2022 թվականի հունվարի 1-ից մինչ օրս ընկած ժամանակահատվածում Հայաստանում ևս մեկ կուսակցություն է գրանցվել, անունը՝ «Բարոյական արժեքներ»։ Այս մասին
Oragir.news-ի հարցմանն ի պատասխան տեղեկացրել են Պետական ռեգիստրից։ Թե ովքեր են կուսակցության ղեկավարները, Պետռեգիստրից չեն հայտնում, ասացին, որ վճարովի տեղեկություն է, սակայն Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակի» էլեկտրոնային տարբերակը՝ armtimes.com-ը դեռևս 2021 թվականի հունվարին է հարցազրույց արել կուսակցության հիմնադիրներից մեկի՝ Արմեն Մելիքսեթյանի հետ։ Վերջինս, պատասխանելով հարցին, թե ինչու է ստեղծվել կուսակցությունը, նշել է․
«Մենք ինքներս հեղափոխության ջատագովներից ենք եղել, այժմ տեսնում ենք, որ մի քանի ճամբարների բաժանված շարժումներ են գնում, եւ մենք նպատակ ունենք մեր տեսակետները, մեր տեսլականը տեղ հասցնելու, քանի որ զգում ենք, որ մեր ձայնը տեղ չի հասնում: Կան ժողովրդական մեծ մասսաներ, որոնք նույն ձեւով են մտածում: Սպասողական վիճակը բոլորիս տանում է դեպի կործանման, էս թավիշը, էս կադրային ոչ ճիշտ քաղաքականությունը, եւ նման հարցեր»,- ասել է Մելիքսեթյանը:
Նա չբացառեց, որ հետ կկանգնեն կուսակցության հիմնադրման որոշումից. «Ճիշտն ասած, տարիուկես է՝ գաղափարը կա կուսակցության ստեղծման, բայց անընդհատ սպասողական վիճակում ենք: Հայտարարությունը տվել ենք, բայց նույնիսկ հիմա սպասողական վիճակում ենք. եթե իշխանության կողմից կտրուկ քայլեր կլինեն, եթե կտեսնենք, որ էն նպատակները, որին մենք ձգտում ենք, որը ժողովուրդն է ուզում, կգնան էդ քայլերին, կտրուկ քայլեր կանեն, միգուցե նույնիսկ չստեղծենք էլ կուսակցություն»։
Հարցին, թե ինչ նկատի ունի կտրուկ քայլեր ասելով, նոր ստեղծվող կուսակցության ներկայացուցիչն ասել է. «Ազատվել էս հներից, ազատվել էս կեղտերից, ազատվել էս թալանչիներից, դատական համակարգը հիմնովին բարեփոխել, առաջխաղացում ապահովել: Սենց, անընդհատ տեղում դոփելով, ներսից սաբոտաժ անելով… պատերազմը դրա վառ ապացույցն էր, որ 30 տարվա նրանց արածները բերեց հասցրեց էս վիճակին, ու հլը մինչեւ էսօր մենք թավիշ ենք խաղում, չգիտեմ՝ ինչի»:
Խոսելով կուսակցության անվան մասին՝ Մելիքսեթյանն ասել է, որ պատգամավորական մանդատ ստացած, սակայն «Իմ քայլը» լքած Աննա Գրիգորյանի պատճառով են նման անուն ընտրել, Աննա Գրիգորյանը այժմ «Հայաստան» խմբակցության պատագամավոր է.
«Երեկ չէ առաջին օրվա էն աղջիկը, որ ցուցակով անցավ պատգամավոր… այ դրա համար ենք էս անունը ընտրել, որ մարդիկ ունենան բարոյական արժեքներ, որ չվերցնեն մանդատը ու նույն րոպեին դուրս գան, որ ունենան մարդկային կերպար, սկզբունքներ, ոչ թե գլխարկը որ կողմ պետք է, էդ կողմ շուռ տան»:
Փաստորեն, «նախկիններից ազատվելու» ու «թավիշին վերջ դնելու» փաշինյանական ջանքերը կուսակցության ներկայացուցիչներին չեն բավարարել, ուստի որոշել են կուսակցությունը գրանցել ու սեփական ուժերով «նախկինների» հախից գալ։