Հուլիսի 6-ին Պետական եկամուտների կոմիտեն շրջանառության մեջ է դրել մի խնդրահարույց
նախագիծ, որի հաստատման դեպքում ՊԵԿ-ին կթույլատրվի ստանալ բանկային և ապահովագրական գաղտնիք հանդիսացող տեղեկություններ՝ առանց դատարանի որոշման։
Թե ինչքանով է դա վտանգավոր նախագիծ, քանի որ ՊԵԿ-ի ներկայացուցիչները կամ, ժողովրդական լեզվով ասած, հարկային տեսուչները առանց դատարանի թույլտվության և որևէ խոչընդոտի կարող են ստանալ քաղաքացիների բանկային գաղտնիքի մասին տեղեկատվություն,
Oragir.news-ը թեմայի վերաբերյալ զրուցել է ՀՀ նախկին վարչապետ, տնտեսագետ Հրանտ Բագրատյանի հետ։
Մեր հարցին պատասխանելով՝ Բագրատյանն ասաց. «Իմ ընդհանուր մտածողությունն այն է, որ երկիրը գնալու է 30-ականների ստալինիզմի ճանապարհով։ Մենք ստանում են ինֆորմացիա իբր տնտեսական աճի մասին, որը չենք տեսնում։ Կամ ինչ-որ ոլորտներում, որ ոչ մի ազդեցություն չեն ունենում տնտեսական աճի վրա, իսկ ավտո առնել-ծախելով մենք տնտեսական ա՞ճ ենք ստանում։ Մենք արդեն գիտենք, որ և՛ ԿԲ-ն , և՛ դատախազության մարմինները այդ ինֆորմացիան, որ ստանում են․․․ չէր կարելի, իսկ ազատ ձեռներեցության հիմքերը դրանով կքայքայվեն, այսինքն՝ մենք գնում ենք այդ ճանապարհով։
Ես նման բաները չեմ ողջունում, մենք արդեն տեսնում ենք, որ ՀՀ-ում որևէ լուրջ բիզնես չի զարգանում, Հայաստանը հայտնվել է 15-20 տարի առաջվա նույն իրավիճակում։ Ես այդքան բան կարող եմ ասել։ Սա միայն վկայում է նրա մասին, որ բանկային եկամուտները վերահսկվում են և վտանգի տակ են, խնդիրներ կան՝ կապված իրականության մեջ բանկային եկամուտների հետ։ Դա նաև վկայում է, որ նախկինում այսքան ծայրահեղ միջոցների երբեք չեն դիմել, հիմա դիմում են ծայրահեղ միջոցների։ Բա որ ասում են՝ բյուջեն գերակատարվում է, ինչո՞ւ են նման ծայրահեղ միջոցների դիմում։ Որևէ եվրոպական պետությունում, նույնիսկ Ռուսաստանում նման բան չկա։ Սա շատ ծայրահեղ բան է»։
Ի վերջո, ակնհայտ է, որ նոր նախագծով բանկային գաղտնիքը ներառում է շատ բազմազան տեղեկատվություն բանկի հաճախորդի վերաբերյալ, որի գաղտնիության վերացման պարագայում կխախտվեն գործարարի, ներդրողի և, ինչու ոչ, նաև ֆիզիկական անձի իրավունքները։