Միտք Ներքին 4 տարի առաջ - 11:56 27-07-2022

Մեզ տանում են մեզանից, որովհետև մենք մերը չենք

Ամենահեշտը պարտվածին, խոցվածին, ծնկածին թելադրելն ու պարտադրելն է: Հեշտ է, որովհետև պարտվածն այլ տարբերակ չունի, քան կատարել հաղթողի կամքը, զիջել ու ընկրկել այնքան, որքան կստիպի հակառակ կողմում կանգնած ուժը: Սա է իրականությունը՝ որպես գրված ու չգրված օրենք: Հայաստանը հիմա այդ անօրեն կամ չոր ու դաժան օրենքի հպատակն է: Իսկ այդ օրենքը հակառակորդն է, հաղթողը, որ կացնի պես է կախվել գլխավերևում և կտրելու, տանելու է այնքան, որքան թույլ կտա կացնի սրությունն ու ծանրությունը:

Սույն կացինն այսօր Ադրբեջանը Հայաստանի վրա բարձրացրել է Թուրքիայի ամուր ձեռքով: Իսկ մեր այդ անհամեմատ ուժեղ ու հզոր հարևանը մեզ հետ դրացիական հարաբերություններ ստեղծելու պատրվակով՝ կացինն է իջեցնում: Տալ Ադրբեջանին այն՝ ինչ ինքն է ուզում, և այնքան, որ գոհ մնա: Այս պահանջն ու պայմանն է ամեն օր Թուրքիան առաջ մղում բացահայտ ու անթաքույց: Թուրքիան ընդգծում է, որ Հայաստանի հետ բանակցում է նախապես Ադրբեջանի հետ համաձայնեցված օրակարգով: Մենք այլ շոշափելի, անգամ հեռանկարային հնարավորություն չենք տեսնում, քան ուղղակի այն՝ կատարել Թուրքիայի դաշնակից Ադրբեջանի պահանջը: Ոչ թե միջնորդավորված, այլ ուղղակիորեն Թուրքիայի ուժային դիրքերից Հայաստանի հետ բանակցում է Ադրբեջանը: Իսկ մնացածը միֆ է՝ սահման բացել, առևտուր անել, քեզ լավ զգալ: Լավ զգացողը միայն Ադրբեջանն է լինելու:

Մենք նույնպես դաշնակից ունենք, մեծ և հզոր Ռուսիան: Բայց մեր դաշնակիցը մեր թշնամիների բարեկամն է: Եվ մենք մենակ էինք 44-օրյա պատերազմում, առանց մեր դաշնակցի էինք թշնամի դաշնակից ուժերի դեմ: Մենք նույնպես եվրոպաներին ու արևմուտքերին խոսք ասելու իրավունք ունենք, բայց Ադրբեջանի ձայնն է լսվում: Մեր լեզուն համր է, աշխարհի ականջը՝ խուլ: Մեր համրությունը աշխարհի խլությունից է, որովհետև մենք պարտված ենք, ընկած, ոչ պիտանի: Եվ այդ անօրեն օրենքով մեզ տանում են մեզանից, որովհետև մենք մերը չենք:

Կար ժամանակ, որ նույն պատերազմում հաղթածը մենք էինք, բայց չկարողացանք մեր հաղթածը հաղթանակի վերածել: Այդ անկարողությունը դառնում է դիմացինի հնարավորությունը և քեզ հետ անում է այն, ինչ դու խելք ու շնորհ չունեցար անել իր հետ, որ քո իրավունքն էր:

Ամենից շատ դիտված

13:00 Երկաթգծերում փողային խառնաշփոթ է
16:00 Սասուն Միքայելյանի ձերբակալված սանիկից հեղափոխությունից առաջ բռնագանձել են 194 հազար դրամը
22:53 Ջարդարարները պատասխան կտան, իշխանությունները կզբաղվեն գնաճով․ Մակրոն
11:35 Ռուսաստանից և այլ երկրներից դեպի Երևան 16 չվերթ ուշանում է
11:41 ՔՊ-ականները նեղվել են Գյումրու տոնից, կարծես խանգարել ենք բյուջեից միլիոններ դուրս գրել․ Կարապետյան
11:02 Երևանում 20-ամյա աղջիկը մարմնական վնասվածքներ է պատճառել 34-ամյա զուգընկերոջը․ բժիշկները պայքարում են նրա կյանքի համար
10:49 «Սենսեյ Անդո» մականվամբ տղամարդը Այնթապի մարզասրահում ռետինե խողովակով հարվածել է 11-ամյա տղային
10:21 Ալեն Սիմոնյանը դատարանում պարտվել է Էդգար Ղազարյանին
09:08 «Մոսկվա» կինոթատրոնի մոտ «Kia»-ն վրաերթի է ենթարկել հետիոտնի․ վերջինը տեղափոխվել է հիվանդանոց
22:27 Թրամփն աջակցություն է հայտնել Նեթանյահուին առաջիկա ընտրություններում