Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 19:59 01-07-2022

Սատանան մանրուքների մեջ է…

Անկեղծ չենք․ կասեր իմաստուն լոռեցին: Եթե անկեղծ լինեինք, վաղուց պիտի գործող իշխանություններին ճակատային մի քանի հարց ուղղեինք: Նրա ներկայացուցիչներին շիփ-շիտակ պիտի հարցնեինք․ «Դուք ունե՞ք հայաստանաբնակներից շատերի ունեցած նույն այն զգացողությունը, որոնք ամեն օր, ամեն ժամ վախը սրտում՝ սպասում են իրենց հանդեպ կայացրած մահվան դատավճռի ի կատար ածմանը»…

Կամ ասենք տեղեկանայինք՝ նրանք իսկապե՞ս կարծում են, որ իրենց վարած ներկա քաղաքականությամբ՝ սերունդներին ապահով ու երաշխավորված ապագա ունեցող երկիր են ժառանգելու»: Կամ էլ լսեինք նրանց ուղղվելիք՝ «Կարո՞ղ եք լինել կենարար լիցք, դրական ավյուն փոխանցող՝ «Կեցցե՛ այն Հայաստանը, որը վաղն է գալու» կարգախոսի կյանքի կոչման երաշխավորը» հարցի անկեղծ պատասխանը:

Ու եթե գործող իշխանությունն արժանապատվություն ունենար ու իր մեջ բավականաչափ ուժ գտներ դրանց պատասխանելու համար, ապա ստեղծված իրավիճակից համատեղ ջանքերով դուրս գալու ելքեր փնտրելու ակնկալիքով էլ պիտի որ իր իսկ ժողովրդի հետ անկեղծ զրույցի բռնվեր: Այ այդ ժամանակ էլ ամեն ինչ մի մարդու վրա չէր գցվի, ու այդ մարդն էլ «մթության քողի տակ»՝ իրերի ու իրադարձությունների ընթացքից միանգամայն անտեղյակների անունից մոսկվաներում նվաստացուցիչ փաստաթղթեր չէր ստորագրի ու պոստֆակտում էլ դրանք՝ որպես արդեն կայացած փաստ սեփական ժողովրդին չէր հրամցնի:

Այդժամ միայն բոլորը կդառնային հավասարաչափ պատասխանատու՝ ընդհանուրի կայացրած լավ կամ վատ, ցավագին կամ հանդուրժելի որոշումների համար:

Թե չէ արդեն տևական ժամանակ է, ինչ Հայաստան կոչվող օրգանիզմը գտնվում է անեսթեզիայի մեջ: Տևական ժամանակ է, ինչ «ճակատագրի» կամոք «ծաղկափոշու մեջ թաթախված գունավոր բզեզներին մանուշակը ճոճք է թվում, աշխարհն էլ՝ ծիրանագույն բուրաստան»... Արդեն երկար ժամանակ է, ինչ մեր երկրում աջ ձեռքը չգիտի, թե ինչ է անում ձախը: Վիճակը, որում հայտնվել ենք ազգովի, ինձ շատ է հիշեցնում մայրաքաղաքում գործող համար ութ երթուղայինի «կենսագրության» էժան ժամանակահատվածը, երբ երթևեկության գինն արժեր ընդամենը 50 դրամ…

Այդքան արժեր, քանի որ միկրոավտոբուսը, որում հայտնվում էր գործի շտապող ժողովուրդը՝ դժվար էր տրանսպորտային միջոց կոչելը: Բոլորը գիտեին, բոլորն էին տեղյակ, որ մի ոտքը գերեզմանում փոխադրամիջոցը կարող է ուզած պահի հոգին ավանդել, բառի ամենաուղղակի իմաստով՝ քարուքանդ լինել: Իմանալով հանդերձ՝ մեկ է, նստում էին: Նստում էին մահապարտները ՝ հույսները դրած Աստծո ողորմածությանը: Հիմա նույնպիսին է նաև հայաստանաբնակներիս վիճակը: Դեռ ոչինչ, որ շարքային քաղաքացիները չգիտեն, թե ինչ է սպասվում իրենց, որտեղ են լինելու վաղը, բայց որ այդ մասին տեղյակ չեն նաև «նավավարն» ու նավի անձնակազմի մյուս անդամները, այ դա իսկական աղետ է:

Հայաստանը վերածվել է շագրենու կաշվի, որի «առաձգականության» հաշվին էլ նրա «ավագ եղբայր» ու «ռազմավարական գործընկեր» Ռուսաստանն իրականացնում է իր համար խիստ նպաստավոր, փոխշահավետություն ապահովող գործարքները: Ոչ ի շահ մեզ, իհարկե: Ավաղ, այդպիսին է չարաչար պարտվածի, կոտրված ողնաշար ունեցողի դաժան ճակատագիրը, այդպիսին է աղքատի պատիվը: «Մեծ եղբոր» գիտությամբ էլ գյուղ առ գյուղ, հետո էլ երևի՝ փողոց առ փողոց կհանձնվի նրա ռազմավարական նոր դաշնակցին՝ տարածաշրջանում ռուսական ներկայության դիմաց խոստացվածի ստացման ակնկալիք ունեցող Ադրբեջանին…

Հետևաբար, ամենևին էլ պետք չէ բացառել՝ «10 հազարն էլ նրանց լիուլի բոլ է»-ի կրկնության հավանականությունը: Չկասկածեք, այդ ժամանակ նույնպես փաստը «հիմնավորող» փաստարկների քչություն գործող իշխանությունը չի ունենա: Հայաստանում «սատանայի» փաստաբանների դեֆիցիտ ոչ եղել է, ոչ էլ կլինի…

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
15:48 Այսօր կրկին զոհ ունենք բանակում
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
15:01 Կեցցե այն թալանը, որ վաղն է գալու. Գարիկ Սարգսյանի պատմությունը
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ