Մշակույթ Միտք 4 տարի առաջ - 21:03 29-07-2022

Նրան չեն հետապնդել անհաջողությունները, իշխանությունները, քննադատություններն ու արվեստասերների պակասը

1817 թ. հուլիսի 29-ին ծնվել է աշխարհահռչակ հայազգի ծովանկարիչ, Պետերբուրգի, Հռոմի, Ֆլորենցիայի, Շտուտգարտի, Ամստերդամի գեղարվեստի ակադեմիաների անդամ, Ռուսական կայսրության պատվավոր ծովակալ, Ռուսաստանի կայսերական ակադեմիայի անդամ Հովհաննես Այվազովսկին։

Այվազովսկու ստեղծագործական կենսագրությունը բավականին պարզ ու թափանցիկ է։ Նա կտրուկ թռիչքներ ու անկումներ չի ունեցել։ Նրան երբեք չեն հետապնդել անհաջողությունները, իշխանությունները, չեն դառնացրել քննադատությունները, արվեստասերների պակասն ու անտարբերությունը։ Այվազովսկին ճամփորդել է ողջ Եվրոպայում, եղել Աֆրիկայում և Ամերիկայում։ Իր կյանքի ընթացքում ունեցել է 55 անհատական ցուցահանդես, ինչն աննախադեպ երևույթ է ցանակացած նկարչի համար։ Այսօր Այվազովսկու կտավները զարդարում են աշխարհի ամենահեղինակավոր թանգարանները։

Հովհաննես Այվազովսկին ունի բազմաթիվ ինքնադիմանկարներ։ Նրան նկարել են նաև այլ նկարիչներ, սակայն այսօր ձեզ ենք ներկայացնում նրա 1892 թվականին ստեղծած ինքնադիմանկարը, որն առանձնանում է իր ինքնատիպությամբ ու բովանդակությամբ։



Այվազովսկին այս նկարում իրեն պատկերել է իր տանը։ Եթե ուշադիր նայենք, ապա հետևում իր հայտնի «Փոթորիկ գիշերը` ծովում» կտավն է։ Չթաքցնելով ծովի հանդեպ իր մեծ սերը՝ նա նույնիսկ իր ինքնադիմանկարը փորձել է հագեցնել, լրացնել ու աբողջացնել ծովային
պատկերով։ Պահարանին դրված է նկարչի երիտասարդ տարիների լուսանկարներից մեկը։ Շուրջն ամեն ինչ կոկիկ է, մաքուր ու գեղեցիկ։ Այս ֆոնին միանգամայն ներդաշնակորեն տեղավորված է նկարչի ամբողջական պատկերը։ Նրա նրբորեն թաքնված ժպիտը, հեռուն նայող արտահայտիչ աչքերը բացահայտում են Այվազովսկու բարեհոգի, մեղմ, հանդարտ, բայց ինքնավստահ ու կայացած մարդու կերպարը։

Այս շքահանդեսային ինքնադիմանկարում Այվազովսկին 75 տարեկան է: Ծովանկարիչն իրեն պատկերել է ծովակալի համազգեստով, որին ամրացված է Ռուսական կայսրության ու արտասահմանյան պետությունների շքանշանների լիակատար հավաքածուն։



Այվազովսկին ռուսական միջավայում եղած նկարիչներից առաջինն է, ով արժանացել է Ֆրանսիայի Պատվո Լեգեոնի ասպետի կոչման և պարգևատրվել է Պատվո Լեգեոնի շքանշանով: Այվազովսկու կուրծքը զարդարում են Սուրբ Աննայի III աստիճանի շքանշանը, Փրկիչի IV աստիճանի շքանշանը, Ֆրիդրիխի Վյուրտեմբերգյան թագավորության Կոմանդորի խաչ շքանշանը, Սուրբ Ստանիսլավի I աստիճանի, Սուրբ Աննայի I աստիճանի, Սուրբ Վլադիմիրի II աստիճանի շքանշանները, Սպիտակ Արծիվի շքանշանը, Օսմանյան կայսրության Մեջիդիյե II աստիճանի և I աստիճանի շքանշանների աստղերը:

Այստեղ պակասում են թուրք սուլթանից ստացած շքանշանները։ Բանն այն է, որ 1894-1896 թթ. համիդյան կոտորածներից հետո, երբ զանգվածաբար սպանվեցին 300 հազար հայեր, Այվազովսկին իր ստացած բոլոր թուրքական պարգևները ծովը նետեց, իսկ դրանց տարբերանշաններն ու ժապավենները վերադարձրեց թուրք սուլթանին։

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում