Օգոստոսի 1-ից ուժի մեջ են մտնում գազաբալոնների վկայագրման նոր կարգավորումները, ըստ որոնց՝ եթե գազաբալոնները համապատասխան ստուգում անցած չեն լինի, չեն լիցքավորվի։ Բանն այն է, որ նման գործառույթ իրականացնող 23 կազմակերպություն կա, որից 9-ը Երեւանում է, կան մարզեր, որոնք չունեն, օրինակ՝ Սյունիքի մարզը, հետևաբար անհնար է այդ ժամանակահատվածում ստուգում իրականացնել։
Տնտեսագետ Հրանտ Միքայելյանը Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ պարզ է, որ որոշումը բալանսավորված չէ։ «Այստեղ իհարկե, կա կոռուպցիոն ռիսկ: Կարճ ժամկետում անհնար է, որ բոլորը ստուգվեն։ Ոչ բոլորը, բնականաբար, կկարողանան անցնել ստուգում, նույնիսկ չնչին տոկոսը չի հասցնի, և շատերը կարող է ուզեն ինչ-որ գումար վճարելով՝ թուղթ ստանան առ այն, որ իրենք անցել են։ Հենց սա էլ ենթադրում է կոռուպցիոն ռիսկ, ոնց որ վարորդական իրավունք են առնում, բայց սա ավելի վատ կլինի, որովհետև վարորդական իրավունքն ամեն դեպքում ենթադրում է, որ մարդ, օրինակ, եթե քշել չգիտի․․․ այստեղ մարդն ուղղակի ստատուս քվո է պահում, այնպես որ դա և՛ ավելի էժան, և՛ ավելի որակով կստացվի, եթե իհարկե նման ռիսկը կարդարացնի, կկարողանա պետությունը թույլ չտալ նման դեպքեր։ Մի քիչ կասկածելի է, որովհետև ինչ կլինի, որ մեկ ամիս կամ կես ամիս անցել է, երբ գալիս է պահը, որ այն մեքենաները, որոնք գազով են, իրավունք չունեն վարելու, և պետք է կանգնեն։ Դա բալանսավորված որոշում չէ, և բնականաբար ինչ-որ մարդիկ դեմ են դուրս գալու»։
Տնտեսագետը նաև չի բացառում, որ նման որոշումներն ընդունվում են, որ հասարակության կարծիքը շեղվի հայ-թուրքական և հայ-ադրբեջանական, այսպես կոչված, գործընթացներից՝ նման մանր խնդիրներով։ «Նրանք կկարողանան իրենց ուզածը հասցնել մինչև վերջ՝ թեկուզ հայկական շահերը զիջելով, շատ պոպուլյար որոշումներ ընդունելով։ Բայց տվյալ պարագայում, երբ բոլորի գրպանին են կպնում, իհարկե դա շեղում է մարդկանց ուշադրությունը։ Ուշադրություն շեղող հանգամանքներից է նաև Քրիստոսի արձանի հարցը, մարդիկ քննարկում են նման թեմաները և շեղվում բուն խնդիրներից։
Ես կարծում եմ, որ նախագիծը կվերանայվի, և ավելի երկար ժամկետներ կսահմանվեն։ Սա ակնհայտ է։ Գազի մեկ լիցքավորումը մոտավորապես տասը օրով է հերիքում, իսկ մի բալոնը հինգ տարի ծառայում է։ Այսինքն՝ մոտավորպես այս ժամկետների մասին ենք խոսում, ու ենթադրում եմ, որ ամեն բալոնը պետք է ստուգվի, այսինքն՝ մեքենաները, որոնց վրա տեղադրվում են բալոնները, պետք է մեկից ավել անգամներ ստուգվեն։ Իհարկե, նման կազմակերպությունների թիվն էլ կարող է շատ արագ աճել, մի խոսքով՝ նոր ինդուստիա են ստեղծում ինչ-որ տեղ»։
Իսկ տնտեսագետ Սուրեն Պարսյանն Oragir.news-ի հետ զրույցում ասաց, որ միանշանակ բոլոր մեքենաները չեն կարող ենթարկվել ստուգման, նույնիսկ եթե մի քանի ամիս առաջ հերթագրվեին՝ ստուգումն անելու համար, միևնույնն է, չէին հասնի ցուցանիշին. «Այս պահին ունենք ընդամենը 23 կազմակերպություն, որ ի վիճակի են աշխատել, ես ինքս իմ մեքենայի համար փորձեցի ստուգաչափումն իրականացնել, ինձ հերթագրեցին սեպտեմբերի 12-ին՝ ժամը 12-ին, մի քանի այլ տեղեր ևս զանգել եմ, ուրիշ տեղեր նոյեմբերին էին գրանցում, դեկտեմբեր, հոկտեմբեր, դա լավագույնն էր։ Այնպես չէ, որ ես անուշադրության էի մատնել այս պահանջը, ուղղակի ակնհայտ է, որ մեծ հերթեր գոյություն ունեն, սպասարկող կազմակերպությունների թիվը համապատասխան չէ։ Ավելին ասեմ, միակ կազմակերպությունը, որտեղ ես հերթագրվեցի, գտնվում էր բնակելի շենքին շատ մոտ՝ 30 մետր հեռավորության վրա, ու այդ սենյակներում հստակ պահպանված չէին անվտանգության կանոնները, որովհետև մեծ քանակությամբ գազ կար։ Մի քանի րոպե մնացի, այդ գազի հոտից վատ էի զգում, գիտակցությունս, ինձ թվում է, կկորեր, այսինքն՝ նույնիսկ պայմաններ չկային նորմալ այդ սրահներում։ Այսինքն՝ իրենք ուղղակի տվել են լիցենզիաներ կազմակերպություններին՝ առանց որակը և պայմանները ստուգելու։
Երբ ես առաջարկեցի՝ օրինակ, ինչու մեկ ժամ ավել չեն աշխատում, ասացին, որ մինչև ժամը վեցն են աշխատում, իմ հարցին, թե ինչու երկրորդ հերթով չեն աշխատում, քանի որ շուկայում պահանջարկ կա, նրանք պատասխանեցին, որ այսպես են աշխատում, և դա է իրենց գործունեության որոշումը։ Ակնհայտ է, որ այս պահին որոշակի սպեկուլյացիա է գնում, այս կայանները լավ հասկանում են, որ իրենք չակերտավոր մոնոպոլ դիրքում են, և իրենց վարքագիծն են թելադրում 450 հազար ավտոմեքենայի սեփականանտերերի համար։ Ես չեմ բացառում, որ որոշ մարդիկ կարող են գումար առաջարկել, որ իրենց հերթն արտահերթ անեն կամ օրինակ գրեն-տան ստուգաչափման վկայագիրը, այսինքն՝ այստեղ մենք ստեղծել ենք կոռուպցիայի մի ոճ, որն օրեցօր ծաղկում է, ու դա լավ հասկանում են բոլորը, բայց դրա վրա աչք են փակում։ Ինձ այդ կազմակերպությունը սեպտեմբերի 12-ին գրանցեց, մինչև այդ բոլորը զբաղված են»։
Հարցին, թե հնարավոր է արդյոք, որ ՏԿԵ նախարարությունը վերանայի ժամկետները՝ պատասխանեց. «Իմ կարծիքով ՏԿԵ-ն ի վիճակի չի լինելու օգոստոսի 1-ից բոլորից պահանջել, որ ստուգաչափված բալոններով հավաստագրված ավտոմեքենաներ վարեն, կամ այդ օրենքը չի կիրառվելու, այսինքն՝ մնալու է թղթի վրա, կամ հետաձգելու են օրենքի նախագիծը։ Ակնհայտ է, որ ԱԳԼՃԿ-ները եթե որոշում կայացնեն՝ հավաստագրված բալոնները պետք է լիցքավորեն, նրանք գազը չեն կարող լիցքավորել, չեն կարող փող աշխատել, նրանք են սկսկելու կանխամտածված խախտել ու լիցքավորել։ Հաշվի առնելով այս իրավիճակը՝ ՏԿԵ-ն պետք է արդյունավետ լուծում գտնի։
Ի վերջո, Հայաստանում վերջին տվյալներով կա գազով շահագործվող 450 հազար մեքենա։ Մեկ մեքենայի գազաբալոնի ստուգումը տեւում է 1-1.5 ժամ, աշխատում են 9։00-18:00, այսինքն՝ մեկ օրում մեկ կազմակերպությունը միջինում կարող է սպասարկել 6-7 մեքենա։ ՏԿԵ նախարարությոան նշած ժամկետում գործընթացն ամբողջությամբ իրականացնել հնարավոր չէ, ու փաստորեն ստացվում է այնպես, որ ստուգում իրականացնող կազմակերպությունների թիվը քիչ է, ժամկետները՝ սուղ»։