Ուղիղ եթեր
Տեսանյութ Ներքին 3 տարի առաջ - 13:26 21-09-2022

Բարոյական ինչ ճգնաժամի մեջ ենք, որ նման տեսարանի ենք ականատես լինում սեպտեմբերի 21-ին․ Արամ Վարդևանյան

Եռաբլուրում այսօր ընդդիմադիր «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանը լրագրողների հետ զրույցում անդրադարձավ Եռաբլուրից որդեկորույս ծնողներին բիրտ ուժ կիրառելով հեռացնելու որոշմանը։

Նա նշեց, որ նախորդող ամիսներին, երբ ընդդիմության փողոցային ակցիաներին մասնակցում էին որդեկորույս ծնողներ, ինքը նկատել էր, որ ոստիկանությունը, կարծես, ուներ նրանց նկատմամբ ուժ չկիրառելու որոշում։ Նույնիսկ, երբ Դատախազության դիմացի Վազգեն Սարգսյան փողոցն են փակել, ըստ պատգամավորի, բարձրաստիճան ոստիկանն իրեն ասել է, որ ուժ չեն կիրառի, կսպասեն այնքան, մինչև ծնողները որոշեն բացել փողոցը։

«Ես միշտ մտածել եմ, որ այդ ընկալումը կա․ ոչ թե դրա մասին մի օրենք պիտի գրվի, ոչ թե դրա մասին մի առանձին օրենք պիտի ընդունվի․․․ Մենք պետություն ենք։ Մենք Հայաստանի Հանրապետության քաղաքացիներ ենք, ու գիտենք, որ կան մարդիկ, ում առաջ ունենք միմիայն պարտականություններ։ Մենք պիտի խոնարհվենք իրենց (որդեկորույս ծնողների) առջև, երախտապարտ լինենք, որովհետև այսօր մենք կանք, այն բանի շնորհիվ, որ այդ ծնողները նման հերոսներ են մեծացրել, նման դաստիարակություն են տվել, որ այդ տղաները՝ 18-19-20 տարեկան հասակում, իսկ Եռաբլուրում հիմնականում այդ տարիքի տղաներ են․․․ Ու ծնողների նկատմամբ նման վարքագիծ ենք տեսնում»։

Վարդևանյանի խոսքով՝ առանձնահատուկ վերաբերմունքի պիտի արժանանան այն մարդիկ, ովքեր կարողանում հերոսներ մեծացնել, քանի որ նման մարդկանց շնորհիվ են լինում մեր երկրի բոլոր ձեռքբերումները։

«Չեմ կարողանում հասկանալ՝ բարոյական ինչ ճգնաժամի մեջ ենք գտնվում, որ արդեն այդ տեսարանն էլ տեսնենք սեպտեմբերի 21-ին։ Սա մեր անկախության տոնն է, իսկ մեր պատմությունն այնպիսին է, որ մեր ցանկացած ձեռքբերման համար արյուն է թափվում, կյանքի գնով է այդ ամեն ինչը լինում։ Այստեղ իրավունքը չի, օրենքը չի․ այստեղ ավելի բարձր արժեքներ կան։ Մենք պիտի հիշենք՝ ինչ օրհասական վիճակում ենք գտնվում, որ էլի նոր թաղումներ են լինում։ 44-օրյա մղձավանջից հետո մենք էլի նույն մղձավանջի մեջ ենք։ Ախր մարդկային նվազագույն բարոյական արժեք պիտի լինի՞»,- նշեց նա։

Եվ այնուամենայնիվ, խնդիր կա ոչ միայն բարոյական, այլ իրավական դաշտում։

«Ես ինձ նորից անհարմար վիճակում եմ զգում, երբ նորից պիտի խոսեմ օրենքից կամ իրավունքից։ Երբ նորից պիտի խոսեմ, օրինակ, նվազագույնը ազատ տեղաշարժման իրավունքից, նվազագույնը անձնական իրավունքից․ որ ոչ ոք չի կարող գալ ու ուղղակի մարդուն բերման ենթարկել՝ հորինված օրինական պահանջ ներկայացնել, դրան չենթարկվելու հիմքով մարդուն ոստիկանական բաժանմունք տանել, դրանով ծաղրել ողջ իրավական համակարգը, ողջ իրավունքի սիստեմը, որ գոյություն ունի։ Արդեն անհարմար եմ զգում, որ խոսում եմ դրա մասին, քանի որ այդ ամենը մի հոգու ցանկությամբ դառնում է ոչինչ»,- ասաց Վարդևանյանը։

Անդրադառնալով այն դիտարկմանը, որ ծնողները չեն ցանկանում, որ իրենց որդիների շիրիմներին մոտենա այն մարդն, ում իրենք համարում են մեղավոր նրանց մահվան մեջ՝ Վարդևանյանն ասաց, որ առանցքային է ծնողերի այդ պահանջը․ «Հարյուրավոր ծնողներ ամեն օր այստեղ են․․․ ամեն օր․․․ ամեն օր իրենց օրը լուսացնում են այստեղ։ Ու ինչ է թե մի պաշտոնյա որոշել է այստեղ գալ ու մտնել, պիտի հազարավոր բերետնե՞ր մտնեն էստեղ»։

Օրվա խորհրդի ու տրամադրության մասին հարցին անդրադառնալով՝ պատգամավորը նշեց․ «Օրվա իշխանությունները մեզնից կարողացել են խլել մեր Անկախության խորհրդի հենասյունը՝ մեր Եռատոնը։ Հիմա, որքան հասկանում եմ, իրենք գնում են այն ճանապարհով, որ մենք սեպտեմբերի 21 էլ չենք կարողանում տոնել։ Այն, որ մենք ունենք թշնամի և թշնամի պետություններ, բոլորը գիտեն, թշնամի պետությունների միակ նպատակն ու երազանքները Հայաստանի Հանրապետությունը բնաջնջելն է, կին դիպուկահարին խոշտանգելն է, մասնատելն է, կարծում եմ, բոլորս հասկանում ենք։ Բայց երբ դրան ի պատասխան դու խոսում ես խաղաղություն մուրալու մասին, եթե դու ընտրում ես մուրալը, ստորանալը, ապա ունենում ես և պատերազմ և ստորացում»։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին