Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 09:59 04-07-2022

Ճաղաշարի հետևում՝ ադրբեջանցի զինվորներ, իսկ բարձրում Շուշին է

Ճանապարհը տանում է մեզ. անցակետ, ռուս խաղաղապահներ: Ճանապարհը շարունակում է իր գործն անել. անցակետ, ռուս խաղաղապահներ: Ճանապարհի աշխատանքը մեզ տանելն է ճկվելով, թեքվելով, ոլորվելով. ուր որ է քարափին դեմ կառնի, ձորը կփլվի: Խաղաղապահն էլ իր աշխատանքն է կատարում, ստուգում է փաստաթղթերը, բեռնախցիկը, հպանցիկ հայացք է նետում մեքենայից ներս, իսկ վերջում բարձրացնում է ուղեփակոց սյունը: Այդպես մի 7-8 տեղ կանգ է առնում ճանապարհը, վստահություն ներշնչում ու շարունակում իր անդրդվելիությունը՝ գնալը, որովհետև դա է իր առաքելությունը՝ գնալ, թեկուզ դժոխք: Դժոխք ասվածը մի քիչ ծանր է ու մի քիչ էլ թեթև, որովհետև դրախտային վայրերով ես անցնում և տեղ-տեղ այնքան ես թեթև, որ երկնքին ես միանում: Ծանր է, որովհետև դու և ճանապարհը շարունակ պետք է արդարանաք՝ տրվելով ստուգման, հակառակ դեպքում կպատժվեք: Հիմա այդպիսին է Արցախի ճանապարհը, դու չես քո տերը և ճանապարհի տերը:

Ճանապարհը փափուկ ու գթառատ չէ, նրա էությունը չոր ու կարծր լինելն է, և չի խոստացել, որ քեզ լույսերի միջով է տանելու: Առանց հաշվի նստելու քո զգացմունքների հետ, թքած ունենալով, թե ինչ կկատարվի քեզ հետ, քո ներսի աշխարհի հետ՝ ցույց է տալիս դրսի աշխարհում նոր կառուցվող ճանապարհ, որ գալու է ու միանալու իրեն՝ դառնալով ինքը, չեղարկելով իր մասը, մինչ այդ եղածն ու ունեցածը, որ քո մասն է, եղածն ու ունեցածը: Չգիտես՝ ի՞նքն է հրաժարվում քեզնից, թե՞ դու ես հրաժարվում իրենից, բայց հնարավոր է՝ էլ չհանդիպեք իրար հաջորդ անգամ: Իսկ նոր ճանապարհը ադրբեջանցիների կողմից կառուցվողն է հայերի համար: Եվ կառուցող բանվորը, սաղավարտածածկ գլուխը քարշ գցած, այնքան, որ ծնոտը կպել է կրծոսկրին, անհավանական մեծ լոնքերով քայլում է, թափահարվող թևերը բարձրացնում է ուսերից վեր և իջեցնում՝ տանելով թիկունքի խորքը, արագ ու համաչափ կրկնվող, ինչպես լարովի մեծ խաղալիք: Չգիտես պատկեր է մոգական ֆիլմի՞ց, տեսիլք դժոխքի՞ց, թե՞ սատանայական ներկայացում: Սովորաբար փակ աչքերով են մղձավանջ տեսնում, բայց այս դեպքում փակում ես աչքերդ, որ մղձավանջ չտեսնես:

Ճանապարհը քեզ չի խաբում, հավանաբար դու ես խաբվել՝ հանգիստ ու անվրդով բազմելով մեքենայի նստարանին, ճիշտ չգնահատելով ճանապարհի հնարավորությունները, չորությունն ու անգթությունը: Մայթեզրին ուղղահայաց տնկված մետաղե բարձր ճաղաշարի հետևում կիպ կանգնած են ադրբեջանցի երկու զինվոր՝ իրարից մի տասը մետր հեռու, ինքնաձիգն ուսին: Իսկ քեզ այնքան են մոտ, որ մի քիչ երկար լիներ ձեռքդ՝ ճաղերից կանցկացնեիր ու դոշերը կհավաքեիր ափիդ մեջ: Նրանց արանքում, մի քիչ ետ, նստած են էլի երկուսը՝ հավանաբար սպայական ուսադիրներով: Ավելի խորքում դարձյալ զինվորներ են՝ նստած ու քայլող: Իսկ բարձրում Շուշին է: Խաղաղապահները մի քանի մետր վերևում են փաստաթղթերը ստուցել, իսկ այդ հատվածում ձեռքի շարժումով հասկացնում են՝ արագ անցիր:

Ճանապարհը երբեմն սիրտ է ունենում, անգամ խիղճ և քեզ հասցնում է Ստեփանակերտ խաղաղ, հանգիստ: Ծանր վեպի նոր գլուխ, որ նույն աշխարհի մասին պատմում է ուրիշ լեզվով, այլ պատկերներով:

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ
19:06 Մենք լեգիտիմության խնդիր ունենք, քանի Քոչարյանի կլանը չի ունեզրկվել. Փաշինյանը դիմեց իրավապահներին