Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 18:00 09-07-2022

Մանդատներ դնելու հարցը՝ ընդդիմության լյուստրացիա. լիդերները վախենում են այդ որոշումից

Ընդդիմությունը հանձնաժողովի նախագահների, փոխնախագահների պաշտոններից հրաժարվելով՝ շախ ու մատ արեց իշխանությանը՝ ցույց տալով, որ պաշտոնը իր համար առաջնահերթ չէ, կարող են դրանից հրաժարվել՝ ստեղծելով խորհրդարանական ճգնաժամ։ Հիմա այս ամենի տրամաբանական հաջորդ քայլը պետք է լինի մանդատներից հրաժարվելը, քանի որ եթե այդ մանդատը չի օգնում իշխանությանը հեռացնել, պետք է այն դեն նետել։ Այդպես վարվեցին Արթուր Վանեցյանը, Արթուր Ղազինյանը, սակայն ցանկը այսքանով չպետք է ավարտվի։ Ընդդիմադիր երկու խմբակցություններում էլ քննարկվում է մանդատները վայր դնել-չդնելու հարցը։

Մեր տեղեկություններով՝ Սերժ Սարգսյանը հայտարարել է, որ ինքը իր թիմի մասով վստահ է, ցանկացած պահի կարող են վայր դնել իրենց 4 մանդատները, իսկ ցուցակի հաջորդ ՀՀԿ-ականները չեն վերցնի դրանք։ Ավելի բարդ է խնդիրը «Հայրենիք» կուսակցությունով ներկայացածների դեպքում։ Արթուր Վանեցյանը 2021թ․ խորհրդարանական ընտրություններին բավականին «անճաշակ» գտնվեց եւ խիստ անհեռատես՝ իր շուրջը հավաքելով տարբեր ուժերում դեգերածների, անվստահելի մարդկանց, որոնք որեւէ կապ չունեն ո՛չ իր, ո՛չ իր կուսակցության հետ։ Հետեւաբար Վանեցյանը չի կարող երաշխավորել, որ իր կուսակցության քվոտայով ցուցակում ընդգրկվածները չեն վերցնի մանդատը։

Բարդ է խնդիրը «Հայաստան» խմբակցության դեպքում։ Շատերը մեղադրում են, թե ինչու երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը չի հորդորում վայր դնել մանդատները, բայց խնդիրն այն է, որ Քոչարյանն էլ վստահ չէ, որ իր հրահանգով բոլորը վայր կդնեն։ Խմբակցության բազմաթիվ պատգամավորներ մանդատները վայր դնելու հարցը սվիններով են ընդունում, հայտարարում են, թե իրենք ունեն իրենց դիրքորոշումը, մանդատը ժողովրդից են ստացել եւ այլն։ Այլ հարց է, թե տվյալ օրենսդրին քանի հոգի է ճանաչում, եւ քանիսն են նրան ձայն տվել, բոլորին էլ պարզ է, որ 2020թ․ «Հայաստան» դաշինքին ձայն են տվել Քոչարյանի անձի համար։ Հիմա թվարկել, թե ովքեր վայր չեն դնի մանդատները, շատ բարդ է եւ ծավալուն, ավելի իրական է ասել՝ ովքեր վայր կդնեն, եթե Քոչարյանը նման հորդորով հանդես գա։ Վստահաբար մանդատը վայր կդնեն մոլի քոչարյանականները, մարդիկ, ում համար Քոչարյանը կիսաստված է, նրա խոսքերն էլ՝ Աստվածաշնչյան պատգամներ։ Քոչարյանի հորդորով մանդատները վայր կդնեն Ագնեսա Խամոյանը, Անդրանիկ Թեւանյանը, Սեյրան Օհանյանը, Աղվան Վարդանյանը, ով Նիկոլ Փաշինյանին 2018թ․ դեմ քվեարկեց եւ հեռացվեց ՀՅԴ-ից։

Մանդատները վայր դնելու մտադրություն չունեն ՀՅԴ-ականները, որոնք չի բացառվում՝ դեպքերի ծայրահեղ զարգացման դեպքում դուրս գան խմբակցությունից, այս պահին մանդատները վայր դնելու մտադրություն չունեն «Վերածնվող Հայաստան» կուսակցության անդամները, այդ մասին Վահե Հակոբյանը նաեւ հայտարարել է, անկուսակցական մի շարք պատգամավորներ, օրինակ՝ Գեղամ Նազարյանը, ով նեղ շրջանակում հայտարարել է, որ խորհրդարանում ներկայացնում է զոհվածների խոսքը։ Նա, ի դեպ, այն եզակի պատգամավորներից է, ով հավելյալ եկամտի աղբյուր չունի, այս աշխատանքը կեցության աղբյուր է։ Ընդ որում՝ բոլոր նրանք, ովքեր շապիկ պատռելով կպնդեն, թե մանդատը էական չէ, իրենք պատրաստ են այն վայր դնել, թող այդ «լոլոները» պահեն երեխաների համար, պարզապես վայր դնեն մանդատը։

Այսինքն՝ պարզ է, չէ՞, թե Քոչարյանը ինչու չի հրահանգում մանդատները վայր դնել։ Մտավախություն կա, որ այդ հորդորը կմնա օդում։ Իրականում աշունը կարող է թեժ լինել ընդդիմության լյուստրացիայի առումով, կամ մենք կտեսնենք, թե վերջապես մեկ տարի անց այդ մանդատները ինչպես են օգտագործում Փաշինյանին հեռացնելու համար, կամ կտեսնենք, թե ինչպես են այդ մանդատներով երկրորդ պլանի դերասան խաղում իշխանության համար։ Սա էլ ոչ պակաս կարեւոր փորձ է, իշխանության մասով ամեն ինչ բացահայտված է, բայց ընդդիմության մասով հասարակության մի ստվար հատվածը խորը կասկածներ ունի։ Լյուստրացիան պետք է լինի, դաշտը մաքրվի նոր ուժերի համար։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին