Ուղիղ եթեր
Միտք Ներքին 4 տարի առաջ - 17:57 30-06-2022

Եկել են եզրակացության, որ այդքանից հետո հայերին ամենաշատը արոտներ են պետք

Նախօրեին հորդառատ տեղումների պատճառով Թերեք գետը դուրս է եկել ափերից և ողողել վրաց-ռուսական սահման տանող ճանապարհը։ Միջազգային Մցխեթա-Ստեփանծմինդա-Լարս ավտոճանապարհի 136-րդ կիլոմետրի 80 մետրանոց հատվածը վնասվել է։ Վրաստանի ավտոճանապարհների դեպարտամենտի պատասխանատուները հայտնել են, որ Ռուսաստանին կապող ավտոճանապարհի չեզոք գոտում վնասված հատվածի վերականգնումը կտևի 7-10 օր։ Դեպքի վայրից ներկայացվեցին կադրեր, որից հասկանալի էր, որ այդ ճանապարհահատվածը կարգի բերելը բավականին լուրջ խնդիր է։

Պարզվեց, որ մի Քերոբյան էլ վրացիներն ունեն, ով ճանապարհի քանդվելուց ժամեր անց՝ նույն հունիսի 27-ի կեսգիշերին, Հայաստանի Քերոբյանին փոխանցել էր, թե Լարսը բաց է։ Ինֆորմացիան տարածելուց քիչ հետո Լարսը փակ էր։ Ու այդ պահից սկսած մինչ հիմա էկոնոմիկայի նախարար Վահան Քերոբյանից խեր-խաբար չկա։ Եթե հարկ ես համարում ճանապարհը դեռ չբացված ավետելու, որ այն բաց է (հասկանալի է, որ որգևորող է), ապա պետք է նույն սկզբունքայնությամբ փակվելու մասին ևս տեղյակ պահել, թեկուզ միայն նրա համար, որ բարձած մեքենաներն այդ ընթացքում այստեղից չշարժվեին։

Կառավարությունից արդեն քանի օր է՝ արտահանումների, Լարսի ու բոլոր այս խնդիրների հետ կապված՝ ձեն-ծպտուն չկա։ Տրամաբանական է, որ կառավարությունը արտակարգ նիստ կամ նման մի բան պետք է հրավիրեր, իրավիճակը քննարկեր՝ ինչ-որ ելքեր գտնելու, այգետերերին, արտահանողներին ինչ-որ բաներ առաջարկելու առումով։ Ի վերջո, հանրապետությունում մի քանի հազար տոննա ընդհանուր տարողությամբ ժամանակակից սառնարաններ կան, որոնց տերերի հետ կարելի էր բանակցել, վճարի դիմաց դրանք օգտագործել։ Թեկուզև դեռ երեք-չորս օր առաջ կարելի է խորհրդատվություն իրականացնել, Արմավիրի գյուղացիներին առաջարկել ջրումների միջոցով պտղի հասունացումը մի քանի օրով հետ գցել։ Կարող էր բանակցել վերամշակողների հետ, պահածոների արտադրության համար գնումների քանակությունները շեշտակի ավելացնելու համար, դրա դիմաց պետության կողմից սուբիսիդիաներ տրամադրելու պայմանով, համեմատաբար բարձր գներով մթերել մրգային օղիներ պատրաստելու համար։ Ոչ մի նման բան։

Կառավարությունը շատ թափանցիկ է աշխատում իր գյուղացու հետ ու բոլորովին չի էլ թաքցնում, որ պարզապես թքած ունի նրա խնդիրների, հայրենական դաշտերում փչացող տասնյակ հազարավոր տոննաներով բերքի ու Հայաստան չմտած տասնյակ միլիոնավոր դոլարների վրա ( 2017թ․-ին ավելի քան 15 մլն դոլարի ծիրան էր արտահանվել, 2018թ․-ին՝ շուրջ 22 մլն դոլարի, 2019թ․-ին՝ 17-18 մլն դոլարի, 2020թ․-ին՝ ավելի քան 18 մլն, 2021թ․-ին՝ 25-26 մլն), որ ավելի քան 10 հազար ընտանիք ծիրան արտադրողների ապրուտի միջոց էր։ Առանց կառավարության որևէ մասնակցության՝ գյուղացին բահ ու քլունգով բերքը աճեցրել, հասցրել է իրացման, ու այս ընթացքում բազում չարածներից հետո միակ բանը, որ պետք է աներ այս կառավարությունը, օգնելն էր իրացման հարցում, դա էլ չի արել ու դիրք է բռնել, կարծես դա բոլորովին իրեն չի վերաբերում։ Այն աստիճանի, որ տպավորություն է, թե պետական որևէ ինստիտուտ չկա, չի գործում։

«Շրջում» ես պաշտոնական կայքերով՝ կառավարություն, էկոնոմիկայի նախարարություն, Արարատի, Արմավիրի մարզպետարաններ, այս մարզերի խոշորացված համայնքների կայքեր, բացարձակապես ոչ մի բառ ծիրանի բերքահավաքի մասին։ Նախկինում՝ սևերի օրոք, կառավարությունում այս օրերին շուրջօրյա գործող հանձնաժողով էր ստեղծվում, թեժ գծով և բերքահավաքի ու արտահանումների հետ կապված բոլոր հարցերով կապ կար այդ հանձնաժողովի հետ՝ սկսած տեղեկանքների ձևերի տրամադրումից, վերջացրած մաքսակետերում առաջացած խնդիրներով։ Նախարարությունն ամենօրյա հաշվետվություն էր ստանում հավաքված բերքի, տվյալ օրվա արտահանումների, վերամշակողների կողմից մթերումների և այլնի վերաբերյալ ու պարբերաբար հրապարակում։

Քանի որ նախկին պրակտիկան ամբողջովին «արատավոր» էր, հիմա հիմնականապես հրաժարվել են այդ պրակտիկայից։ Բայց շարունակում են աշխատել, արարել՝ հանուն հայրենական գյուղատնտեսության։ Բերքահավաքի առաջին օրերին էկոնոմիկայի նախարար Քերոբյանը գյուղատնտեսության հարցերի առումով այցելել էր Սյունիք (երևի թե իր նախարար աշխատելու ընթացքում առաջին անգամ)՝ ծանոթանալու արոտների կայուն կառավարման գործընթացի արդյունավետությանը, արոտների կայուն կառավարման համար անհրաժեշտ գործիքակազմին։ Այսօր էլ նա Ագրարային համալսարանում էր՝ ծանոթանալու գերմանական GAZ ընկերության կողմից իրականացված արոտների քարտեզագրման աշխատանքներին։

Ինչպես երևում է, գործող իշխանության համար ամենակարևոր խնդիրներից է հանրապետությունում արոտների վիճակը։ Իրենց գործունեության արդյունքում թերևս եկել են այն եզրակացության, որ այս ամենից հետո հայերին առաջնահերթ արոտներ են պետք։

Ամենից շատ դիտված

20:29 ՀՀ ԶՈՒ ԳՇ պետի հրամանով՝ դիրքապահ զինվորը իրեն ամրակցված մարտական զենքը պետք է կրի առանց փամփուշտատուփի
18:13 Ինչպես են տնօրենները դպրոցներում վերահսկելու սանհանգույցները
19:15 Մահացած 27–ամյա զինծառայող Հայկ Մովսիսյանը 2 երեխաների հայր էր, սպասում էին 3–րդ բալիկին. Սպուտնիկ Արմենիա
16:31 Լևոնի կինը փորձում էր երեխային բացատրել, որ հնարավոր է՝ Սպայդեր մենն է եկել․ երեխաները շփոթված էին
12:43 Արմավիրի մարզում մի գյուղ կա, որի նախկին անունն էր Քյոլանլու, իրա ներկա անունն է՝ Գրիբոյեդով
20:45 44-օրյայի մասնակից, 1-ին կարգի հաշմանդամ սպայի մորը տուգանել են անվճար երթևեկության քարտով տրանսպորտում իբրև չվճարելու համար
23:20 Պն նախարարն էլ, ԳՇ պետն էլ պետք է հրաժարական տան. հարցում
21:14 Երևանի կենտրոնում կառուցվող էլիտար շենքում աշխատակիցը 7-րդ հարկից ընկել է վերելակի հորանը. նրան փրկել չի հաջողվել
11:22 Փաշինյանին թվում է, որ իր հերսոտած ելույթներով ինքն իրեն մաքրելու է պատմության առաջ
19:48 ՀՀ-ն երբեք չի անդամակցի քրոնիկ հիվանդություններով տառապող ԵՄ-ին, բայց կփչացնի հարաբերությունները ՌԴ-ի հետ