք չկա, որ վաղը նույնը տեղի չի ունենա ՀՀ ցանկացած քաղաքացու հետ։ Կարող եք խուսափել պատասխաններից, և հերթական անգամ հարցը լղոզել, ինչպես փորձել եք անել երեկվա ձեր հայտարարությամբ։ Սակայն տեղի է ունեցել ակնհայտ ապօրինի գործողություն, և վաղ թե ուշ նրա մեղավորները պարզվելու են, և պատասխանատվության են ենթարկվելու։ Եթե դուք ծառայում ենք Հայաստանի Հանրապետությանը, գործեք նրա օրենքի շրջանակներում, և ապահովեք օրենքի գերակայությունը բոլորի համար»։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
20:37 Ռոնալդուի մայրը՝ որդու շուրջ ստեղծված սկանդալի մասին․ «Նա միշտ կմնա Պորտուգալիայի հերոսը»
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը