Ուղիղ եթեր
Ներքին 3 տարի առաջ - 20:26 15-09-2022

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր ԱԺ-ում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները

Հայաստանի ժուռնալիստների միությունը հանդես է եկել հայտարարությամբ՝ անդրադառնալով ԱԺ պատգամավոր Քրիստինե Պողոսյանի մասնակցությամբ տեղի ունեցած այսօրվա միջադեպին։ Ստորև ներկայացնում ենք հայտարարության տեքստը։

«Այսօր Ազգային ժողովում իշխող «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության պատգամավոր Քրիստինե Պողոսյանն անհավասարակշիռ պահվածքով և ոչ կոռեկտ բառապաշարով արձագանքեց MediaHub.am կայքի լրագրող Անի Գևորգյանին՝ ի պատասխան լրագրողի հնչեցրած հստակ, հավանաբար պատգամավորին դժվար կացության մեջ գցող հարցերին: Պատգամավոր Քրիստինե Պողոսյանը, հայտարարելով, որ ԱԺ-ն իր տունն է, պահանջեց լրագրողից հեռանալ, իսկ երբ լրագրողն ընդդիմացավ, պատգամավորը ձեռքը մեկնեց դեպի սեղանին դրված հեռախոսը (ամենայն հավանականությամբ)՝ փորձելով այն նետել լրագրողի ուղղությամբ, ինչը կանխեցին նրա իսկ գործընկեր պատգամավորները:

Թեև անհավասարակշիռ վարքագիծ դրսևորած պատգամավորին գործընկերները մի կերպ հեռացրեցին տարածքից, բայց քիչ անց նրան օգնության հասավ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը: Նա էլ Խորհրդարանի անվտանգության աշխատակիցներին հրահանգեց լրագրող Անի Գևորգյանին դուրս հանել ԱԺ շենքից, ինչն անհապաղ կատարեցին. լրագրողի նկատմամբ բռնություն գործադրելով, թևերից բռնած քարշ տալով՝ նրան դուրս բերեցին ԱԺ շենքից:

Տեղի ունեցածից հետո լրագրողների հետ զրույցում Ալեն Սիմոնյանը ոչ միայն հայտարարեց, որ չի պատրաստվում պատգամավոր Քրիստինե Պողոսյանի վարքագիծը քննության առնել, այլև, որ ինքն առաջնորդվելու է ԱԺ կանոնակարգ օրենքի նոր դրույթներին համապատասխան, ըստ որոնց՝ ԱԺ գործունեությունը խաթարող լրագրողը պետք է հեռացվի: «Վաղուց էր պետք դա անել: Փառք Աստծո, օրենքն արդեն ընդունել ենք»,- հայտարարել է Ալեն Սիմոնյանը:

Ակնհայտ է, որ մամուլի նկատմամբ իշխանությունների նման, մեղմ ասած, պաշտոնյային ոչ հարիր վերաբերմունքը պայմանավորված է վերջին օրերին երկրում տեղի ունեցող՝ իրենց անհանգստացնող իրադարձություններով, ռազմաճակատին զուգահեռ՝ քաղաքական հարթությունում կատարվող ստվերային գործընթացներով և դրանց նկատմամբ հասարակության մեջ առաջացած արդարացի վրդովմունքով:

Իշխանությունը, ինչպես նախկինում, այնպես էլ այսօր, իրենց սխալների ու թերությունների մասին հանրությանն իրազեկող մամուլը համարում է թշնամի, քանի որ մեծապես ազատ ու իշխանության վերահսկողությունից դուրս գործող ԶԼՄ-ների աշխատանքի շնորհիվ է հասարակությունը տեղեկանում իր թիկունքում կատարվող իրադարձությունների մասին:

Հայաստանի ժուռնալիստների միությունը խստորեն դատապարտում է այսօր Ազգային ժողովում լրագրողների նկատմամբ կատարված ոտնձգությունները, այդ թվում՝ ներկայացուցչական մարմնի ղեկավարի՝ ԱԺ նախագահի հրահանգով, իշխանությունից պահանջում է ժողովրդավարության սկզբունքներին հավատարիմ գործելաոճ դրսևորել, կատարվածն արժանացնել իրավական գնահատականի, պատասխանատվության ենթարկել սեփական թիմի անդամ այն պատգամավորներին, որոնք առաջին անգամ չէ, որ լրագրողներին սպառնում են հաշվեհարդարով: Անպատժելիությունը ծնում է ամենաթողություն. այս դեպքում հիշատակված պատգամավորը ոչ միայն սպառնացել է, այլև փորձել է կոնկրետ գործողությունների դիմել:

Կոչ ենք անում մամուլի ազատության հարցերով զբաղվող տեղական և միջազգային կազմակերպություններին, մարդու իրավունքների պաշտպանությամբ իրապես զբաղվող միավորներին ու անհատներին՝ ցուցաբերել համարժեք գործելակերպ, զսպել ու կանխել ազատ խոսքի նկատմամբ իշխանության ահագնացող ոտնձգությունները:

Մեր գործընկերներին կոչ ենք անում, անկախ ստեղծված իրավիճակից, պահպանել մասնագիտական էթիկայի բոլոր նորմերը և սատար կանգնել միմյանց:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին