Ներքին 4 տարի առաջ - 12:53 29-06-2022

ՀՀ խոշոր քաղաքներում օդի աղտոտվածության մակարդակը թույլատրելիից ավելի է

ՀՀ գլխավոր դատախազությունը պետական շահերի պաշտպանության գործառույթի շրջանակում շարունակում է ուսումնասիրությունները նաև պետության ոչ գույքային շահերի պաշտպանության ուղղությամբ:

Այդ շրջանակում ՀՀ գլխավոր դատախազությունում ուսումնասիրվել է նաև ՀՀ տարածքում մթնոլորտային օդի որակի և օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաների պահպանության ոլորտում սահմանված պահանջների պահպանման վիճակը: Այդ նպատակով անհրաժեշտ տվյալներ և փաստաթղթեր են ստացվել «Հիդրոօդերևութաբանության և մոնիթորինգի կենտրոն» ՊՈԱԿ-ից, ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմնից:

Ուսումնասիրությունը փաստել է, որ Երևան քաղաքում և հանրապետության մի շարք խոշոր քաղաքներում՝ Գյումրիում, Վանաձորում, Ալավերդիում, Հրազդանում և Արարատում, արձանագրվել են օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից կամ խտություններից գերազանցումների բազմաթիվ դեպքեր: Մասնավորապես՝ Երևան քաղաքում վերջին 5 տարիների ընթացքում դիտվել է փոշու և ազոտի երկօքսիդի աճման տենդենց: Մայրաքաղաքի մթնոլորտային օդում աղտոտիչների՝ փոշու միջին տարեկան կոնցենտրացիաների (մգ/մ3) փոփոխությունները 2016-2021թթ. կազմել են՝ 0,0953-ից մինչև 0,1720, իսկ ազոտի երկօքսիդինը 0,0165-ից մինչև 0,0284: 2021թ. իրականացված դիտարկումների 29%-ում դիտվել են փոշու, 13%-ում ծծմբի երկօքսիդի, 0,4%-ում ազոտի երկօքսիդի, 1%-ում գետամերձ օզոնի համապատասխան սահմանային թույլատրելի կոնցենտրացիաներից գերազանցումներ:

Որոշ շեղումներով գրեթե նույն պատկերն է նաև Գյումրի, Վանաձոր, Ալավերդի, Հրազդան, Արարատ քաղաքներում:
Աղտոտվածությունը պայմանավորված է արդյունաբերական գործընթացներով, տրանսպորտային միջոցների շահագործմամբ, շինարարական, գյուղատնտեսական որոշ գործոններով, կանաչապատ տարածքների պակասով:

Ուսումնասիրությամբ պարզվել է, որ մթնոլորտային օդի պահպանության բնագավառում իրականացված ստուգումների արդյունքներով 2019-2021թթ. ընթացքում իրավաբանական և ֆիզիկական անձանց նկատմամբ Երևան քաղաքում հարուցվել է թվով 79, Շիրակի մարզում՝ 30, Լոռու մարզում՝ 8, Կոտայքի մարզում՝ 15, Արարատի մարզում՝ 14 վարչական վարույթ:
Այս տվյալները վկայում են, որ չնայած ձեռնարկված միջոցառումներին, օդի աղտոտվածության վիճակը շարունակում է բարձր մնալ:

Հաշվի առնելով հարցի կարևորությունը և դրա անմիջական ազդեցությունը բնակչության առողջության վրա՝ Գլխավոր դատախազությունից հաղորդում է ներկայացվել ՀՀ բնապահպանության և ընդերքի տեսչական մարմին: Առաջարկվել է, որպես լիազոր պետական մարմին, հնարավոր սեղմ ժամկետում քննարկել վերահսկողական և այլ գործառույթներն ավելի հաճախակի իրականացնելու հարցը՝ կիրառելով պատասխանատվության միջոցներ:

Խոսքը, մասնավորապես, կարող է վերաբերել անշարժ և շարժական աղբյուրներից մթնոլորտային օդն աղտոտող նյութերի սահմանային թույլատրելի արտանետումների նորմատիվների խստիվ պահպանման, արտանետումների մաքրման և հսկողության սարքավորումների շահագործման, բնակավայրերում արտադրական, կենցաղային թափոնների և մթնոլորտը փոշիով, վնասակար գազերով ու գարշահոտ նյութերով աղտոտելու աղբյուր հանդիսացող թափոնների պահեստավորման կամ դրանց այրման պահանջների պահպանման, կառուցվող, վերակառուցվող ու քանդվող օբյեկտների շինարարության ընթացքում փոշու արտանետումների համար սահմանված նորմատիվների պահպանման նկատմամբ վերահսկողության ուժեղացմանը:

Ամենից շատ դիտված

16:14 Հունվարից այլընտրանք չենք ունենալու․ EMIS-ի կանոնները խստանալու են․ ինչ է սպասվում ուսուցիչներին
22:47 Տեսնելով ինքնասպանություն գործած ամուսնուն՝ Միլենա Պետրոսյանը դուրս չի եկել մեքենայից
14:14 Մեղրիում ԱԹՍ-ներով երեք ենթադրյալ ադրբեջանցիների են որոնում. պատասխանատու մարմինները լռում են
18:47 Բոլոր հնարավոր միջոցներով հարձակվել են ինձ վրա, բայց ինձ լռեցնել հնարավոր չէ. Էդգար Ղազարյան
19:39 Տավուշի մարզում 51-ամյա վարորդը «ԿամԱԶ»-ով գլխիվայր հայտնվել է ձորակում․ կա վիրավոր
09:00 Սասուն Միքայելյան. հերթական կեղծ ամուսնալուծությո՞ւն, թե՞ «կորցրել են հայտարարագիրը»
09:12 Նիկոլ Փաշինյանի միջնորդությամբ դատարանը արգելանք է դրել իմ բանկային հաշիվների վրա. Էդգար Ղազարյան
14:50 Արարատի մարզում աշակերտը գետնին է գցել ու ոտքերով հարվածել համադասարանցուն. դեպքից հետո երեխայի հայրը հայհոյել է տուժածի մորը
13:30 Հրատապ շինարարական աշխատանքներ՝ Երևանի բոլոր մանկապարտեզներում
12:01 Լուկաշենկո․ հույս ունեմ՝ Հայաստանը ևս 2029 թվականին կստանձնի ԱՊՀ նախագահությունը